|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Միջադեպ` Քանաքեռ-Զեյթունում13:33 Yerevan | 9:33 GMT | Saturday 6 SeptemberԵրեկ առավոտյան «Ժողովրդավարական ուղի» կուսակցության գրասենյակը, որտեղ այս օրերին տեղակայված է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի թեկնածու Մանուել Գասպարյանի նախընտրական շտաբը, փորձել են պայթեցնել:
Ջարդել են մուտքի դռան ապակին եւ ներս գցել վառելիքով լի շիշ: Նախընտրական շտաբի պետ Գալուստ Հայրապետյանն ասաց. «Միջադեպը կապում եմ նախընտրական թոհուբոհի հետ: Վերջին շաբաթվա ընթացքում շատ լարված էր իրավիճակը: Մեր հանդիպումներին աշխատել են լարվածություն ստեղծել: Երեք-չորս օր առաջ մեր մի ենթաշտաբ են եկել ինչ-որ մարդիկ, պոկել են պատերին փակցված պաստառները, հետո զրույցներ են ունեցել շտաբի անդամների հետ` գայթակղիչ առաջարկություններ են արել: Կոնկրետ որեւէ մեկին չեմ տեսել, որ մեղադրեմ, բայց որ նախընտրական ողջ ընթացքը ցույց է տալիս, որ կան մարդիկ, որոնք շահագրգռված են մեզ խանգարելով` փաստ է: Կարծում եմ` իշխանությունը պետք է ուշադրության կենտրոնում պահի նման երեւույթները: Կոչ կանեի իշխանությանը, որ թույլ տային գոնե մեկ անգամ արդար-թափանցիկ ընտրություն կայանա»: Մանուել Գասպարյանի նախընտրական ենթաշտաբի պետ Դոլարես Դավթյանն էլ ահա թե ինչ պատմեց. «Սեպտեմբերի 3-ին, 16.40-ի կողմերը ինչ-որ մարդիկ են եկել շտաբ, ես այդ պահին չեմ եղել, հարձակվել են, նախընտրական նյութերը հավաքել-ոչնչացրել: Սրանից մի որոշ ժամանակ անց արդեն եկան մեր տուն եւ հարցեր էին տալիս, թե ինչքան գումար են ձեզ տալիս, դուք ինչքան գումար եք բաժանում: Ասացի, որ մեզ մոտ նման բաներ չկան, մենք արդար եւ օրինական պայքարի մեջ ենք մտել: Նրանցից մեկը, թե` ուրիշ տեղերում գիտե՞ք շտաբի պետերին ինչ գումարներ են տալիս: Մարդիկ գալիս են, բա մի բանով չօգնե՞ք: Ես ասացի, որ մենք նման բաներ չենք անում: Խնդրեցին, որ այս խոսակցությունը մնա մեր մեջ` որպես թաղի բնակիչ, թե քեզ ճանաչում ենք, խաթր ենք անում, հարգում ենք, այլապես այդ շտաբը Աստված գիտի ինչի կվերածվեր: ...Մինչ այդ էլ մեր տուն մի քանի անգամ մարդ էին ուղարկել, թե ասա, թող քարոզչություն չանի, դասախոս է, գնա իր աշխատանքին... Ես «Ժառանգություն» կուսակցությունից եմ, ինքս էլ ավագանու թեկնածու: Կարծում եմ` եթե այսպիսի ձեւերով պիտի անցնեն ընտրությունները, ուրեմն ես չեմ հասկանում արդեն այդ ընտրությունների իմաստը: Դոլարես Դավթյանն ասաց, որ իրեն այցելած այդ մարդկանց խնդրանքը հարգելով` ինքը ոչ ոքի չի ասել այդ մասին եւ կարծում է, որ այս միջադեպը իր լռության հետեւանքն էր. «Եթե ես չլռեի, այս դեպքը չէր լինի»: Դեպքի մասին իրազեկվել է իրավապահ մարմիններին, ոստիկանությունից եկել, զննել, գնացել են: Կ.Հ. Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |