“Zhamanak” Armenian-American Political Daily

Համախմբվենք

12:18 Yerevan | 8:18 GMT | Wednesday 7 May

Համաժողովրդական Շարժմանը սատարող Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնը ողջունում է Շարժման երկրորդ կոնգրեսի աշխատանքները եւ նրա կողմից նախանշված առաջիկա առաջադրանքները:

Կենտրոնը հայտարարում է, որ հավատարիմ է մնում իր հիմնադրման եւ հետագա գործունեության հիմնական նպատակին, այն է` օժանդակելու եւ աջակցելու Համաժողովրդական Շարժմանը՝ ի խնդիր ժողովրդավարական կառավարման համակարգի վերականգնման:

Կենտրոնը համակարծիք է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն բնորոշման հետ, որ պառակտման մի կողմում ապօրինաբար իշխանությունը զավթած վարչախումբն է, նրան սատարող փոքրաթիվ կուսակցություններն ու սփյուռքում զանազան շահեր հետապնդող անձինք եւ մյուս կողմում՝ Հայաստանում եւ Սփյուռքում հասարակության մեծամասնության համակրանքն ու աջակցությունը վայելող՝ Համաժողովրդական Շարժումը:

Կենտրոնը իր առաջնահերթ խնդիրներից է համարում քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը, ԱՄՆ եւ եվրոպական երկրների կառավարությունների, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Հայաստանում ժողովրդավարության գործընթացների աջակցմանն ուղղված գործունեության հետեւողական իրականացումը:

Կենտրոնը կոչ է անում մեր հայրենակիցներին համախմբվելու Հայաստանի Համաժողովրդական Շարժմանն աջակցող՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնի շուրջ, սատարելու կենտրոնի կողմից իրականացվող միջոցառումներին՝ ի նպաստ մեր Հայրենիքի ժողովրդավարացմանն ու բարգավաճմանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոն

Լոս Անջելես, 5 մայիսի 2008թ.

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.