“Zhamanak” Armenian-American Political Daily

Սեպտեմբերի 12-ը` պայքարի վճռական փուլի սկիզբ

13:59 Yerevan | 9:59 GMT | Saturday 6 September

Հայ Ազգային Կոնգրեսը, հիմնվելով համաժողովրդական աջակցության վրա, իր պայքարի նպատակն է դարձրել Հայաստանում ժողովրդավարական ազատությունների եւ սահամանադրական կարգի վերականգնումը: Կոնգրեսն ազդարարել է, որ սեպտեմբերի 12-ին կսկսվի բռնապետության դեմ ուղղված համաժողովրդական պայքարի վճռական փուլը: Կեղծված ընտրությունների ու այլ ապօրինությունների շնորհիվ ձեւավորված իշխանությունների կեցվածքը վկայում է, որ այն ընդունակ չէ գնալ երկրում խորացող քաղաքական ճգնաժամը ընդդիմության հետ բանակցությունների միջոցով հաղթահարելու որեւէ քայլի: Իշխանությունները նաեւ բացարձակ ցինիկ կեցվածք են ընդունել միջազգային կառույցների, մասնավորապես` Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների նկատմամբ: Նրանք չեն կատարում հավաքների ազատության, մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության անկախ եւ վստահելի մարմնի ստեղծման, ինչպես նաեւ էլեկտրոնային լրատվամիջոցներով խոսքի ազատության ապահովման իրենց պարտավորությունները: Իսկ քաղբանտարկյալների հարցը շարունակում է մնալ ներքաղաքական ճգնաժամի կարգավորման ամենամեծ խոչընդոտը:

Հայաստանում այսօր շարունակում են բանտերում մնալ 75 քաղբանտարկյալ, որոնց կարելի է բաժանել վեց խմբի: Առաջին խումբը` 7 հոգի, որոնց գործերը մինչեւ հիմա, մարտի 1-ից ավելի քան 6 ամիս անց, դեռ չեն մտել դատարան, ինչը հակասում է Եվրոպայի խորհրդի 1620 բանաձեւի 4.7.1 կետին: Երկրորդ խումբը` 8 հոգի, որոնք պայքարել են ընտրական գործընթացի օրինականության համար, բայց շինծու մեղադրանքներով հենց իրենք են դատապարտվել ընտրական գործընթացը խոչընդոտելու եւ նմանատիպ այլ «հանցակազմի» համար: Երրորդ խմբում են այն 15 ակտիվիստները, ովքեր թեեւ ձերբակալվել են հետընտրական զարգացումների պատճառով, սակայն դատապարտվել են դրանց հետ կապ չունեցող կեղծ մեղադրանքներով, ինչպիսիք են` ապօրինի զենք պահելը, հարկերից խուսափելը, պաշտոնական դիրքի չարաշահումը եւ այլն: Չորրորդ խումբը կազմում են 38 քաղբանտարկյալներ, որոնք դատապարտվել են բացառապես ոստիկանական ցուցմունքների հիման վրա, ինչը հակասում է Եվրոպայի խորհրդի 1620 բանաձեւի 4.7.3 կետին: Հինգերորդ խումբը 4 ցուցարարներ են, որոնց դեմ մեղադրանքները, բացի ոստիկանական ցուցմունքներից, հենված են նաեւ բռնության, շանտաժի եւ այլ ապօրինի միջոցներով ձեռք բերված «ապացույցների» վրա: Եվ, վերջապես, վեցերորդ խումբը` 3 հոգի, որոնց քաղբանտարկյալի կարգավիճակը կապված չէ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների գործընթացի հետ:

Կոպտորեն ոտնահարվում են քաղբանտարկյալների իրավունքները: Նրանցից 13 հոգի նվազագույն անհրաժեշտ բժշկական օգնությունից զրկված լինելու պատճառով ծանր առողջական խնդիրներ ունեն, իսկ ոմանց կյանքին արդեն նաեւ վտանգ է սպառնում: Չնայած փաստաբանների անընդհատ միջնորդություններին, իշխանությունները որեւէ միջոց չեն ձեռնարկում բժշկական օգնություն տրամադրելու, նրանց տառապանքները մեղմելու համար: Դրանով իշխանությունները խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որն արգելում է բանտարկյալներին ենթարկել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Քաղբանտարկյալներ, խոշտանգումներ, հավաքների եւ խոսքի ազատության սահմանափակումներ, չընտրված եւ կեղեքիչ կառավարություն, նվաստացուցիչ ներկա, անհեռանկար ապագա` այս ամենը երեւույթներ են, որոնք հայ ժողովուրդը չի հանդուրժի երբեք: Սեպտեմբերի 12-ին մենք դա ցույց կտանք բռնապետությանը եւ ապօրինությանը հակադրված մեր հավաքական կամքով:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.