|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Բրյուս Թասկեր. «Տուժել է Հայաստանը»11:43 Yerevan | 7:43 GMT | Saturday 26 July 2008Մարինե Խառատյան Թե ինչպես կարող են պոտենցիալ ներդրողին Հայաստանի ամենաբարձր մակարդակներում «ֆռռացնել» ու վերջում հանել խաղից` թերեւս կարող է ցուց տալ «Արմենիա շուգր քորփորեյշնի» պատմությունը: Դեռեւս 2000-2001թթ. «Արմենիա շուգր քորփորեյշն» հայ-ամերիկյան կազմակերպությունը զբաղվել է Հայաստանում շաքարի արտադրության վերականգնման ուսումնասիրությամբ եւ ծրագիր է ներկայացրել ՀՀ կառավարությանը, որը հավանության է արժանացել: ՀՀ նախագահի ապարատի հանձնարարականով՝ 2002թ. հունվարին տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը համապատասխան հանձաժողով է ստեղծում` ուսումնասիրելու ծրագիրը: Ընկերության ներկայացրած ծրագրով Հայաստանում շաքարի ճակնդեղի վերամշակմամբ զբաղվելու էր «Սուդեյկո ինթերնեյշնլ» անգլիական ընկերությունը, որը շաքար է արտադրում աշխարհի տարբեր երկրներում: 90 մլն դոլարանոց ծրագրի 22 մլն դոլարը ներդնելու էր «Սուդեյկոն», որոշակի մաս լինելու էր ռուսական ներդրում, ներգրավվելու էին նաեւ այլ գումարներ: «Արմենիա շուգր քորփորեյշնի» ուսումնասիրությունները պարզում են, որ ճակնդեղի վերամշակման գործարանի համար ամենահարմար տեղը Շիրակի մարզի Ախուրյան գյուղն է: Ներդրողին ամենաբարձր մակարդակով հավաստում են, որ գործարքը կայանալու է: Նույնիսկ Ախուրյանի համայնքի ղեկավարը տարածք է հատկացնում գործարան կառուցելու համար: Ավելին՝ «Արմենիա շուգր քորփորեյշնի» ներկայացրած ծրագիրը ներառվում է հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի ծրագրերի շրջանակում: 18.03.2003թ. ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Կասյանովին հղած նամակում Ռ.Քոչարյանն ասում է. «Հաշվի առնելով տվյալ նախագծի կարեւորությունը Հայաստանի հյուսիսային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման համար` մենք պատրաստ ենք ցուցաբերել ամենայն օժանդակություն եւ աջակցություն այս ծրագրի իրագործմանը»: Այնուհետեւ 04.10.2003թ. Ս.Սարգսյանը` որպես ռուս-հայկական տնտեսական հանձնաժողովի համանախագահ, նամակ է գրում ռուսական կողմի համանախագահ, ՌԴ արդյունաբերության նախարար Իլյա Կլեբանովին՝ ներկայացնելով «Արմենիա շուգր քորփորեյշնի» վերաբերյալ տեղեկությունները, եւ աջակցություն խնդրում տվյալ տեղեկությունը համապատասխան կառույցներին փոխանցելու հարցում: Դրանից հետո այն ժամանակվա գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը 07.10.2003թ. նամակ է հղում ՌԴ գյուղատնտեսության նախարար Ա.Գորդեեւին հետեւյալ բովանդակությամբ. «Հարգելի Ալեքսեյ Վասիլեւիչ, տեղեկացնում եմ, որ «Արմենիա շուգր քոմփանի» ընկերության ծրագիրը գտնվում է վերջնական պատրաստվածության փուլում»: Այ, հենց այստեղ էլ ՀՀ ղեկավարության միտքը փոխվում է՝ «պայծառանում է» կարելի է ասել: Որոշ տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որոշում են, որ ճակնդեղի վերամշակմամբ Հայաստանում ամենալավը կզբաղվի Սամվել Ալեքսանյանը` շաքարի ներկրման մոնոպոլիստը, որի անունը հասարակության շրջանում աղերսվում է Ս.Սարգսյանի ու Ռ.Քոչարյանի տնտեսական շահերի հետ: Գործարքի վերջնական փուլում, «Արմենիա շուգր քորփորեյշնի» տնօրեն Բրյուս Թասկերի խոսքերով` առեւտրի եւ արդյունաբերության նախկին փոխնախարար, ներկա ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը այդքան պայմանավորվածություններից ու աշխատանքից հետո մի օր իր երեսին շպրտում է. «Սուդեյկոն» ի՞նչ ընկերություն է որ, «Սոնի՞» եք, «Միթսուբիշի՞» եք, որ ձեզ հետ գործարք անենք»: Այսպիսով՝ ներդրողի բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում ու այդպես էլ չեն թույլատրում «Արմենիա շուգր քորփորեյշն» ընկերությանը ճակնդեղի մշակման գործարան կառուցել Հայաստանում: «Արմենիա շուգր քորփորեյշն» ընկերության տերերն էլ որոշում են այլեւս չվճարել անվանման մեջ առկա «Արմենիա» բառի համար նախատեսված տուրքը. ընկերությունը յուրաքանչյուր տարի պետք է 600 հազար դրամ տուրք մուծեր` «Armenia» բառի համար: «Երկու տարի վճարեցինք, հետո տեսանք, որ հենց Հայաստանն ինքը չի թույլատրում շաքարի գործարան կառուցել, որոշեցինք չվճարել: Բացի դա` ընկերությունը այլեւս ֆինանսավորում չէր ստանում», - պատմեց Թասկերը: Օրերս Երեւանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել հայցադիմում, ըստ որի՝ Բրյուս Թասկերը` որպես «Արմենիա շուգր քորփորեյշն» ընկերության տնօրեն ՀՀ պետբյուջե պետք է մուծի մոտ 20 մլն դրամ (65 հազար դոլար)` «Արմենիա» բառը ընկերության անվանման մեջ օգտագործելու համար: Խնդիրն այն է, որ վերոնշյալ ընկերությունը սնանկ է ճանաչվել դեռ անցյալ տարի: Իսկ Բրյուս Թասկերը ընդամենը ընկերության տնօրենն է, ոչ սեփականատերը: Դատարան է դիմել տնտեսական դատարանի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանը, ով պահանջել է, որ Բրյուս Թասկերը վճարի թե պետբյուջեին, թե պետտուրքը, թե իր աշխատավարձը, որը, ըստ նրա, կազմում է 325 հազար դրամ, թե «այլ ծախսերը»` 6 հազար 750 դրամ: Ընդհանուր առմամբ` մոտ 20 մլն դրամ: «Դա իմ պարտքը չէ, նրանք դա արել են իմ` Վաշինգտոն դիմելու համար: Եթե Ս.Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը շատ ուզում են պայքարել կոռուպցիայի դեմ, նրանք պետք իմանան, որ դա շատ թանկ արժե: Նրանք խոսում են, բայց կոռուպցիայի դեմ ոչ ոք չի պայքարում: Նրանք դա անում են իմ դեմ, որովհետեւ ես 200 մլն դոլարի մեքենայություններ եմ գտել: Եթե ուզում են կոռուպցիայի դեմ պայքարել, սա իրական պայքար է կոռուպցիայի դեմ, խնդրեմ, թող միանան», - մեզ հետ զրույցում ասաց Բրյուս Թասկերը: Փաստորեն Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելը որքան էլ մոդայիկ է վերջերս, պայքար է գնում նաեւ կոռուպցիան բացահայտել փորձողների դեմ, եթե, իհարկե, այդ բացահայտումները վերաբերում են ոչ թե ինչ-որ միջին օղակի չինովնիկի, այլ ամենավերեւներին: «Արմենիա շուգր քորփորեյշն» ընկերության տնօրենը` որպես փորձագետ զբաղվել է նաեւ Համաշխարհային բանկի կողմից 2000-2005թթ. ՀՀ-ին տրամադրած վարկերի ուսումնասիրությամբ: Government Accountability Project (GAP) վաշինգտոնյան մարդու իրավունքների եւ խոսքի ազատության կազմակերպությունը ԱՄՆ կառավարությանը հաշվետու նախագիծ է եւ արդեն տեւական ժամանակ զբաղվում է Համաշխարհային բանկի կողմից 2000-2005թթ. Հայաստանին տրամադրված վարկերի մսխման եւ մեքենայությունների ուսումասիրման հարցով: ԱՄՆ կառավարությանը հաշվետու կազմակերպությունն իր ուսումնասիրությունը կատարել է հենվելով Բրյուս Թասկերի բացահայտումների վրա, որը վերջինս կատարել է, երբ ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի հրավերով 2003-2004թթ. ներգրավվել է ՀՀ ԱԺ օտարերկրյա դրամաշնորհների, մարդասիրական օգնությունների եւ վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում` որպես գլխավոր փորձագետ: Խոսքը գնում է շուրջ 200 մլն դոլարի մեքենայությունների մասին: Ի դեպ` այդ տարիներին ՀՀ բյուջեն կազմել է շուրջ 400 մլն դոլար: Վահան Հովհաննիսյանը 2004թ. ԱԺ ամբիոնից մեկ անգամ ելույթ է ունեցել այդ մաիսին եւ լռել է: GAP-ը պատրաստվում է Հայաստանին տրամադրված վարկային միջոցների օգտագործման ուսումնասիրության հարցը բարձրացնել ԱՄՆ Կոնգրեսում: GAP-ի միջազգային ծրագրերի տնօրեն դոկտոր Բիաթրիս Էդվարդսը անցյալ տարվա նոյեմբեր ամսին ուսումնասիրության հետքերով եկել է Հայաստան՝ վարկերի օգտագործման արդյունավետության հարցի առթիվ հանդիպելու Հայաստանի ղեկավարության հետ, մասնավորապես վարչապետ Ս.Սարգսյանի եւ վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանի հետ, սակայն, ըստ Թասկերի, Ս.Սարգսյանն անպատասխան է թողել հանդիպման դիմումը, իսկ Վահան Հովհաննիսյանն ասել է, որ ժամանակ չունի: Հիշեցնենք, որ Ս.Սարգսյանը մինչ այդ հրապարակավ առաջարկել էր դիմել իրեն: Մեզ հետ զրույցի վերջում Բրյուս Թասկերը ասաց, որ չնայած նմանօրինակ ճնշումներին` շարունակելու է պայքարը Հայաստանին տրամադրված վարկերի փոշիացման գործը բացահայտելու ուղղությամբ, քանի որ դրանից տուժել է հայ ժողովուրդը, Հայաստանը, որտեղ նա ապրում է արդեն 13 տարի: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |