|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Մեր ընկերները քաղբանտարկյալ չպետք է լինեն»12:23 Yerevan | 8:23 GMT | Friday 18 July 2008Մարինե Խառատյան Մարտի 1-ի գործով արդեն ազատության մեջ գտնվող նախկին քաղբանտարկյալները երեկ հավաքվել էին ՀԺԿ գրասենյակում` դեռեւս անազատության մեջ պահվող ընկերներին աջակցելու եւ նրանց ազատությունը հնարավորինս շուտ իրականանալի դարձնելու նպատակով: «Ամեն ինչ անելու ենք, որ մեր ընկերները ազատության մեջ լինեն, որովհետեւ երբ գնում ենք Եռաբլուր` մեր զոհված ընկերների մոտ, ասում ենք` կներեք, որ մենք ողջ ենք մնացել, իսկ հիմա բանտերում գտնվող մեր ընկերներին ենք ասում` տղերք, կներեք, որ մենք ազատության մեջ ենք, դուք` ոչ: Ամեն ինչ պետք է անենք, որ նրանք էլ ազատության մեջ լինեն», - մեզ հետ զրույցում ասաց արդարացման դատավճռով կալանավայրից ազատ արձակված Ավետիք Ներսիսյանը: Մեկ այլ նախկին քաղբանտարկյալ` Խաչիկ Գասպարյանն էլ հավելեց. «Մենք պայքարել ենք ու պայքարելու ենք, մենք ազատամարտիկներ ենք եւ որ թշնամու գնդակից չենք վախեցել, ոչ մի ճնշումներից չենք վախենալու, շարունակելու ենք պայքարը մեր ընկերներին ազատության մեջ տեսնելու համար: Արդար է մեր գործը, ու դատապարտելի է այն, որ ազատամարտիկներին պահում են անազատության մեջ»: Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանին հարցրինք, թե ինչպե՞ս է պատկերացնում իր դերակատարությունը քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի գործունեության շրջանակում: «Ինչպես մնացած բոլոր նորմալ հայ մարդկանց դերակատարությունը. այսինքն` վիրավորվել, արժանապատվություն ունենալ, պայքարել այդ արժանապատվության համար եւ պայքարել պետականության համար», - ի պատասխան ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը` շարունակելով. «Ես գտնում եմ, որ մեր պետականությունը իրապես վտանգված է եւ մեզանից յուրաքանչյուրի խնդիրը պետք է լինի պետականության համար, մեր երեխաների ապագայի համար պայքարելը: Մեր երկրում վտանգվել են մարդու իրավունքները, արժանապատվությունը եւ պետությունը. այս երեքի համար յուրաքանչյուր բանական հայ մարդ պիտի այսօր պայքարի»: Նախկին քաղբանտարկյալ, ՀՀՇ ներկայացուցիչ Երջանիկ Աբգարյանի համար իր ներդրումը կոմիտեի աշխատանքում շատ պարզ է. «Շարունակելու ենք ակտիվ քաղաքական պայքարը, որովհետեւ մեր գործն իսկապես արդար է, եւ մենք անպայման հաղթելու ենք: Զիջելու, նահանջելու տեղ չունենք: Մեր քաղաքացիական պարտքն է` մեր ժողովրդին ազատել ավազակապետական ռեժիմից: Եթե մենք այս երկրի քաղաքացի ենք, պարտավոր ենք այդ գործունեությունը շարունակել` երկիրն ազատել բանդայից»: Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն երեկվա նիստում որոշեց շարունակել համակարգված պայքարը քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով եւ սոցիալական օգնություն տրամադրել սոցիալապես անապահով վիճակում հայտնված քաղբանտարկյալների ընտանիքներին: Մարդիկ, ովքեր ամիսներ առաջ իրար երեւի չէին ճանաչում, այսօր մոտեցել, բռունցք են դարձել: «Շարունակելու ենք քաղաքական ճնշումը քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Մեր` հասարակության վճռականությունից է կախված, թե որքան բանտարկված կմնան քաղբանտարկյալները: Օգոստոսի 1-ի հանրահավաքում եթե մենք կարողանանք ցույց տալ հասարակության վճռականությունը, ապա քաղբանտարկյալները շատ շուտ ազատ կարձակվեն», - տեսակետ հայտնեց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով` իրենք ամեն ինչ պետք է անեն ապօրինաբար մեկուսարաններում գտնվողներին մեկ րոպե շուտ ազատ արձակելու համար: Քաղբանտարկյալների ընտանիքներին սոցիալական օգնություն տրամադրելու համար կոմիտեն կօգտագործի ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի արդեն իսկ այդ առթիվ բացած հաշվեհամարը, որը վերջինս փոխանցել է կոմիտեի տնօրինությանը: Նախկին քաղբանտարկյալները երեկ հայտարարությամբ պահանջեցին Սերժ Սարգսյանի հրաժարականը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |