|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Բոլորն էլ պատասխան են տալու օրենքի առջեւ12:25 Yerevan | 8:25 GMT | Thursday 15 May Հայաստանում իշխող ապօրինի ու հանցավոր վարչախումբն առ այսօր շարունակում է անսեթեւեթ արհամարհել Եվրամիության նախագահության մարտի 4-ի եւ 12-ի որոշումները, ԵԽԽՎ՝ ապրիլի 17-ի 1609 բանաձեւով իր վրա դրված պարտավորությունները, միջազգային այլ կառույցների եւ Արեւմտյան երկրների կառավարությունների հորդորները: Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների սպանդին հաջորդած շուրջ երկուսուկես ամսվա ընթացքում տասնյակ հազարավոր մարդկանց դեմ իրականացված լայնածավալ պետական տեռորը չընկճեց Համաժողովրդական Շարժումը: Ապարդյուն անցան նաեւ Շարժման 150-ից ավելի առանցքային գործիչների՝ կուսակցությունների ղեկավարների ու ակտիվիստների քաղաքական դրդապատճառներով բանտարկությունները. նրանց փոխարինեցին նորերը: Ապրիլի 24-ի 200 հազարանոց երթը` Շարժման կարգախոսներով, դրա վառ ապացույցն էր: Համաժողովրդական Շարժման մայիսի 2-ին կայացած 2-րդ կոնգրեսը ու դրանում ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ուղենիշները հստակ ցուցադրեցին, որ ժողովրդավարության եւ ազատության համար պայքարող ուժերի կարողունակությունը եւ վճռականությունը ոչ միայն չեն պակասել, այլեւ բազմապատկվել են: Այս փաստից անակնկալի եկած վարչախումբը, կոնգրեսից անմիջապես հետո, սկսել է ձերբակալությունների, առեւանգումների, ահաբեկումների նոր մի ալիք: Կոնգրեսին հաջորդած օրերին միայն Շարժման կենտրոնի ունեցած տվյալներով (որ միշտ կազմում է իրականի հազիվ 30%-ը, քանի որ շատերը վախենում են իրենց հետ կատարվածի մասին հայտնել) ապօրինի, փաստորեն առեւանգմամբ, իրավապահ մարմիններ են տարվել 200-ից ավելի քաղաքացիներ: Նրանք մարտի 1-ի եւ այլ հանրահավաքների մասնակիցներ են, քաղբանտարկյալների հարազատներ, նրանց ընկերական շրջապատի կամ բիզնեսում աշխատող մարդիկ: Նրանց զրկել են փաստաբանական օգնությունից, ենթարկել ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների, թույլ չեն տվել իրենց ձերբակալման մասին տեղեկացնել հարազատներին: Բոլորից փորձել են ահաբեկումներով կեղծ ցուցմունքներ կորզել քաղբանտարկյալների դեմ, ում մեղադրական թղթապանակներն առ այսօր դատարկ են: Սրանով հերթական անգամ ապացուցվում է, որ դե յուրե Ս.Սարգսյանի, իսկ դե ֆակտո Ռ.Քոչարյանի կողմից ղեկավարվող իշխանությունը շարունակում է առաջնորդվել ոչ թե քաղաքական կամ այլ մի տրամաբանությամբ, այլ գործում է ժողովրդավարության ու օրինականության դաշտից դուրս: Շարժումն անվանապես հետեւում է իրավապահ մարմինների՝ ապօրինություններ իրականացնող պաշտոնյաներին եւ աշխատակիցներին: Նրանք, ով էլ լինեն՝ դատախազ, դատավոր, քննիչ, ոստիկան՝ բոլորը պատասխան են տալու օրենքի առջեւ: Վարչախմբի պարագլուխները կա՛մ սխալ են հասկացել ԵԽԽՎ բանաձեւի երկամսյա ժամկետի իմաստը՝ դա համարելով իրենց տրված ամենաթողության շրջան կա՛մ իրականում կորցնելու շատ ավելի բան ունեն, քան իշխանությունն է, եւ ահաբեկված են օրինականության եւ տարրական ազատությունների տրամադրման հետեւանքներից: Ռեժիմի ինքնապահպանման ջղաձգումները որեւէ արդյունք չեն տալու: Հայ ժողովուրդը հասնելու է ազատության եւ ժողովրդավարության համար իր պայքարի հաղթական եզրագծին: Մեր հաղթանակը կանխորոշված է, պայքարն՝ անկասելի: Ուստիեւ՝ պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ... ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |