“Zhamanak” Armenian-American Political Daily

Շնորհակալություն

12:05 Yerevan | 8:05 GMT | Friday 18 July 2008

Կարինե Եղիազարյան

Քաղբանտարկյալ Գուրգեն Եղիազարյանի քույր

Մարտի 1-ի սպանդից հետո, երբ ձերբակալվեց եղբայրս` Գուրգեն Եղիազարյանը, կարծես թե աշխարհը շրջվեց ինձ եւ իմ հարազատների համար: Երեւանի փողոցներն ու հրապարակները շրջապատված էին զինվորներով, ոստիկաններով ու զրահամեքենաներով: Ցուրտ մարտյան երեւանյան օրերը կարծես թե տեղափոխվել էին Լոս Անջելես: Ձերբակալել էին ինձ համար ամենաթանկ մի մարդու, որը հորս մահից հետո իր վրա էր վերցրել իր քույրերի ու մորս խնամքը: Մարդ, որ միշտ օգնել էր ինձ, այդ պահին անկարող էի օգնել նրան:

Թվում էր, թե եղբայրս թյուրիմացության զոհ է, ինչպես շատերը, եւ մի քանի օր բանտում պահվելուց հետո ազատ կարձակվի: Ոչ ոք չէր պատկերացնում, որ նա եւ նրա համախոհներից շատերը վրեժխնդրության զոհեր են, եւ իշխանությունը զավթած բռնակալները նրանց պահում են հաշվեհարդարի նպատակով: Հատկապես եղբորս, որ տարիներ շարունակ անհաշտ պայքարով մերկացրել էր քոչարյանական անօրինականությունները: Երեւի մեզանից շատ նա գիտեր, թե ինչի են ընդունակ Քոչարյանն ու նրա խամաճիկ ենթակաները, թեպետ շատ ժամանակ չպահանջվեց, որ այդ գիտակցությունը հաղորդվի ինձ ու այն բազմահազար հայորդիներին, որոնք մինչեւ այսօր էլ շարունակում են բարձրացնել իրենց բողոքի ձայնը: Ես հավատացած եմ, որ այդ ձայնը չի լռելու, եւ մեր ժողովուրդը հասնելու է իր արդար իրավունքին: Թվում էր, թե մարտի 1-ի սպանդից հետո մարդիկ կվախենան դուրս գալ փողոց, քանի որ նախկինում նման փորձերը կասեցվել էին ավազակաբարո իշխանությունների կողմից, եւ ավազակապետությանը հաջողվել էր լռեցնել ժողովրդի ձայնը:

Չեք պատկերացնի, թե ինչպիսի երախտագիտությամբ է լցվում իմ հոգին, երբ տեսնում եմ քաղբանտարկյալների նկարները բռնած բողոքող հազարավոր մարդկանց, որոնք վտանգի ենթարկելով իրենց` պահանջում են լսելի դարձնել արդարության ձայնը: Իմ խորին շնորհակալությունը հայտնելով հայաստանյան, լոսանջելեսյան, ինչպես նաեւ արտերկրի իմ բոլոր քույրերին ու եղբայրներին` իրենց անշահախնդիր եւ ազնիվ արարքի համար, զգում եմ, որ ես, ինչպես նաեւ իմ հարազատները, մենակ չեն, քանի որ իմ թիկունքում տեսնում եմ մի հզոր բանակ, որ պատրաստ է ամեն գնով պայքարելու մինչեւ դժվարին հաղթանակ:

Ափսոս, որ ամենքիդ անուն առ անուն չեմ ճանաչում, բայց ճանաչում եմ մի բան, որ բոլորս էլ հայ ենք, ուզում ենք օգտվել Աստծո կողմից մեզ տրված ազատության իրավունքից, եւ ուզում եմ ավելացնել. թող որ Աստված իր ամենատես աչքով տեսնի այս ամենը, պատժի չարին իր գործած չարության չափով, իսկ երկրի ու ազգի համար բարի գործ կատարողներին պարգեւատրի իր անսահման բարությամբ:

Իմ անկեղծ սերն ու շնորհակալությունը` ձեզ...

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.