|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ցուցմունքներ են կորզում պատգամավորի դեմ10:18 Yerevan | 6:18 GMT | Thursday 24 JulyՄարդու իրավունքների պաշտպանին վերջին շրջանում դիմումներ են հասցեագրվել, որոնց հեղինակները վստահեցնում են, որ իրավապահ մարմինները ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների միջոցով իրենցից ցուցմունքներ են կորզում մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ: ՄԻՊ գրասենյակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն` պաշտպան Արմեն Հարությունյանը մտահոգություն է հայտնում նշված երեւույթի վերաբերյալ եւ կոչ է անում իրավապահ մարմիններին` իրենց գործունեությունն իրականացնելիս խստագույնս պահպանել օրենքով նախատեսված պահանջները: ՄԻՊ-ը Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանի եւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ուշադրությունը հրավիրում է մասնավորապես մի դիմումի վրա` ստացված քաղաքացի Գագիկ Ավդալյանից: Վերջինս դիմումում հայտնում է, որ ՀՔԾ-ի եւ ոստիկանության աշխատակիցները ֆիզիկական եւ հոգեկան ճնշում գործադրելով իրենից կեղծ ցուցմունքներ են կորզել ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի եւ մի շարք այլ քաղաքացիների դեմ: Ըստ դիմումատուի` ծեծի արդյունքում ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջինս նշել է նաեւ, որ ներկայումս չի բնակվում իր տանը, քանի որ վախենում է հետագա հետապնդումներից: Օմբուդսմենը խնդրում է ՀՔԾ պետին ստուգել դիմումում նշված փաստերի համապատասխանությունը իրականությանը, միջոցներ ձեռնարկել Ավդալյանի անվտանգությունն ապահովելու, նրան հետագա ճնշումներից զերծ պահելու, ինչպես նաեւ մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ նիստին հրավիրված ՀՔԾ` հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանը հայտարարեց, թե Մ.Մալխասյանին մեղսագրվող արարքներն ապացուցող շուրջ 15 վկաների ցուցմունքներ ունեն: Թե հատկապես որ ցուցմունքը որ վկայից ինչ ճանապարհով է կորզվել` կարելի է միայն ենթադրել: Հավանաբար Ավդալյանն այդ 15-ից մեկն է, որի օրինակին, կարծում ենք, կհետեւեն մյուս 14 վկաները նույնպես, եթե իհարկե այդպիսիք գոյություն ունեն: Հ.Մ. Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |