|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ալ Պաչինոն` Մոսկվայում11:16 Yerevan | 7:16 GMT | Wednesday 23 July 2008 Ալ Պաչինոն մեկնում է Մոսկվա` կինոպրոդյուսեր Սերգեյ Կոնովի` Դմիտրի Մեդվեդեւի մերձավորի հրավերով: Նա Մոսկվայում կապրի 4 ամիս: Ալ Պաչինոյի եւ Սերգեյ Կոնովի բարեկամությունը հին արմատներ ունի: Ի դեպ, Սերգեյ Կոնովի եւ դերասանուհի Եկատերինա Ռեդնիկովայի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 8-ին: Հարսանիքին հրավիրված է եղել նաեւ Ալ Պաչինոն, սակայն նա իր ուղեւորությունը հետաձգել է: Ալ Պաչինոն Սերգեյ Կոնովի հետ Ռուսաստանում մտադիր է նոր կինոգլուխգործոց նկարահանել: Համաշխարհային հռչակ ունեցող կինոդերասանը 4 ամիսների ընթացքում կապրի Մոսկվայի ամենաթանկ հյուրանոցներից մեկում: Սակայն նրա ծախսերի հարցը բաց է մնում: Տվերսկայա փողոցում գտնվող հյուրանոցի սենյակի գները առասպելական են. Ալ Պաչինոյի համար վարձակալած սենյակի համար օրական կվճարեն 200 հազար ռուբլի... Ֆրանսիայի խոհրդարանը կողմ է սահմանադրական բարեփոխումներին Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում բարեփոխումների օգտին քվեարկել է 538, դեմ` 357 պատգամավոր: Սարկոզին քվեարկության արդյունքները համարել է «Ֆրանսիայի խորհրդարանի հաղթանակը»: Նրա խոսքով` բարեփոխումները կարող են ուժեղացնել Ֆրանսիայի խորհրդարանի դերը` մեծացնելով նախագահի գործունեությունը հսկելու պատգամավորների հնարավորությունը: Քննադատները հաստատում են, որ նոր իրավիճակից օգուտներ կկորզի հենց նախագահը: Արդարադատության նախկին նախարար, այժմ սոցիալիստ սենատոր Ռոբեր Բադինտերը ընդհանրապես այն կարծիքին է, որ բարեփոխումների օգտին քվեարկելը հավասար է Սարկոզիի թագադրությանը: Վերջնահաշվում, նրա կարծիքով, Ֆրանսիային սպասվում է մոնոկրատիան, այսինքն` միանձնյա իշխանությունը: Իսկ ո՞րն է բարեփոխումների էությունը... Փորձագետների կարծիքով` Սարկոզիի բարեփոխումները ամենաարմատականն են` 1958 թվականին Շառլ դը Գոլի օրոք ընդունած Սահմանադրությունից հետո: Օրենքը իրավունք է տալիս խորհրդարանին վետո դնել նախագահի որոշ նշանակումների վրա, կառավարությանը զրկում է խորհրդարանական հանձնաժողովների վրա հսկողություն սահմանելուց, իսկ նախագահին` զանգվածային համաներում շնորհելու իրավունքից: Նոր դրույթի համաձայն` Ֆրանսիայի նախագահը կարող է ելույթ ունենալ խորհրդարանի առջեւ: 1875 թվականից ի վեր Ֆրանսիայի նախագահը ուղղակիորեն իրավունք չուներ դիմելու պատգամավորներին, քանի որ դա հակասում էր իշխանությունների տարանջատման սկզբունքին:
Լուրջ խոսակցություն Հորդանանի թագավոր Աբդալա Երկրորդը մտադիր է համոզել դեմոկրատ սենատոր Օբամային, ով պայքարում է նախագահական աթոռի համար, «ուղղել հանրապետականների սխալները եւ տեսնել Միացյալ Նահանգների արաբական դաշնակցին»: Հորդանանում այդքան էլ գոհ չեն Բուշի «դարաշրջանից»: Այս երկիրը 60 տարիների ընթացքում տարածաշրջանում Վաշինգտոնի ամենանվիրյալ գործընկերն է, իսկ 1994 թվականին խաղաղության պայմանագիր է ստորագրել Իսրայելի հետ` ջանալով ստանալ ավելի շատ քաղաքական եւ տնտեսական դիվիդենտներ: Ամմանը հիասթափված է Իրաքում ամերիկյան քաղաքականության ձախողումից, որի հետեւանքով Բաղդադում իշխանության եկան շիա առաջնորդները, հանգամանք, որը ուժեղացրեց հարեւան Իրանի դիրքերը: Աբդալա Երկրորդի կարծիքով` հարկ է լսել արաբ դաշնակիցների խորհուրդները: Օբամայի հետ քննարկվել են զգայուն հիմնախնդիրներ` «պաղեստինյան դոսյեն» եւ Երուսաղեմի ճակատագիրը. քաղաք, որը սրբազան է երեք կրոնների համար: Աբդալա Երկրորդը կկամենար Օբամայից լսել, որ հավատարիմ է մնում մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման նախկին գծակարգին` Պաղեստինում երկու` հրեական եւ արաբական պետությունների խաղաղ եւ անվտանգ համագոյակցությանը: Ինչ վերաբերում է Երուսաղեմի կարգավիճակի խնդրին, ապա Օբաման իր բոլոր նախկին հայտարարություններում սովորաբար կանգնել է ԱՄՆ-ում ազդեցիկ` հրեական լոբբիի դիրքերում, այսինքն` նա անթույլատրելի է համարել Երուսաղեմի կարգավիճակի վերանայումը, որը 1980-ական թվականներին Իսրայելի Քնեսեթը հայտարարել է Իսրայելի միասնական եւ անբաժանելի մայրաքաղաք: Սակայն վերջին օրերին Օբաման հպանցիկ կարգով նոր նոտաներ է հնչեցրել, թե այս սրբազան քաղաքի կարգավիճակի շուրջ դեռ պետք է համաձայնության գալ: Այս մարտավարությամբ նա զգուշացրել է իսրայելցիներին եւ ուրախացրել արաբներին: Օբաման` սենատորներ Ջեք Ռիդի եւ Չաք Հեյգլի ուղեկցությամբ, երեկ Իրաքից ժամանել է Ամման, իսկ երեկոյան մեկնել Իսրայել եւ Պաղեստին: Պաղեստինում այնքան են ոգեւորվել նրա այցով, որ հատուկ բլիթ են թխել` լոլիկով եւ անանուխով, ինչպիսիք կարելի է գնել Խադիի հացաբուլկեղենի կրպակներում: Սակայն Պաղեստինում, ի տարբերություն Խադիի, առկա է այն մտայնությունը, որ Սպիտակ տունը իր քաղաքականությունը չի փոխի Իսրայելի նկատմամբ` ով էլ գա իշխանության: Ի դեպ, Օբամայի հակառակորդ Ջոն Մակքեյնը իր մերձավորարեւելյան շրջագայության ժամանակ Պաղեստին չի այցելել:
Ցեղասպանության մեղադրանքով Ձերբակալվել է Ռադովան Կարաջիչը` Բոսնիայի սերբերի նախկին ղեկավարը, ում որոնում էին` ռազմական հանցագործության եւ մարդկության դեմ գործած ոճրի մեղադրանքներով: Ավելի քան տասը տարի է` նա թաքնվում է միջազգային արդարադատությունից: Նրան բռնել են Սերբիայի տեղական հատուկ ծառայությունները: 63-ամյա Կարաջիչը կկանգնի Բելգրադի ռազմական հանցագործությունների հարցերով հատուկ դատարանի առջեւ: Ակնկալվում է, որ նա շուտով կհանձնվի Հաագայի միջազգային դատարանին: Բոսնիացի մահմեդականները եւ խորվաթները Կարաջիչին համարում են հրեշ, ով սադրեց 1992-1995թթ. քաղաքացիական պատերազմը, որը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր: Միեւնույն ժամանակ նրա ձերբակալումը կհուզի պահպանողական սերբերին ինչպես Բոսնիայում, այնպես էլ Սերբիայում, քանի որ Կարաջիչին համարում են հերոս: Նրա հասցեին ամենածանր մեղադրանքը Սարաեւոյի 43-օրյա պաշարումն է, որի ընթացքում զոհվել է 10 հազար խաղաղ բնակիչ, ինչպես նաեւ 1995 թվականին Սրեբրենիցայում 8 հազար մահմեդական տղամարդկանց ոչնչացումը: Ռազմական դատարանի գլխավոր մեղադրող Սերժ Բրամերցը հայտարարել է. «Սա կարեւոր օր է զոհերի համար, ոչ ոք օրենքից չի փախչի. վաղ թե ուշ բոլոր փախածները կկանգնեն արդարադատության առաջ»: Պերեսի եւ Աբասի պատմական հանդիպումը Իսրայելը եւ Պաղեստինի ինքնավարությունը հույս ունեն մինչեւ այս տարեվերջ խաղաղության համաձայնագիր ստորագրել` համաձայն 2007 թվականի նոյեմբերին Անապոլիսում անցկացված մերձավորարեւելյան խորհրդաժողովում հնչած հայտարարությունների: Այդ մասին Երուսաղեմում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ հանդիպման վերջնարդյունքում հայտարարել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը: «Մենք պարտադրված ենք համագոյակցել խաղաղ», - ընդգծել է Պաղեստինի նախագահը: Աբասը բարձր է գնահատել Պերեսի կառուցողական դիրքորոշումը` նրան համարելով «խաղաղության մարդ»: Պերեսի գրասենյակը ծանուցել է, որ այս հանդիպումը նախաձեռնել է Իսրայելի նախագահը: Պաղեստինի ղեկավարը հուլիսի 24-ին կհանդիպի Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի հետ: Նյութերը պատրաստեց Գոհար Բարսամյանը |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |