“Zhamanak” Armenian-American Political Daily

Կինո նկարեք, կինո: Համարյա` թութուն ցանելու էն անեկդոտի պես...

15:49 Yerevan | 11:49 GMT | Thursday 17 July 2008

...Թե չէ ընկել եք «պեչենու բաղերը»: Մի անգամ ասել եմ` էլի եմ ասում. կինո նկարեք, կինո: Լուրջ եմ ասում...

Ու` ձեզ համար: Որ հետո չասեք...

Խոսքը, որքան էլ կարող է տարօրինակ հնչել` վերջերս «օրախնդիր» դարձած ցեղասպանության մասին է: Դրա ճանաչել-չճանաչելու: Ընդունել-չընդունելու: Կասկածի տակ դնել-չդնելու մասին:

Ի վերջո` գոնե այս խնդրի շուրջ ընդհանուր հայտարարի գալու՞ ենք, թե՞ ոչ: Գոնե այս մեկ խնդրի շուրջ: Անկեղծ ասած` առանձնապես դժվար էլ չէ հստակ որոշելը, թե դա ինչ է մեզ համար: Կարելի է ցանկացած այլ երեւույթի պես քննարկել դրա ընկալման-մատուցման-հետապնդման բոլոր հնարավոր տեսական տարբերակները:

Ցավալի, ահավոր, սահմռկեցուցիչ, բայց անցած-գնացած ողբերգություն: Ի դեպ. թող սրբապիղծ չհնչի, բայց մինչեւ 60-70-ական թվականները դրա մասին շատ քչերը գիտեին, առավել քչերի համար դա իրական ողբերգություն էր, եւ մատների (ձեռքերի միայն) վրա կարելի էր հաշվել այն մարդկանց, ովքեր զբաղվում-հետամուտ-շահախնդիր էին դրանով:

Միջպետական փոխվստահության վերականգնման հարց. կարեւոր է, սակայն ոչ նվազ կարեւոր է այն, որ այդ խնդիրն, ըստ էության, լուծվել է արդեն մեկ-երկու տարի անց ու հայկական ստեղծվող պետականությունը ակտիվորեն համագործակցել է ցեղասպանի հետ: Ավելին` աջակցություններ է խնդրել (եւ ստացել է) ու հավաստիացումներ է տվել (կատարել է): Հետո թե ի՞նչ եղավ` դժվար է ասել:

Փոխհատուցումների հարց. տրամաբանական է: Բայց անձերին փոխհատուցումների խնդիրը լուծվել է իրավաբանորեն, մնացյալը... Անհայտ է` ով-ում-ինչքան-ինչու-երբ-ինչպես-ինչ... Ավելին` եթե առաջին հանրապետությունն, օրինակ, նման հարց չի բարձրացրել, երրորդն, արդյոք, իրավունք ունի՞: Անգամ` վերը նշված ու այդպես էլ պատասխան չունեցող հարցերի առկայության դեպքում:

Ազգային աննախադեպ ողբերգությամբ աշխարհին պարբերաբար իր մասին հիշեցնելու խնդրի լուծում. այլ հնարավորության բացակայության պատճառով: Բացառված չէ, բայցեւ` անհեռանկարային է: Խիստ: Վաղուց արդեն այլ ժամանակներ են: Այլոց համար` անշուշտ: 21-րդ դար:

Մազոխիզմի դրսեւորում, քանի որ դեռեւս անցյալ չեն անգամ էն ժամանակները, երբ մարդիկ վիրավորվում էին, երբ լսում էին, որ 1-1.5 միլիոն հայ է ոչնչացվել: Նրանք պնդում էին 2 միլիոն թիվը:

Բիզնես: Այո, այո. պարզ բիզնես: Հիմնված տարբեր մարդկանց ազգասիրական եւ մարդկային զգացումների վրա: Դրանց շահարկում` խիստ անձնական նպատակներով: Կամ` նեղ-կորպորատիվ:

Ճշմարտության բացահայտման, արդարության վերահաստատման եւ բարոյականության վերականգնման հարց. որը համարում ենք անհրաժեշտ եւ կարեւոր:

Ահա, թերեւս, եւ հնարավոր բոլոր տեսական տարբերակները, որոնցից վերջինն է, թերեւս, ամենախելամիտը:

Իսկ սա լուծման մի ճանապարհ ունի ընդամենը. թուրքական հանրային միտքը լուսավորել, նրանց մատուցել իրենց համար անհերքելի եւ կասկածի ոչ ենթակա փաստեր ու դրանց միջոցով ապահովել ճշմարտության, արդարության, բարոյականության հաղթանակը:

...1918թ. Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո Ահմեդ Իզզեթ փաշայի գլխավորությամբ նոր կաբինետը որոշում է դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ղեկավարներին. «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներին` Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու եւ հայերի տեղահանությունն ու կոտորածը կազմակերպելու համար: 1918թ. դեկտեմբերի 16-ի որոշումով կազմվում են հարցաքննիչ հանձնախմբեր եւ հավաքվում են արեւմտահայության կոտորածների մեղադրական ապացույցներ` ծածկագիր հեռագրեր, պաշտոնական գրություններ, հրահանգներ, հրամաններ, ականատեսների վկայություններ:

1919թ. հունվարի 8-ին Կոստանդնուպոլսում կազմվում են Առաջին, Երկրորդ եւ Երրորդ ռազմական արտակարգ ատյանները: Իսկ մարտի 8-ին սուլթան Մեհմեդ 6-րդ Վահիդեդդինի (1918-1922թթ.) հրամանագրով երիտթուրքական կուսակցական պարագլուխներն ու նախարարները հանձնվում են Կ.Պոլսի ռազմական արտակարգ ատյանի դատին: Երիտթուրքական կառավարության ղեկավարների, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների դատավարությունը սկսվում է 1919թ. ապրիլի 27-ին Կ.Պոլսում:

Դատավճիռը կայացվում է 1919թ. հուլիսի 5-ին: Հեռակա կարգով մեղադրվում են 11, դատավարության ներկա 20 կուսակցական ու պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Ներկա մեղադրյալներն էին Սայիդ Հալիմ փաշան, Խալիլ, Ահմեդ Նեսիմի, Իբրահիմ, Թալաաթ, Ռիզա, Միդհատ Շյուքրի, Զիյա Գյոքալփ, Քեմալ, Ջեւադ, Աթիֆ բեյերը: Հեռակա դատի տրվածներն էին Թալաաթ, Էնվեր, Ջեմալ էֆենդիները, դոկտորներ Նազըմը, Բեհաէդդին Շաքիրը, Ռուզուհին եւ Ազիզը:

Այդ դատավարությանը հաջորդում են «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության շրջանային պաշտոնյաների եւ այլ պաշտոնատար անձանց դատաքննությունները:

Այ, սրա մասին կինո նկարեք ու տարածեք աշխարհով մեկ: Նաեւ` Թուրքիայով: Իրենք են, չէ՞, դատել-դատապարտել-պատժել իրենց: Դրանից ավելի գործուն` ինչ կարող է ազդել հանրային կարծիքի վրա եւ նպաստել արդարության, ճշմարտության, բարոյականության հաղթանակին կամ վերականգնմանը:

Էնպես որ` պեչենու բաղերն ընկնելու փոխարեն` կինո նկարեք, կինո...

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.