“Zhamanak” Armenian-American Political Daily

«Մենք նրան կոչել ենք` մայրիկ»

11:15 Yerevan | 7:15 GMT | Wednesday 23 July 2008

Մարինա Բաղդագյուլյան

Պատմությունը ապրում է այնքան, որքան հիշում են եւ հիշեցնում:

Ու որքան հիշենք 1915 թվականի ոճիրը` Ցեղասպանությունը, ապրելու է նաեւ նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին է ներկայացվել Ջուսսի Բյորնի «Նրանք ինձ կոչում էին մայրիկ» ֆիլմը` նվիրված իր մեծ մայրիկի` Բոդիլ Բյորնի հիշատակին: Ջուսսի Բյորնը մինչեւ 15 տարեկանն ապրել է տատի հետ. «Նա ինձ համար միայն տատ չէր. մայր էր, քույր, մեծ հեղինակություն»... Ու ողջ գիտակցական կյանքում Ջուսսիին հետաքրքրել է` ի՞նչ կա հայերի մեջ. տատն իր ամբողջ կյանքը նրանց է նվիրել: Ի վերջո` ինքն էլ` կիսով չափ, հայ է:

Ֆիլմը վավերացումն է Ջուսսի Բյորնի որոնումների, փաստերի հետքերով Հայաստան բերած ճանապարհների, մի կնոջ անանձնական նվիրումը մի ժողովրդի եւ ամենասարսափելի ոճրագործության եղելության, որ պատահել է այդ ժողովրդի հետ: Նաեւ` ապրումներն ու զգացողությունները մի մարդու, ով 100 տարի հետո գնում է իր համար ամենաթանկ մարդու կյանքի հետքերով եւ գտնում մի կտոր հայրենիք:

Ջուսսի Բյորնը Օսլոյի ազգային արխիվում քրքրում է փաստաթղթերը, գտնում Բոդիլ Կատարինե Բյորնի ճամպրուկները, որտեղ դասավորված են թղթեր, փաստաթղթեր, թղթապանակներ եւ օրագիրը:

...«...Ես ամենասարսափելի դեպքերի ականատեսն եմ եղել... Պատկերացրու` կորցնես հայրենիքդ եւ ամենասիրելի մարդկանց...», - գրել է Բոդիլ Բյորնը:

Նորվեգացի միսիոներուհին ծնվել է 1871թ. հունվարի 27-ին` Նորվեգիայի Կրագերո քաղաքում, անվանի մեծահարուստի ընտանիքում:

1903 թվին հայերի մասին պատմությունները հասան նաեւ բուժքույր Բոդիլի ականջին: 1905-ին «Կին միսիոներներ» կազմակերպության կողմից նա ուղարկվում է Օսմանյան կայսրություն: Սկզբում Արեւելյան Անատոլիայում, հետո` Մուշում մարդասիրական գործունեություն է ծավալում: Կառուցում է որբանոցներ, հիվանդանոցներ, ամբուլատորիաներ: «...Երբեք այդքան հիվանդներ չէի տեսել»: Նրա մոտ գալիս էին ոչ միայն հայեր, այլեւ թուրքեր, քրդեր...

Թոռը` պարոն Բյորնը, հասնում է Մուշ: Խոսում է քրդերի հետ. այնտեղ հիմա նրանք են ապրում: Նրանցից մեկը հիշում է, որ իր պապը պատմել է օտարազգի մի լավ կնոջ մասին, ով բուժել էր իրեն... «Ուրեմն, իմ տատը բուժել է քո պապին», - ժպտում է Բյորնը ու խնդրում օգնել` գտնելու հիվանդանոցը, որբանոցը, լուսանկարներ է ցույց տալիս: Պարզվում է` հիվանդանոցի տեղում հիմա մզկիթ է, իսկ որբանոցի ավերակներն են մնացել:

...«...Առավոտյան մենք լսեցինք, թե ինչպես են հրանոթները թնդում: Մենք պատուհանից տեսանք, թե ինչպես են այրվում հայերի տները, փախչել փորձող հայերը: Տեսանք, թե ինչպես են կրակում կոտրված սրտով մարդկանց վրա... Ես մոտենում էի մահճակալներին` իջեցնելու հիվանդներին, փրկելու նրանց: Ես սողալով էի մոտենում. կարող էի սպանվել, իսկ ես դեռ պետք էի այդ մարդկանց. ես դա գիտակցում էի...»:

Բոդիլ Բյորնին հաջողվում է փրկել 3 ուսուցիչ, 3 աշակերտ:

...«...Ես փորձում էի տեղեկություն իմանալ նրանց մասին, բայց հիմա գիտեմ` մյուսներին տարան սպանելու...»:

... Ջուսսի Բյորնը կարդում է տատի օրագիրը, հիշում Մուշում տեսածն ու` «...Չգիտեմ` ինչն է ստիպում լաց լինել... Գուցե մարդկանց մասին հիշողությունների համար, ովքեր մի ժամանակ ապրել են այստեղ»...

Ջարդերից հետո 20.000 որբեր կային Հայաստանում: Բոդիլը խնամում, մահից փրկում է հարյուրավոր անօթեւան երեխաների, կանանց:

1917 թվականին վերադառնում է Նորվեգիա` գրկին երկու տարեկան տղա: Ասում է, որ որդեգրել է նրան: Նրան չէին հավատում. Կատարինեն չէր էլ փորձում հավատացնել, որ ինքը չէ փոքրիկի մայրը, եւ չէր սիրում, երբ հարցեր էին տալիս, փորձում հասկանալ` ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ: Ծնողները երես են թեքում նրանից. մեծանուն ընտանիքի համար անպատվություն էր աղջկա` անօրինական թոռ «պարգեւելը»: Բոդիլ Կատարինե Բյորնը տղային անվանակոչում է մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անունով: Ֆրիտյոֆ-Ռաֆայելը նրա միակ զավակն էր. Կատարինեն այդպես էլ չի ամուսնանում:

Շուտով նորվեգուհին նորից մեկնում է Մերձավոր Արեւելք` գաղթական հայերի, սովահար որբերի ետեւից. Լիբանանում, Սիրիայում, Պոլսում որբանոցներ հիմնում: 1922 թվականին Ալեքսանդրապոլում իր հիմնած «Լուսաղբյուր» կոչվող որբանոցում խնամում է 33 որբերի:

... Թոռը` պարոն Բյորնը, Գյումրիում է: Ասում են` մի պապիկ կա, ով որբանոցում է մեծացել: Բյորնը խնդրում է շտապել ծերունու մոտ. ախր ասացին, որ նա 94 տարեկան է, ամեն վայրկյանը ճակատագրական կարող է լինել: Բախում են Լյուդվիգ պապի դուռը, բացում է` ձեռքին` մի մեծ դանակ. արդեն ծերունի է, բայց դեռ չի մարել ինքնապաշտպանական սուր բնազդը: Ուրախանում է հյուրերով: Պարզվում է` նա ամերիկյան որբանոցում է մեծացել, բայց շատ լավ հիշում է Կատարինե մայրիկին. նա իր որբերին պահում էր այնպես, ինչպես սեփական երեխաներին: Հետո` նրա որբերը սոված չէին լինում: Հիշում է, որ ինքը 13 տարեկան էր ու քանի անգամ է գնացել նրա մոտ, խնդրել, որ իրեն էլ իր որբանոցում պահի: «Վերցրե՞ց», - անհամբեր հարցրեց պարոն Բյորնը, «Չէ~», - ափսոսանքով պատասխանեց ծերունին:

...«...Աստվածաշնչում մի խոսք կա, որ Հայաստանում է սիրելի դարձել: Ասված է` «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրիկներից մեկին այդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք» (Մատթեոս 26.45): Բայց հիմա եթե անգամ Հիսուսն այստեղով անցնի, չեմ կարող նրան հյուրընկալել...»:

Երկրում ծայրահեղ աղքատություն էր: Բոդիլ Կատարինե Բյորնը լուսանկարվել է որբերի հետ եւ ուղարկել նորվեգացի մեծահարուստներին, մի շարք կազմակերպությունների, որպեսզի նրանք օգնեն` խնամելու երեխաներին: Որպես ականատես` լուսանկարել է բազմաթիվ տեսարաններ` դրանց կցելով փոքրիկ վկայություններ, որոնք արժեքավոր փաստեր են Ցեղասպանության:

...Իսկ գյումրեցիները շրջապատել էին Բյորնին եւ խոսում էին բոլորը միասին. անգամ թարգմանիչը ոչինչ չէր հասկանում. «Սա մեր երկրի մշակույթն է, բոլորը խոսում են, եւ հնարավոր չէ թարգմանել»: Բայց ինչ-որ բան կարելի էր հասկանալ. ասում էին` «Դուք մեզ համար սիրելի, շատ սպասված հյուր եք», «Դուք հրաշալի տատիկ ունեք», «Նա մեծ մարդ էր»...

...Բոդիլ Կատարինե Բյորնը փրկում, խնամում էր հայ որբերին, իսկ իր որդուն` 7-ամյա Ֆրիտյոֆին թողել էր Բեյրութի ֆրանսիական դպրոցում:

...«Ֆրիտյոֆ, որդիս, ես հիմա չեմ կարող քեզ այստեղ բերել, թույլ չեն տալիս: Բոլորի նկատմամբ բարի եղիր, մեծահոգի, ու նրանք քեզ կսիրեն: Աղոթիր Աստծուն»...

Արձակուրդներին Ֆրիտյոֆը այցելում էր մայրիկին. նրա` որբերի հետ լուսանկարներն են փաստում:

...«Ներիր մայրիկին, Ֆրիտյոֆ, որ քեզ մենակ եմ թողել, երբ պետք է միշտ քո կողքին լինեի: Ես պետք է խնամեի ավելի քան 30 որբերի»...

1924 թվին ռուսական կառավարությունն արգելեց միսիոներների աշխատանքը. նրա փոքրիկ որբանոցը փակվում է, որբերը ցիրուցան են լինում:

Բոդիլը հայերի ետեւից մեկնեց Սիրիա: Մինչեւ 1935թ. Բյորնը աշխատում է Սիրիայի գաղթօջախի որբախնամ հաստատություններում:

...Պարոն Բյորնը Սիրիայում է` մի մեծ սարահարթի մոտ, որ հազարավոր հայերի վերջին հանգրվանն է: «Սա զարհուրելի է, միեւնույն ժամանակ` ողբերգական..., - ասում է պարոն Բյորնը, - Մեռյալներին պետք է հարգել` թողնելով հանգստության մեջ»...

Բոդիլ Բյորնը մինչեւ 1935թ. աշխատել է Սիրիայի որբանոցներում: Նրա որբերը երբեք չմոռացան իրենց Կատարինե մայրիկին:

...«Շատ սիրելի մայրիկ, ես չեմ մոռանում այն երկու տարիները, որ Ձեզ մոտ եմ անցկացրել... Ձեր դուստր` Շատոն Փիրուդյան»...

...Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ Հուշահամալիրի Հուշապատի մեջ ամփոփեցին Բոդիլ Բյորնի գերեզմանից բերված հողը, հուշատախտակ տեղադրվեց...

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.