“Zhamanak” Armenian-American Political Daily

Ինչո՞վ է զբաղվելու Քոչարյանը Վազգեն Սարգսյան 26/1 հասցեի 6-րդ հարկում

12:14 Yerevan | 8:14 GMT | Friday 18 July 2008

Հեղինե Մանուկյան

Մինչ ՀՀ-ում եւ հանրապետությունից դուրս, բոլոր այն վայրերում, ուր հասցրել է հասնել Քոչարյանի տխուր հռչակը` ստորագրահավաք է իրականացվում վերջինիս` որպես ոճրագործի Հաագայի քրեական դատարանին հանձնելու համար, ՀՀ կառավարությունը, հղում անելով «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածին, ըստ որի ՀՀ կառավարությունը ՀՀ պաշտոնաթող նախագահին` վերջինիս ցանկությամբ ապահովում է կահավորված գրասենյակով, հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ՀՀ ֆինանսների նախարարի եւ Երեւանի քաղաքապետի հետ համատեղ «միջոցներ ձեռնարկել Ռ.Քոչարյանին Երեւան քաղաքում անհատույց օգտագործման իրավունքով գրասենյակով ապահովելու ուղղությամբ»:

Նկատի ունենալով Քոչարյանի գրասենյակի ներկայացուցիչների կողմից ներկայացված առաջարկությունները՝ կառավարությանն այդ նպատակով առաջարկվել է «Էրեբունի-Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից 10 տարի ժամկետով վարձակալել Երեւանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 374.1 քառ.մ. վերանորոգված տարածքը եւ 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Քոչարյանին: Ըստ «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի հետ ձեռք բերված համաձայնության՝ վարձակալության տարեկան վճարը կկազմի 2 միլիոն դրամ (1 ք.մ. ամսական վարձավճարը՝ 445 դրամ), որի մեջ ներառված են նաեւ ավտոկայանատեղերի, կոմունալ հարմարությունների եւ կոմունիկացիաների (հոսանք, ջուր, գազ, հեռախոս, ինտերնետ եւ այլն) վճարները: Այդ գրասենյակային տարածքը կահավորելու նպատակով անհրաժեշտ 17661.4 հազ. դրամը կտրամադրվի 2008թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից:

Փաստորեն, գրասենյակ ունենալու` օրենքով վերապահված ցանկություն հայտնելով, Քոչարյանը փորձում է ցույց տալ, որ այնուամենայնիվ չի պատրաստվում թոշակառուին հատուկ կացութաձեւ որդեգրել, ասենք` ճգնակյացությամբ զբաղվել կամ` լատինո պարերի խմբակ հաճախել, դիցուք` «Չա-չա-չա» պարել սովորել` հընթացս բացահայտելով պարելուն խանգարող ատրիբուտի լինել-չլինելու գլուխկոտրուկը (իրեն բնորոշ կարգին տղամարդու համառությամբ) կամ, ասենք, գնդակի եւ զամբյուղի հետ կապ չունեցող որեւէ խաղի, դիցուք` դոմինոյի պարապմունքների հաճախել: Ոչ մի նման բան. էքս նախագահը որոշել է «օֆիս» բացել: Առայժմ հայտնի չէ, թե այդ «օֆիսն» ինչպիսի՞ առաքելություն պիտի իրականացնի, ի՞նչ ծառայություններ պետք է մատուցի եւ ու՞մ համար, սակայն փաստ է, որ Քոչարյանը դեռ գործելու մտադրություն ունի, ինչպես որ շատ հրաբուխներ` մինչեւ իրենց ժայթքման պահի հասունացումը: Իսկ ժայթքելու առիթներն ու առիթ ստեղծողները, հատկապես Քոչարյանի պես մարդու համար, համաձայնեք, շատ են: Բայց նախ խոսենք դեռեւս չբացված «օֆիսի» վայրի ընտրության մասին: Հետաքրքիր է` ինչու՞ է Քոչարյանն իր գրասենյակի համար տարածք ուզելիս կանգ առել հենց «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի 6-րդ հարկի վրա եւ ոչ, ասենք, իր հպարտության օբյեկտը դարձած, իր իսկ կողմից պահած-շահած-փայփայած Հյուսիսային պողոտայի էլիտարներից հերթականի վրա: Ի վերջո, այդ հասցեում են հաստատվել իրեն սրտամոտ ու հոգեհարազատ շատ մարդիկ, որոնցից մեկն էլ Խոսրով Հարությունյանն է, որի հետ ժամանակ առ ժամանակ կարող էր սուրճ խմել եւ քննարկել մեր երկրի դարդերին դարման անելու հարցում Ս.Սարգսյանի թույլ տված հերթական սխալները կամ հնարավորինս մոտիկից տեսնել այդ պողոտայում կատարվող ընդդիմադիր շարժը, իր արբանյակներին գործուղել այդտեղ` իրեն Հաագայի դատարան ուղարկելու փաստաթղթի տակ ստորագրածների թվի մասին թարմ լուրեր բերելու, անշուշտ` նախօրոք զգուշացնելով նրանց, որ հանկարծ չգայթակղվեն ու իրենք էլ չստորագրեն դրա տակ: Ինչեւէ, Քոչարյանի ճաշակի, հոգու խորքի ու մտադրությունների մասին ենթադրություններ անելը հավասարազոր է ինքնաթիռից առանց պարաշյուտի թռչելուն. երկու դեպքում էլ կեսից փոշմանում ես կանխամտածված ինքնասպանություն գործելու համար:

Հ.Գ. Չի բացառվում, որ բավական մեծածավալ գրասենյակում Քոչարյանը որոշել է ազգանվեր գործունեություն ծավալել եւ չվստահելով մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անաչառությանը, մտքին դրել է անձամբ զբաղվել նշված դեպքերի պատասխանատուներին բացահայտելու գործով: Մանավանդ որ` ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգն առաջարկել է ԱԺ հանձնաժողովից դուրս ստեղծել փաստահավաք առաքելությամբ զբաղվող խումբ: Ով-ով` բայց Քոչարյանը, հատկապես մարտի 1-2-ի հետ կապված, «կիլոներով» եւ «կիլոմետրերով» փաստեր ունի իր ձեռքի տակ: Ու ոչ միայն ձեռքի տակ: Ի դեպ, նորաբաց գրասենյակի հասցեն` Վազգեն Սարգսյան 26/1 կարող է բարենպաստ ազդեցություն թողնել Քոչարյանի հիշողության վրա` հերթական անգամ հիշեցնելով նրան, որ արժե մի հանձնաժողով էլ ստեղծել հոկտեմբերի 27-ի ոճրագործության ուսումնասիրության եւ բացահայտման նպատակով:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.