|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Տեսաերիզը ցույց տվեց ճշմարտությունը11:22 Yerevan | 7:22 GMT | Wednesday 23 July 2008Մարինե Խառատյան Քրեական դատարանում երեկ շարունակվեց մարտի 1-ի գործով Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչների դեմ հարուցված քրգործերից մեկը` Համաժողովրդական Շարժմանը միացած նախկին ոստիկան Քրիստափոր Էլազյանի գործով դատավարությունը: Նա մեղադրվում է քրօրի 225 հոդվածի 2-րդ մասով` մարտի 1-ին Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ոստիկանին ծեծելու մեջ: Ինչպես մարտի 1-ի մյուս դատավարությունների ժամանակ, այստեղ էլ նկատելի էր «պետպատվերի» առկայությունը. անգամ, երբ դատարանում ներկայացվեցին կադրեր, որոնցից երեւում է, որ Էլազյանը չի մասնակցել ոստիկանի ծեծին, ինչպես գրված է մեղադրականում, ավելին` միջամտել է` պաշտպանելով ոստիկանին: Իսկ երբ վկա Արման Վեզիրյանն ասաց, թե Էլազյանը ձեռքերով պահել է ոստիկանին` բացականչելով` հեռու գնացեք, դատավոր Կարինե Ղազարյանի մոտ աներեւակայելի հարց առաջացավ, թե միգուցե ասել է` հեռացեք, որ տարածք բացի, ինքը ազատորեն ծեծի: «Ինձ թվում է` եղած կադրերը բավարար են դատարանին` եզրակացության գալու համար, որ Քրիստափոր Էլազյանին ներկայացված մեղադրանքներն անհիմն են», - մեզ հետ զրույցում ասաց պաշտպան Վարդան Զուռնաչյանը` հավելելով. «Վկայի ցուցմունքներից եւս պարզվեց, որ նա տեսել է, հիշում է Էլազյանին, որ նա օգնություն է ցույց տվել ոստիկանին, պահել է ոստիկանին, որ ծեծի չենթարկեն»: Վկա Արման Վեզիրյանը երեկ դատարանում վկայություն տվեց, որ տեսել է Քրիստ Էլազյանին որպես կռիվը բաժանող կողմ, Էլազյանը բաժանել է, չի թողել, որ կռիվ լինի: Տեսաերիզը պարզեց նաեւ ամենակարեւոր հանգամանքը, ինչի հիմքով հնարավոր է պատասխանատվության կանչվի Էլազյանի դեմ ցուցմունք տված ոստիկան Մարատ Մանուկյանը. տեսաերիզում ծեծվող ոստիկանը ճաղատ է, իսկ Մարատ Մանուկյանը գոնե այս պահին` ոչ: Այնպես որ` Էլազյանը կարող է դատի տալ Մարատ Մանուկյանին` իր դեմ ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար: Ավելին` անհայտ են Մյասնիկյանի արձանի մոտ վանաձորցի ոստիկանի գտնվելու հիմքերը: Դատարանը մերժել է պաշտպան Վարդան Զուռնաչյանի միջնորդությունը` պարզելու, թե ու՞մ հրամանով, ի՞նչ իրավական հիմքով էր նույն Վանաձորի ոստիկանը հասել Մյասնիկյանի արձանը հարող տարածք. նախկին փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը հայտարարել է, որ միայն Երեւանի ոստիկաններն են մասնակցել մարտի 1-ի գործողություններին: «Իրենց ասելով` իրենք հրաման են ստացել գնալ էնտեղ», - ասաց պաշտպանը: Դատարանին, սակայն, չի հետաքրքրել, թե այդ ոստիկաններն ի՞նչ էին անում Մյասնիկյանի արձանին հարող տարածքում, ինչը, պաշտպանի համոզմամբ, անհրաժեշտ էր քրեական գործի օբյեկտիվությունը պարզելու համար: Ի վերջո` միգուցե սեփական նախաձեռնությամբ էին եկել Վանաձորից, միգուցե անձնական թշնամանք ունեին, միգուցե ժողովրդին ծեծողների մեջ են եղել, այնպես որ` կասկածելի է, որ օրինական են եղել այդ ոստիկանների գործողությունները: Հանգամանքը, թե ինչու՞ օրերով խաղաղ ու հանգիստ ցույց անող ժողովուրդը հանկարծ բարկացավ ու ոստիկան ծեծեց` մարտի 1-ի դատավարություններով ընդհանրապես չի քննվում: Քննության առարկա է միայն ոստիկաններին հրելու կամ ծեծելու հանգամանքը` ՀՀ քաղաքացիներին ծեծելու, արյունլվիկ անելու հանգամանքը չի քննվում: Տուժող ոստիկաններն ասել են, թե ժողովուրդն իրենց անհասկանալի պատճառներով է ծեծել: Դատավոր Կարինե Ղազարյանը անպատասխան է թողել նաեւ պաշտպանի միջնորդությունը` «ՎիվաՍելի» անվտանգության աշխատակիցներին որպես վկա դատակոչելու մասին. Էլազյանը, ոստիկանին պաշտպանելուց բացի, նաեւ օգնել է տանել ՎիվաՍելի գրասենյակ եւ անվտանգության աշխատակիցները տեսել են նրան: «Ակնհայտորեն երեւում է, որ էս բոլորը ֆարս է, խամաճիկային թատրոնի ներկայացում: Չեմ պատկերացնում, ավելի պարզ ինչպես պետք էր ապացուցել, երբ տեսաերիզը ցույց տվեց ճշմարտությունը», - մեզ հետ զրույցում ասաց դատական դահլիճից դատավարությանը հետեւող Անահիտ Գրիգորյանը: «Ոչ մեկի նկատմամբ էլ մեղմ վերաբերմունք չկա, դա պարզ երեւում է բոլոր դատերից: Որքան մասնակցել եմ, նման բան չեմ տեսել: Հատկապես ուժեղ է ճնշումը, ավելի խիստ են այն քաղբանտարկյալների նկատմամբ, ովքեր դուխները չեն գցել: Ս.Սարգսյանը շատ սխալ արտահայտություն է արել, որ մեղմ են վերաբերվում, չէ՞ որ շատերը մասնակցում են նույն դատերին», - ասաց դատավարությանը հետեւող քաղաքացի Մարո Վասիլյանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |