“Zhamanak” Armenian-American Political Daily

Մայիսը` բոլոր քաղբանտարկյալների ազատության ամիս

12:21 Yerevan | 8:21 GMT | Wednesday 7 May

Մայիսի 8-ը Երկրապահի օրն է: Այսինքն՝ երկիր պահող-պաշտպանողի: Դա աշխարհազորայինը չէ, ոչ էլ` կամավորը: Դա պարտավորություն է, որ մարդու վրա դրվում է ոչ թե օրենքով, պարտադրանքով, այլ սեփական խղճի թելադրանքով: Պարտավորություն, որ իր վրա կարող է դնել միայն ԱԶԱՏ ՄԱՐԴԸ՝ բառիս ամենալայն ու բազմակողմանի նշանակությամբ: Մայիսի 8-ը Հայաստանի այն քաղաքացիների օրն է, որոնք 1988-ի համաժողովրդական շարժմամբ եւ անկախ պետականության հաստատմամբ ազատագրված, ազատ մարդ դարձած, սեփական խղճի թելադրանքով գնացին պաշտպանելու Հայաստանի վտանգված սահմանները եւ ազատագրելու Արցախը: Եվ դրանով իսկ՝ գնացին պաշտպանելու իրենց եւ ուրիշների ազատ ապրելու իրավունքն ու երաշխիքը:

Ազատության դեմ բռնաճնշումները թուլացնում են երկրի անվտանգությունը: Հաղթանակել կարող է ազատ ժողովուրդը, ազատ մարդը. չի կարելի երկրում կործանել ազատությունը եւ հաղթանակների մասին խոսել: Ուստիեւ երկրապահը անմնացորդ միացավ հանուն ազատության մղվող համաժողովրդական պայքարին: Իրենց կոչումն իրականացնելու համար նրանցից շատերը ժամանակին զոհվեցին եւ հանգչում են Եռաբլուրում, շատերը հաշմանդամներ են: Իսկ այսօր նրանք՝ Լեռնային Ղարաբաղն ազատագրած, Հայաստանի սահմանները պաշտպանած, իրենց ու ուրիշների ազատության համար պայքարած հերոսները բանտարկյալներ են: Ժամանակին Ադրբեջանը կերազեր նրանց ունենալ իր բանտերում, այսօր նրանք բանտարկյալներ են Հայաստանում: Նրանք քաղաքական բանտարկյալներ են: Նրանց հետ միասին քաղաքական բանտարկյալներ կամ հալածյալներ են էությամբ երկրապահ հարյուրավոր ուրիշներ՝ քաղաքական գործիչներ, արժանապատիվ մտավորականներ, սովորական քաղաքացիներ, ովքեր պայքարել են օրինականության, արդարության, իրենց եւ ուրիշների ազատության համար: Բայց նրանք միայնակ չեն, նրանց հետ է Հայաստանի ողջ ժողովուրդը: Ժողովուրդը չի հանդուրժելու, որ իր հերոսները նստեն բանտերում, եւ մայիսը դարձնելու է բոլոր քաղբանտարկյալների ազատության ամիս:

Երկրապահի օրը՝ Մայիսի 8-ին, ժամը 13-ին, մենք որպես հարգանքի տուրք ծաղիկներ կդնենք Եռաբլուրում հանգչող հերոս ազատամարտիկների շիրիմներին՝ ցուցադրելով նաեւ մեր երկրում քաղբանտարկյալներ չհանդուրժելու ժողովրդի վճռականությունը:

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.