|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ՆԱՏՕ-ի ԽՎ-ն դաշինքին անդամակցելու ծրագիր է առաջարկել Վրաստանին15:40 Yerevan | 11:40 GMT | Friday 21 November Վալենսիայում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 54-րդ ընդլայնված նիստում հատուկ հռչակագիր է ընդունվել` ռուս-վրացական հակամարտության վերաբերյալ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: Հռչակագրում ասվում է, որ «ռուսական ռազմական համակազմը դեռեւս մինչ հակամարտության մեկնարկը գերազանցել էր Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում խաղաղապահ ուժերի թույլատրելի քանակը, ինչն էլ պայմանավորեց լարվածության աճը հակամարտության երկու տարածաշրջաններում»: ՆԱՏՕ-ի ԽՎ-ն նշում է նաեւ, որ «օգոստոսին հաճախակի դարձած հարձակումները վրացական գյուղերի վրա սադրանքի պատճառ հանդիսացան, որին, ցավոք, Վրաստանը պատասխանեց ռազմական ուժով»: Վեհաժողովը շեշտել է, որ Հարավային Օսեթիան եւ Աբխազիան Վրաստանի բաղադրիչ մասերն են, եւ այդ փաստը ՌԴ-ն ճանաչել է 2008թ. ապրիլի 15-ի բանաձեւում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: ՆԱՏՕ-ի ԽՎ-ն անհրաժեշտ է համարում հակամարտության անկախ քննությունը: Հռչակագիրը հակամարտության լուծման միակ ուղին համարում է քաղաքական երկխոսությունը եւ բանակցությունները եւ կոչ է անում ՆԱՏՕ-ի անդամ երկրների կառավարություններին ու խորհրդարաններին` աջակցել միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը Հարավային Օսեթիայում ու Աբխազիայում եւ աջակցել էներգակիրների տարանցմանը Վրաստանի տարածքով՝ ռուսական էներգետիկ ռեսուրսներից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու նպատակով: Վեհաժողովը կոչ է արել Դաշինքի անդամ երկրներին` Դաշինքին անդամակցելու ծրագիր առաջարկել Վրաստանին եւ օգնել նրան վերականգնել պատերազմի ժամանակ տուժած ենթակառուցվածքները, սատարել ժնեւյան բանակցություններին՝ Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի հակամարտությունների կարգավորման փոխընդունելի լուծումներ գտնելու համար, պահպանել կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ` Հարավային Կովկասում տեւական կայունության պահպանման համար, հորդորել ՌԴ-ին կատարել հրադադարի համաձայնագրի պահանջները:
ՆԱՏՕ-ն ցանկանում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի երկրները պետք է վերականգնեն Ռուսաստանի հետ հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ ասված է Դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւում: «ՆԱՏՕ-ի վեհաժողովի կողմից ընդունված բանաձեւը Դաշինքի անդամ երկրների կառավարություններին եւ խորհրդարաններին կոչ է անում վերականգնել Ռուսաստանի հետ լայնածավալ համագործակցությունը, հատկապես՝ ռազմական ոլորտում, ինչպես նաեւ այս երկրի հետ բարելավել եւ ընդլայնել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փորձերը», - ասվում է վեհաժողովի մամուլի հաղորդագրության մեջ: Այս մասին տեղեկացրել է «Ռիա նովոստի» գործակալությունը: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |