“Zhamanak” Armenian-American Political Daily

ԵԽԽՎ բանաձեւերն արհամարհվում են

10:18 Yerevan | 6:18 GMT | Thursday 24 July

Օգոստոսի 1-ին կկայանա Համաժողովրդական Շարժման հանրահավաքը: Հանրահավաքում քննարկվող հարցերի մի մասը կախված է լինում նրանից, թե գործող իշխանությունների կողմից ինչպիսի արձագանք է լինում երկրում քաղաքական ճգնաժամը կարգավորելուն ուղղված նախաձեռնություններին:

ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերը, անդրադառնալով երկխոսության անհրաժեշտությանը, հստակորեն շեշտում են «քաղաքական ուժերի միջեւ» երկխոսության կարեւորությունը` որպես քաղաքական ճգնաժամի հաղթահարման եւ ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխման հիմք: 1620 բանաձեւը ուղղակիորեն նշում է, որ «2008թ. մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ ընդդիմության կողմնակիցների կալանավորումը եւ նրանց նկատմամբ մեղադրական դատավճիռների արձակումը վիճահարույց հանգամանք կլինի, որը կշարունակի լարվածություն առաջացնել ընդդիմության եւ իշխանությունների միջեւ հարաբերություններում եւ կարող է խոչընդոտել Հայաստանում անհրաժեշտ բարեփոխումների շուրջ կառուցողական երկխոսության ծավալումը»: Մինչդեռ հուլիսի 21-ի իր ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նա չի պատրաստվում երկխոսության մեջ մտնել ընդդիմության հետ եւ ոչ էլ պատրաստվում է բավարարել ընդդիմության, իսկ իրականում, ամբողջ հասարակության պահանջը` ազատել քաղբանտարկյալներին: Եթե մինչեւ ԵԽԽՎ-ի հունիսի 25-ի նստաշրջանը որոշ քայլեր արվեցին քաղբանտարկյալների ազատման ուղղությամբ եւ ազատվեցին տասնյակ մարդիկ, ապա նստաշրջանի ավարտից անմիջապես հետո այդ գործընթացն ըստ էության դադարեցվեց (դրանից հետո առ այսօր ազատվել է ընդամենը 3 քաղբանտարկյալ):

Նույնն է վիճակը նաեւ խոսքի եւ տեղեկատվության ազատության բնագավառում Ապրիլի 17-ից մինչեւ հունիսի 25 (այսինքն` ԵԽԽՎ երկու նստաշրջանների միջեւ ընկած ժամանակաշրջանում) հեռուստատեսությունները, որոնք բոլորը գտնվում են երկրի ղեկավարության կողմից ամբողջական վերահսկողության տակ, փորձեցին համեմատական հավասարակշռություն ապահովել եւ նորությունների անաչառության, եւ ընդդիմությանը եթեր տրամադրելու առումով: Սակայն հունիսի 25-ից հետո անմիջապես վերադարձան հին գործելակերպին, մոռացան ընդդիմության գոյության մասին ընդհանրապես, իսկ նորությունները այլեւս ոչնչով չեն տարբերվում երկրի ղեկավարության «հաջողությունները» գովաբանող բրեժնեւյան ոճի պրոպագանդայից: Որեւէ քայլ չի արվել նաեւ «Ա1+»-ի վերաբացման ուղղությամբ:

Վարչախումբը չի կատարում 1620 բանաձեւի այն պահանջը, «որ Հայաստանում գործնականում պետք է երաշխավորվի հավաքների ազատությունը» եւ իշխանությունները պետք է «երաշխավորեն, որ անհարկի սահմանափակումներ չկիրառվեն ընդդիմության կողմից կազմակերպվող հանրահավաքների վրա` հատկապես հանրահավաքների անցկացման վայրերի առումով»: Միակ արձանագրված «առաջընթացն» այն է, որ հունիսի 20-ի եւ հուլիսի 4-ի հանրահավաքները ոստիկանությունը սպառնաց ցրել «հատուկ միջոցների կիրառմամբ», սակայն չիրագործեց այդ սպառնալիքը: Իշխանությունները շարունակում են ավանդական տեղերում հանրահավաքների ապօրինի արգելումը, ինչպես նաեւ այդ օրերին կատարում են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի զանգվածային խախտումներ:

Այսպիսով իշխանություններն իրականում որեւէ նպատակ չունեն վերականգնել ժողովրդավարությունը Հայաստանում, իսկ Եվրոպայի խորհրդի պահանջներին վերաբերվում են արհամարհանքով: Ստեղծված իրավիճակում հայ ժողովրդին այլ բան չի մնում, քան բողոքի եւ ընդվզման հզոր ալիք բարձրացնել իր ոտնահարված իրավունքների վերականգնման նպատակով: Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել օգոստոսի 1-ի հանրահավաքին:

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

23.07.2008

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.