|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ մաքսիմալիստական եւ ռազմատենչ հայտարարություններից11:18 Yerevan | 7:18 GMT | Wednesday 23 July 2008Էմմա Գաբրիելյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Չկա ԼՂ հակամարտության ռազմական լուծում», - նշել են համանախագահները: ԵԱՀԿ պաշտոնական կայքում ԵԱՀԿ մամուլի ծառայության հրապարակած հայտարարությունում համանախագահները ողջունում են «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ս.Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի կառուցողական ներգրավվածությունը, որը հաջորդել է հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայացած նրանց հանդիպմանն ու հունիսի 27-28-ը համանախագահների տարածաշրջան կատարած այցին»: ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների համար այս կարեւոր փուլում բոլոր կողմերին կոչ է արված զերծ մնալ մաքսիմալիստական արդյունքի հասնելուն ուղղված նախաձեռնություններից` թե հակամարտության գոտում, թե բանակցությունների սեղանի շուրջ եւ թե իրենց հրապարակային հայտարարություններում, եւ խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից, քանի որ «հիմա Մինսկի խումբը եւ նախագահները միասին աշխատում են խաղաղ կարգավորման ուղղությամբ»: Հայտարարության հեղինակները նշում են, որ Սանկտ Պետերբուրգում Ս.Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ են արել խթանել բանակցությունները. «Համանախագահներն անհամբերությամբ սպասում են առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ նոր հանդիպմանը` առաջ տանելու համար խաղաղության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ բանակցությունները», - ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: Այսպիսով, օգոստոսի 1-ին Մոսկվայում ծրագրված է հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ: Այս մասին նախ ադրբեջանական պարբերականին հայտնել էր Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Խազար Իբրահիմը` հավելելով, որ հանդիպման առաջարկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինն է: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը փաստել էր, որ ադրբեջանական կողմը հանդիպմանը մասնակցելու նախնական համաձայնություն է տվել: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, իր հերթին, տեղեկացրել էր, որ հուլիսի 31-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որից հետո ակնկալվում են առանձին հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Երեկ Հայաստանի ԱԳՆ-ն եւս հաստատել է տեղեկությունները` Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի միջեւ օգոստոսի 1-ին կայանալիք հանդիպման վերաբերյալ. այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հետեւյալ մեկնաբանություններով: ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ԱՊԱ-ին հայտնել է, որ միջնորդները նախատեսում են օգոստոսի 1-ին կազմակերպել հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, որի դետալները, սակայն, դեռեւս ճշտված չեն. «ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է ակտիվ աշխատել: Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են հանդիպում անցկացնել, բայց մենք դեռեւս միմյանց հետ չենք ճշգրտել մեր ժամանակացույցները», - ԱՊԱ-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: Նա տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որը ամերիկացի համանախագահը արդյունավետ է գնահատել: Ըստ Բրայզայի` Վաշինգտոնում, այդ թվում պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումների ընթացքում նշվել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է սատարել համանախագահների` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Մադրիդի փաստաթղթի առնչությամբ տարբերությունների նվազեցման ճանապարհին գործադրվող ջանքերին: Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի համոզմամբ` օգոստոսի սկզբին Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ բանակցությունների համար հիմք կծառայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն աշխատանքը, որը երկու երկրների նախագահները հունիսին առաջարկել են Սանկտ Պետերբուրգում: «Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների առաջիկա մոսկովյան բանակցությունները նոր աշխատանքի սկիզբն են նշանավորում, որը երկու երկրների նախագահները առաջարկեցին Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն ընթանալու են մադրիդյան առաջարկությունների հիման վրա», - ասել էր Բ.Ֆասիեն: Օրերս ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նշել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները հուսով են, որ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները բացասաբար չեն անդրադառնա բանակցային գործընթացի վրա: «Նախագահական ընտրություններն Ադրբեջանում չպետք է անդրադառնան ղարաբաղյան գործընթացի վրա, եւ ես հուսով եմ, որ գործընթացը չի դադարի, ամեն դեպքում դա կախված է Ադրբեջանի կառավարությունից», - ասել է նա: Իսկ ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է. «Մոսկվայում տեղի կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ` Էլմար Մամեդյարովի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախարարների համաձայնությունը ստացված է»: Ըստ ռուս դիվանագետի` բանակցությունները կանցնեն հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների հիման վրա: Լուսանկարը՝ Ֆոտոլուրի |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |