“Zhamanak” Armenian-American Political Daily

Ազատությունը թանկ է եվ շատ քաղցր

12:59 Yerevan | 8:59 GMT | Wednesday 14 May

Հյուսիսային պողոտայում շատ ջերմ դիմավորեցին Կարապետ Ռուբինյանին, ապա նաեւ նկարիչների միության անդամ Տիգրան Բաղդասարյանին, ովքեր արդեն մեկ օր է, ինչ քաղբանտարկյալ չեն: Ծափահարեցին, գրկախառնվեցին, ամենասիրելի կարգախոսը վանկարկեցին` «Ազատ, անկախ Հայաստան»...

Մի քիչ զրուցեցի Տիգրանի հետ, հարցրի, թե ինչպիսի՞ն էր նրան երեւում պայքարը այնտեղից` ուր արեւը վանդակված է: Ասաց. «Լավ էի զգում, որ ժողովուրդը պայքարը շարունակում է: Մտածում էի, որ պայքարը չի մարել: Ավելի ոգեւորվում էինք: Պայքարն է ծնում ազատություն, անկախություն, արդարություն: Մի անգամ առաջին նախագահն ասաց, որ երբ դուրս էին եկել բանտից, տեսան` շարժումն իրենցից առաջ է անցել: Հիմա նույնը ես եմ զգում. Շարժումը մեզնից առաջ է անցել»: Նաեւ ավելացրեց, որ ազատությունը թանկ բան է եւ շատ քաղցր... Հետո` որ ավելի շատ սիրեց ժողովրդին: Կանայք, ինչպես միշտ, շատ ակտիվ էին: Մի տիկին հետաքրքիր հարցադրում ուղղեց Հ1-ին. «Երեկ Լեւոն Զուրաբյանին ստուդիա էին հրավիրել: Որ էդ մարդուն թույլ չպիտի տային խոսել, իր տեսակետը հայտնել, շատ հետաքրքիր է` էլ ինչու՞ էին կանչել: Շուտ-շուտ էլ հիշեցնում էին` դուք ստուդիայում եք գտնվում: Բայց էդ մարդը ի՞նչ էր անում, ընդամենը ճշմարտությունն էր ասում»: «Ճիշտ է ասում տիկինը, - շարունակեց մեկ ուրիշը, - եւ ավելացնեմ, որ կանանց ու մայրերի հայոց շարժումը պայքարելու է մինչեւ վերջ: Ընդհուպ գրվելու ենք մահապարտներ: Թույլ չենք տալու, որ էս մատաղ էրեխեքին ոտնատակ տան: Զգուշացնում ենք` եթե ժողովրդի հետ չքայլեցին, լուրջ խնդիրների առաջ կկանգնեն»: Հյուսիսային պողոտայում նաեւ երգում էին. «Դե կռվեք, տղերք, դե կռվեք քաջ-քաջ»... Խաչիկն էր, ով Երուսաղեմում դպիրի աստիճան է ստացել, բայց հանրահավաքներին մասնակցելու պատճառով այլեւս հոգեւոր ծառայության մեջ չէ: Շատ լավ էր երգում` բարձր, ազդեցիկ ձայնով. «Արդյոք ովքեր են...»...

...«Հե~յ...», - շարունակում էր ժողովուրդը:

Մարինա Բաղդագյուլյան

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.