|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Միայն Դաշնակցությունը հասկացավ Ս.Սարգսյանին11:21 Yerevan | 7:21 GMT | Wednesday 23 July 2008Արամ Ամատունի Հայ հասարակությունը երեւի թե ըստ արժանվույն չգնահատեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Հայաստան ֆուտբոլ դիտելու հրավերը, որ նրան ուղղեց Ս.Սարգսյանը` թե դիվանագիտական խողովակներով, թե նաեւ «Ուոլ Սթրիթ Ջորնըլ» համաշխարհային հեղինակություն ունեցող ամսագրում հրապարակված հոդվածի միջոցով: Բանն այն է, որ այդ հրավերը իր մեջ ներառում է, ըստ էության, պատմական արդարության վերականգնման հիանալի մշակված ծրագիր, որն իրականանալու դեպքում կարելի է ասել, որ Թուրքիան ոչ միայն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ փոխհատուցում կտա դրա համար: Պարզապես խնդիրն այն է, որ դա տեղի կունենա բոլորովին այլ իրողության անվան տակ, ինչը, սակայն, մեծ հաշվով պետք է որեւէ նշանակություն չունենա, քանի որ կարեւորը պատմական արդարության վերականգնումն է` անկախ, թե ֆորմալ տեսանկյունից ինչպես կկոչվի այդ գործընթացը: Օրինակ` Ռ.Քոչարյանը կկոչեր «քիրվայություն», պարզապես առայժմ խնայեց Ս.Սարգսյանին կամ ուղղակի բառն էր մոռացել` ասելով, որ եթե ինքը լիներ նախագահ, Գյուլին չէր հրավիրի ֆուտբոլ դիտելու: Այստեղ իհարկե հարց է առաջանում, թե արդյո՞ք դա նշանակում է ընդհանրապես որեւէ հրավերի ցանկության բացակայություն, թե՞ պարզապես ֆուտբոլի փոխարեն Ռ.Քոչարյանը կնախընտրեր Գյուլին հրավիրել, ասենք, բասկետբոլ դիտելու կամ սերֆինգ քշելու կամ Ծաղկաձորի ճոպանուղով երթեւեկելու: Սակայն ամեն դեպքում, Քոչարյանի դժգոհությունը նշանակում է, որ նա էլ չի հասկացել Ս.Սարգսյանի մարտավարությունը: Այն թերեւս հասկանալի է եղել միայն Դաշնակցությանը եւ այդ պատճառով է, որ Դաշնակցությունը Ս.Սարգսյանի հայտնի հայտարարությունների կապակցությամբ դեռեւս որեւէ «թթու, կծու կամ դառը խոսք» չի ասել` Ռոզ եւ Կնյազ Չպլախյանների ընտանեկան բարի ավանդույթների օրինակով: Ըստ երեւույթին միայն Դաշնակցությունն է հասկացել, թե ինչ ծուղակի մեջ կարող է ընկնել Աբդուլլահ Գյուլը ֆուտբոլ նայելու համար Երեւան գալով: Մի պահ պատկերացնենք, որ Թուրքիայի նախագահն ընդունում է Հայաստանի նախագահի պաշտոնում աշխատող Ս.Սարգսյանի հրավերը եւ ժամանում է Երեւան. նախագահները միասին գնում են մարզադաշտ` ըստ երեւույթին «Հրազդան», որովհետեւ կարծես թե կա խաղն այնտեղ անցկացնելու մտադրություն: Ճանապարհին նրանք անցնում են Մաշտոցի պողոտայով, եւ Ս.Սարգսյանը խորամանկորեն Գյուլին է ցուցադրում Երեւանի կենտրոնը` «սա Օպերան է, սա «Կակտուս» ռեստորանը, սա Քեյ Էֆ Սին, սա Մարգարյան հիվանդանոցը, սա բուքմեյքերական գրասենյակ է...»: Այդտեղ Ս.Սարգսյանը աչքի պոչով նայում է Գյուլի ռեակցիային: Ռեակցիա չկա, բայց ոչինչ, առջեւում, մինչեւ մարզադաշտ, դեռ կան բուքմեյքերական գրասենյակներ: Անկասկած, չորրորդ կամ հինգերորդ գրասենյակից հետո Գյուլի մոտ հարց է առաջանում, թե ինչու՞ են Երեւանում դրանք այդքան շատ: «Ի՞նչ է մեր կյանքը` խաղ». երեւի թե կպատասխանի Ս.Սարգսյանը, բայց մտքում, իսկ բարձրաձայն երեւի թե կասի, որ բուքմեյքերական գրասենյակները շատ են, որովհետեւ մեծ է դրանց հանդեպ հասարակության վստահությունն ու հավատը, եւ դրանք բավական զգալիորեն նպաստում են բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը եւ նույնիսկ որոշ անձանց հարստացմանը: Իհարկե, թեեւ բարեկամության արահետի վրա կանգնած, բայց դեռեւս մրցակցային իներցիայով, Գյուլն անկասկած ցանկություն կհայտնի մտնել եւ տեսնել մրցակից երկրի բարգավաճման այդ գրասենյակները եւ ուսումնասիրել, թե ի՞նչն է հայկական տնտեսական հրաշքի գաղտնիքը, որ շրջափակման, փակ սահմանների պարագայում արձանագրվում է աննախադեպ երկնիշ աճ: Հենց դա էլ պետք է Ս.Սարգսյանին, որ Գյուլը մի հատ ոտք դնի գոնե մի բուքմեյքերական գրասենյակ: Հայտնվելով գրասենյակում` Ս.Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում անմիջապես խաղադրույք կկատարի Թուրքիայի հավաքականի վրա: Աբդուլլահ Գյուլը, այդ հարաբերությունները չփչացնելու մղումով, ինչպես նաեւ ելնելով էթիկայից, անկասկած, խաղադրույք կկատարի Հայաստանի հավաքականի վրա: Կմնա ամենից բարդ խնդիրը, որ Գյուլը որքան հնարավոր է մեծ խաղադրույք կատարի: Այնքան մեծ, որ հավասարազոր լինի այն փոխհատուցմանը, որ ակնկալում է Ռուսաստանի հայերի միությունը` Ցեղասպանության հարցը Հաագայի դատարան տանելու մտադրություն ունենալով: Սակայն դա էլ լուծելի է: Պետք է պարզապես, որ Ս.Սարգսյանը մեծ խաղադրույք անի Թուրքիայի օգտին: Գյուլը, անկասկած, կանի ամեն ինչ Հայաստանի նախագահից հետ չմնալու համար: Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի գործ է: Խաղի ընթացքում հայ ֆուտբոլիստները հանուն ազգային խնդիրների եւ պատմական արդարության, կհամաձայնեն ավելի քիչ գոլ խփել Թուրքիային, քան Թուրքիան մեզ: Երկրպագուներն էլ կներեն դա, քանի որ կհասկանան, որ լուծվում է ազգային կարեւորագույն խնդիր: Գյուլի կատարած խաղադրույքը կմնա Հայաստանում, իհարկե` մասնավոր բուքմեյքերական գրասենյակում, բայց հետո կարճ ժամանակով իշխանությունը որոշում կկայացնի բուքմեյքերական գրասենյակները ազգայնացնելու մասին, եւ երբ Գյուլի դրած ամբողջ խաղադրույքը հասցնի պետական գանձարան, նորից գրասենյակները կմասնավորեցնի, լրացուցիչ գումարներ շահելով նաեւ մասնավորեցումից: Հասարակությունը, գուցեեւ, թերահավատորեն վերաբերվի նկարագրված սցենարի իրատեսականությանը կամ ընդհանրապես գոյություն ունենալուն: Սակայն դա շատ ավելի լավ է, քանի որ եթե սցենարը հավատ չի ներշնչում, ապա դա նշանակում է, որ Գյուլն էլ դրան լուրջ չի վերաբերվի եւ չի զգուշանա: Ընդհանրապես, լավ եւ լուրջ սցենարները պետք է հենց նման անլուրջ տպավորություն թողնեն, որ ավելորդ խոչընդոտներ չառաջանան: Հասարակությունը հետո շնորհակալություն կհայտնի Ս.Սարգսյանին, ցեղասպանության դիմաց փոխհատուցման խնդիրը նման փայլուն ձեւով լուծելու եւ պատմական արդարությունը վերհաստատելու համար: Շատերը գուցե կհարցնեն, բա ու՞ր մնաց Ցեղասպանության ճանաչումը: Ցեղասպանության ճանաչումը կլինի հետո, երբ Գյուլը վերադառնա Անկարա: Բանն այն է, որ եթե փոխհատուցումն արդեն հայերը «պոկել» են, ապա Թուրքիայի համար իմաստ չունի հրաժարվել ճանաչումից, քանի որ ըստ էության հենց փոխհատուցում չտալու համար էին թուրքերը խուսափում Ցեղասպանության փաստն ընդունելուց: Մնում է միայն ամենաբարդը` Գյուլը ընդունի Ս.Սարգսյանի հրավերը: Դրա համար պետք է, որ Ռ.Քոչարյանը մի հատ էլ հարցազրույց տա եւ կրկնի, որ ինքը ոչ մի դեպքում Գյուլին Հայաստան չէր հրավիրի: Հիմա ամեն ինչ պետք է անել Թուրքիայի նախագահին թասիբի գցելու համար: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |