“Zhamanak” Armenian-American Political Daily

Ոստիկանություն են տանում նաեւ կանանց

12:34 Yerevan | 8:34 GMT | Thursday 27 March

Երեկ, ժամը 16.30-ի մոտակայքում Հյուսիսային պողոտայից Կենտրոնի ոստիկանություն է տարվել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Երեկ մեզ հետ զրույցում տկն Սարգսյանը պատմեց. «Հյուսիսային պողոտայում զբոսնում էի, հանկարծ տեսա, որ քիչ հեռու ոստիկանները փորձում են զոռով մեքենա նստեցնել մի կնոջ: Մոտեցա, փորձեցի համոզել, որ բաց թողնեն, իրենց առջեւ կին է վերջապես: Ի պատասխան իմ հորդորի` ոստիկանները որոշեցին ինձ եւ եւս մոտ 35 կանանց ու մոտ 15 տղամարդու տանել Կենտրոնի ոստիկանություն, ընդ որում` առանց բացատրություն տալու»: Մոտ մեկուկես ժամ Կենտրոնի ոստիկանությունում պահելուց հետո Լ.Սարգսյանին տեղափոխել են Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն, ուր նրան մոտ մեկուկես ժամ տեւած հարցաքննությունից հետո բաց են թողել: Տկն Սարգսյանը ասաց նաեւ. «Ոստիկաններն ինձ չէին ճանաչում, իսկ երբ իմացան, անակնկալի եկան, նույնիսկ նրանցից մի քանիսն ասացին` ձեզ թվում է մեզ դու՞ր է գալիս այն, ինչ որ անում ենք, ստիպված ենք: Պետք չէ բոլոր ոստիկաններին նույն կերպ վերաբերվել, նրանց մեջ կան պարկեշտ ու լավ մարդիկ: Համենայնդեպս Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետ Վարդան Գրիգորյանն ինձ վրա այդ տպավորությունը թողեց, ինձ հետ շատ հարգալից էր»:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.