“Zhamanak” Armenian-American Political Daily

Սա մի՞թե սամիթ է, բա դա բա՞դ ա

12:13 Yerevan | 8:13 GMT | Friday 18 July 2008

Արամ Ամատունի

Սա մի՞թե սամիթ է, բա դա բա՞դ ա
Հանրությանը, ընդ որում` ոչ միայն հայ, հայտնի է «բազեի աչք» արտահայտությունը, որ նշանակում է սուր տեսողություն, քանի որ բազեն մի քանի կիլոմետր բարձրությունից կարող է նկատել գետնի վրա շարժվող մուկն անգամ (բացառապես ապաքաղաքական միտք): Ըստ երեւույթին, շատ շուտով, թեկուզ միայն հայ հանրության համար, շրջանառության մեջ կդրվի նաեւ «բազեի բախտ» արտահայտությունը: Ի՞նչ կնաշանակի դա: Դա կնշանակի հաջողակ երիտասարդություն, որին բախտ է վիճակվում տարին մեկ անգամ պետության հաշվին հանգստանալ Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում, զվարճանալ եւ դրա դիմաց, ըստ էության, ոչինչ չվճարել` ոչ փողով, ոչ էլ որեւէ այլ կերպ:

Հայաստանում հերթական անգամ մեկնարկել է «Բազե» համահայկական երիտասարդական փառատոնը, որի ընթացքում Հայաստանից եւ մոտ ու հեռու սփյուռքից մի քանի հարյուր երիտասարդ` ոմանք իշխանություններին մոտ, ոմանք էլ քաղաքականությունից հետո, մեկ շաբաթ են անցկացնում Ջերմուկում, բաժանվելով երեք ճակատի` կարմիր, կապույտ, ծիրանագույն: Նրանցից ոչինչ չի պահանջվում, զվարճանալուց, մեկ էլ տեսախցիկների առաջ հայրենիքի եւ միմյանց հանդեպ անսահման սեր հայտնելուց բացի: Մնացյալը կանի իշխանությունը: Որեւէ մեկը կգրի Ս.Սարգսյանի ելույթի տեքստը, մեկ ուրիշը կմտածի ելույթի ամբիոնի ձեւավորման մասին, երրորդը լույսը կամ խոսափողները կտեղադրի եւ կստուգի, չորրորդը կտեղադրի տեսախցիկները, հինգերորդը կգրի բոլոր հեռուստաընկերությունների լրատվական թողարկումների ռեպորտաժների սցենարները, վեցերորդը կզբաղվի բոլոր հեռուստաընկերություններով Ս.Սարգսյանի ելույթի «ռասկրուտկայով», եւ ի վերջո` կստացվի, որ պետությունը մի քանի տասնյակ միլիոն դրամ է ծախսում, նախագահի ելույթի բեմադրության համար: Այսինքն` արդյունքում մենք կունենանք «Գինեսի ռեկորդների գրքին» արժանի նյութ` որեւէ երկրի նախագահի ամենթանկարժեք եւ մանրակրկիտ պատրաստված ելույթը:

Հունվարի 15-ի երեկոյան, հայկական հեռուստաընկերությունների բոլոր հեռուստադիտողները, եթե իհարկե այդպիսիք կան, իշխանությունների մամուլի ծառայությունների ղեկավարներից եւ մասնագիտության բերումով հեռուստատեսությունների աշխատանքին հետեւող լրագրողներից բացի, ականտես էին լինում այդ ամենաթանկ ելույթին: Սակայն դրան հետեւողները երբեմն ունկնդրում էին նաեւ այնպիսի հոգեցունց մտքեր, որոնք կարող էին տեղ գտնել նաեւ Աստվածաշնչում, եթե իհարկե Հին Կտակարանը պատմեր ոչ թե հրեա, այլ հայ ժողովրդի պատմությունը: Պարզվում է, որ հայ ժողովուրդը, ըստ Ս.Սարգսյանի ելույթները գրողի, չոր ճյուղ է, որը երբ դնում ես հողի մեջ, ծիլ է տալիս: Սա, իհարկե, նման է ոչ թե բազեականների, այլ պատանի բնասերների խմբակի առաջ ունեցած ելույթի: Բայց պետք չէ շտապել եւ նման եզրակացություններ անել, որովհետեւ ասված մտքի մեջ, իսկապես, խորը իմաստ կա, պարզապես դրա համար ժամանակ է պետք, իսկ հարյուր օրը Ս.Սարգսյանի համար շատ քիչ ժամանակ է այդ իմաստը համայն հայությանը բացատրելու համար: Այնպես որ, հայությունն էլ պետք է երեւի թե Եվրոպայի խորհրդից ավելի կաթոլիկ չգտնվի եւ մինչեւ 2009 թվականի հունվար ժամանակ տա Ս.Սարգսյանին` բացատրելու, թե ինչպե՞ս է չոր ճյուղ հայությունը ծլարձակում հողի մեջ դրվելուց հետո: Արդյո՞ք դա նշանակում է, որ հայերը կարողանում են կենսունակ լինել ոչ թե հողի վրա, այլ հողի մեջ լինելու դեպքում: Բանն այն է, որ վերջին շրջանում Ս.Սարգսյանը ընդհանրապես աչքի է ընկնում բավական օրիգինալ հայտարարություններով, ինչպես օրինակ` պատմական փաստերն ուսումնասիրելու համար հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծմանը կողմ արտահայտվելը: Այսինքն` նկատելի է, որ Ս.Սարգսյանը որոշակի առանձնահատուկ հայացքով է սկսել նայել հայ ժողովրդի պատմությանը, հետեւաբար պետք է որոշակի բացատրություններ տա հասարակ մահկանացուներին, որպեսզի մարդիկ չմտածեն, թե Ս.Սարգսյանը վերջնականապես որոշել է խաղալ հայ ժողովրդի արժանապատվության հետ, մինչեւ այն փչացնելը, ինչպես անում են մանուկները, երբ նրանց ձեռքին է հայտնվում անհասկանալի մի խաղալիք, եւ մեծերը ժամանակին դա չեն վերցնում երեխայի ձեռքից, ու հետո ստիպված են լինում հավաքել խաղալիքի կտորները: Կարծես թե հայ ժողովուրդը հայտնվել է նման խաղալիքի դերում` «մանուկ» նախագահի ձեռքին: Դա պետք է մտահոգի ժողովրդին, այլապես հետո, հնարավոր է, ստիպված լինենք հավաքել մեր պատմության եւ ազգային արժանապատվության կտորտանքները:

Բանն այն է, որ իշխանական քարոզչական տեխնոլոգիաների շրջանակներում փչացնելով եւ կոտրատելով հայ ժողովրդի առանձին սեգմենտներին, կոնկրետ դեպքում երիտասարդությանը, որոնց դարձրել են իշխանական քարոզի ֆոն եւ ֆանագրամա` այդ քարոզների ծափահարությունների համար, հիմա համակարգի «ճարտարապետները» արդեն անցել են ժողովրդին ընդհանրապես` թերեւս համարելով, որ առանձին սեգմենտներին կոտրելով եւ փչացնելով, ավելի հեշտ կլինի կոտրել եւ փչացնել ամբողջ ժողովրդին: Այդ իսկ պատճառով հիմա անցել են ամբողջին: Սակայն դա եւս մեկ անգամ վկայում է, որ իշխանությունը, ինչքան շատ է խոսում հայ ժողովրդի մասին, այդքան շատ է ցույց տալիս, որ ժողովրդի մասին ոչինչ չգիտե: Եթե իմանար, ապա կհասկանար, որ ինչքան կոտրում են առանձին սեգմենտներին, այդքան ամբողջանում է ժողովուրդը, ինքնապաշտպանության բնազդով: Չիմանալը ամոթ չէ իհարկե, ամոթ է իմանալ-չհարցնելը: Եվ եթե գոնե չեն ցանկանում ընդունել այդ փաստը, դատելով համաժողովրդական ներկայիս շարժման ալիքից, ապա գոնե կարող են այդ մասին հարցնել Թուրքիայի իշխանությանը, որը երեւի թե ավելի լավ գիտի հայ ժողովրդի առանձնահատկությունները` իմանալով սեփական պատմությունը: Համ էլ դա առիթ կլինի Թուրքիայի ղեկավարության հետ շփվելու, քանի որ մեկ էլ տեսար ֆուտբոլի հրավերը մերժվեց:

Վերլուծական
Եթե թողնեն բանալին

Եթե թողնեն բանալին

Որ Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում...

Քաղաքական
Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա:

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.