|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Իշխանությունները մոտեցնում են սեփական վախճանը11:28 Yerevan | 7:28 GMT | Saturday 17 May Մայիսի 15-ին կտրուկ վատացել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Արամ Կարապետյանի առողջական վիճակը: Նույն օրը գլխավոր դատախազության շենքի մոտ նրա խափանման միջոցը փոխելու պահանջով հացադուլ են հայտարարել նույն կուսակցության փոխնախագահ Հրաչյա Սարգսյանը ու եւս վեց անձ: Դրան զուգահեռ` նույն պահանջով տեղի է ունեցել նաեւ քաղաքացիների բողոքի ակցիա: Միայն դրանից հետո Ա.Կարապետյանին ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել՝ առանց, սակայն, խափանման միջոց կալանքը փոխելու: Չնայած ծանր առողջական վիճակին եւ այդ մասին բժիշկների հավաստիացումներին, դատախազությունը հրաժարվում է փոխել Արամ Կարապետյանի խափանման միջոցը, թույլ չի տալիս նրա հարազատներին հանդիպել նրան նաեւ հիվանդանոցում: Ուստիեւ հացադուլը եւ բողոքի ակցիան նույն պահանջով շարունակվում են: Երեկ, մայիսի 16-ին, երբ հացադուլավորների համար փորձել են վրան խփել, ոստիկանությունը հարձակվել է հացադուլավորների վրա, ծեծի ենթարկել Հրաչյա Սարգսյանին եւ մյուսներին, ծեծել նաեւ բողոքի ակցիային մասնակցող կանանց, պատռել ու ոչնչացրել վրանը: Բարոյականության բոլոր սահմաններն անցած ու մինչեւ վերջ մանրացած վարչախումբը երեկ նաեւ աշխատանքից հեռացրել է իր մասնագիտական պարտքը կատարած բժշկին, ով եզրակացություն էր տվել Ա.Կարապետյանի առողջական վիճակի մասին: Ավազակապետական վարչախումբը շարունակում է իր շահատակումները նույն ձեռագրով եւ ժողովրդավարության մասին իր խիստ յուրահատուկ ընկալմամբ: Երբ ինչ-որ մարդիկ վրաններ էին խփել ու նստացույց հայտարարել հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մուտքի առջեւ, այն ժամանակ այդ վրանները ու ցուցարարները գիշերուզօր պահպանվում էին մեկ տասնյակից ավելի ոստիկաններով ու ԱԱ ծառայության աշխատակիցներով: Նրանք նույն կերպ պահպանվում էին նաեւ այն ժամանակ, երբ իրենց վրանային ավանը տեղափոխեցին Առաջին նախագահի առանձնատան մուտքի մոտ: Այսինքն՝ երբ նույն ակցիան կազմակերպում են իրենք՝ իշխանությունները, իրենք էլ դա պահպանում են որպես ժողովրդավարության ու մարդու իրավունքների արտահայտություն, իսկ երբ դա անում է ընդդիմությունը, եթե անգամ խնդիրը մարդկային կյանքի է վերաբերում, իշխանություններն այն ավազակաբար ճզմում են: Կոչ ենք անում չընկճվել եւ շարունակել պայքարը հանուն ազատության եւ ժողովրդավարության հաստատման: Հանցավոր վարչախմբի գործողությունները ու վարքագիծն ընդհանրապես ակնհայտորեն վկայում են, որ այն վերջնականապես կորցրել է իրականության զգացողությունը եւ իր յուրաքանչյուր քայլով մոտեցնում է սեփական վախճանը: ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ 16.05.08 Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |