|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ճնշում դիտորդի գործով15:20 Yerevan | 11:20 GMT | Friday 3 JulyՀայաստանի Հելսինկյան ասոցիացիայի անդամ, Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերից մեկում դիտորդական առաքելություն իրականացրած Արշալույս Հակոբյանի գործով լուրջ ճնշում կա: Այս մասին երեկ հայտնեց Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, ով ընտրության օրը` մայիսի 31-ին Արշալույս Հակոբյանի հետ եղել էր ընտրատեղամասում, որտեղ խոչընդոտել էին նրանց դիտորդական առաքելությունը եւ սպառնալիքներով ու հրմշտոցներով դուրս հանել այնտեղից: Քրգործի հետ կապված փաստերը թարմացնելու համար` նշենք, որ արդեն հունիսի 5-ին Արշալույս Հակոբյանի տուն էին եկել մի քանի ոստիկաններ` ծանուցագիր հանձնելու եւ ոստիկանական բաժին տանելու: Բայց քանի որ ծանուցագրում նշված չի եղել, թե ինչ կարգավիճակով է նա հրավիրվում ոստիկանություն` Արշալույսը պահանջել է նշել, ինչը դուր չի եկել ոստիկաններին եւ նրանք բիրտ միջոցներով Հակոբյանին բերման են ենթարկել ոստիկանություն` ձեւակերպելով հոդված` իշխանությանը դիմադրություն ցույց տալու համար, այն էլ` սեփական տանը: Ոստիկանները նույնիսկ հաշվի չէին առել ընտանիքի անդամների, այդ թվում` երեխաների, որոնցից մեկը նորածին է, ներկայությունը: Եվ հիմա իշխանությունները չգիտեն, թե ինչպես դրա տակից դուրս գան: «Հունիսի 30-ին Հակոբյանի փաստաբանին առաջարկել են, որ նա Արշալույս Հակոբյանին համոզի` մեղքն ընդունել եւ արագացված դատաքննություն անել, որպեսզի դատարանի դահլիճից բաց թողնեն: Հակոբյանը եւ պաշտպանը հրաժարվել են: Եվ դա խոսում է այն մասին, որ լուրջ ճնշում է գործադրվում դրսից` իշխանությունների վրա: Հիմա չգիտեն` ինչ անեն: Շատ լուրջ մարդիկ են դիմում իշխանությանը` սկսած Համարբերգից, ով հանդիպել էր իշխանության ներկայացուցիչների հետ, նաեւ Աղվան Հովսեփյանի հետ: Շատ հետեւողական են նաեւ ամերիկյան դեսպանատնից», - տեղեկացրեց Միքայել Դանիելյանը: Զրուցակցիս փոխանցմամբ` երեկ Հակոբյանի պաշտպանը ստացել է դատարան ուղարկվելիք քրեական գործի նյութերը, եւ գործի վրա գրված է, «կնիք» է դրված, «ընտրություններ», չնայած նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 316 հոդվածով` իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար: Մինչդեռ «էդ հայտարարությունը, որը տարածել էր դատախազությունը Արշալույս Հակոբյանի վերաբերյալ, իմ անունն էլ կար, բայց ինձ չեն հարցաքննել որպես վկա: Ես իր հետ միասին եմ եղել: Այս գործով քննիչները մեզ հետ շատ բարեհամբույր են: Մեկ-մեկ կասկածում եմ` Հայաստանում ե՞մ, թե՞ չէ», - ասում է զարմացած Դանիելյանը: Իսկ թե ինչ ելք կունենա գործը` նա դժվարացավ ասել, քանի որ իշխանությունները մեկ-մեկ էնպիսի բաներ են անում, որ «մարդ փշաքաղվում ա»: Իմիջիայլոց, նրա վրա չի տարածվի համաներումը, քանի որ «հանցագործությունը» կատարվել է հունիսի 5-ին, իսկ իշխանությունը որոշել էր համաներել` մինչեւ 2009-ի հունիսի 1-ը կատարված մեղքերը` ներառյալ ընտրակեղծարարների, բայց ոչ նրանց խոչընդոտողների: Է. Մ. Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |