|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Պետրոս Մակեյան. «Աստված մեզ հետ է»15:47 Yerevan | 11:47 GMT | Thursday 17 July 2008Աստղիկ Սարգսյան Մեր զրուցակիցն է քաղբանտարկյալ, դատական հերթական ֆարսով անազատության դատապարտված «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը: -Ինչպե՞ս է անազատությունից երեւում ազատությունը: - Եթե հաշվի առնենք իշխող վարչախմբի որակները` մեծ հաշվով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը եւ իրավունքները կոպտորեն ոտնահարված են: Չնայած այն հանգամանքին, որ ֆորմալ առումով փոխվել է նախագահը` իրականում մի ուզուրպատորին փոխարինել է մյուսը, բայց իշխանությունը որակապես, ըստ էության, չի փոխվել: Ավազակապետության կողմից արվեց այն, ինչը նույնիսկ երեւակայել հնարավոր չէր, խոսքը վերաբերում է մարտի 1-ի սպանդին, որպեսզի կարողանային կանգնեցնել ազատության համար պայքարի ելած ժողովրդին: Անմարդկային բռնարարքները հասարակության դեմ ռեժիմի կողմից անդադար շարունակվում է առ այսօր, բայց միեւնույն է` նրանց չի հաջողվի այլեւս կանգնեցնել այն ժողովրդին, որը փետրվարի 19-ից հետո ապրել ու զգացել է ազատության ոգին, Ազատության հրապարակում: - Ձեր նկատմամբ իշխող զույգը միշտ էլ թշնամաբար է տրամադրված եղել, ինչու՞: - Հիմնական պատճառը մեր` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության սկզբունքային ու հետեւողական քաղաքական դիրքորոշումն է` սկսած 1998 թվականից: Եվ պատահական չէ, որ վարչախումբը չի բավարարվում նրանով, որ կուսակցության նախագահին հինգ ամիս է ապօրինի պահում է պատանդի կարգավիճակում, կուսակցության ակտիվիստների մի մասը ստիպված ընդհատակում է, իսկ հիմա արդեն նախաձեռնել են կուսակցության կենտրոնական գրասենյակը զավթելու գործընթացը: Օգտվելով պատեհ առիթից` դիմում եմ վարչապետ Տիգրան Սարգսյանին` ասացեք խնդրեմ, ինչպե՞ս կարող ենք Ձեր խոսքերին` իրավական պետության, արդարության եւ նմանատիպ բարոյախոսական խոստումներին հավատալ, երբ Ձեր անմիջական ենթակայության տակ գտնվող երկու կառույցները` ՀՀ սոցիալական հիմնադրամը եւ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը անօրինական եւ ապօրինաբար նախաձեռնել են ԺՀԿ կենտրոնական գրասենյակի առգրավման գործընթացը: Թշնամաբար տրամադրվելու հաջորդ պատճառը` մարդկային տեսակի տարբերությունն է, եւ ըստ իս` հիմա Հայաստանում այդ տեսակների պայքարն է ընթանում, մի կողմում հայտնվել է ժողովուրդը` իր տեսակով, մյուս կողմում` իշխող կլանը, նրան սպասարկող կրիմինալ ճանապարհով հարստացած օլիգարխները` իրենց սափրագլուխների ոհմակով ու իշխանության համակարգում աշխատող մարդկանց չնչին տոկոսը, այդ տեսակը բնութագրվում է որպես ազգի տականք: - Ի՞նչ չհասցրեցիք անել մինչեւ ձերբակալվելը: - Դժվար է կոնկրետ ինչ-որ բան ներկայացնել, քանի որ, ըստ իս, մենք բոլորս անում էինք հնարավորը, որպեսզի Համաժողովրդական Շարժումը խաղաղ եւ օրինական ճանապարհով Հայաստանում վերականգներ ժողովրդի իշխանությունը: Այն իրականություն կդառնար, եթե խունտան խաղաղ ցուցարարների դեմ չհաներ բանակը, ոստիկանական ուժերը, օլիգարխների սափրագլուխներին, ղարաբաղյան ենիչերիներին ու մարտի 1-ի սպանդը չիրականացներ եւ այնուհետեւ հատուկ դրություն չհայտարարեր: - Ի՞նչ անելիք եք տեսնում այժմ առաջին հերթին: - Հասարակությունը` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ պետք է շարունակի ամենօրյա պայքարը` նպատակ ունենալով հնարավորինս սեղմ ժամկետում վարչախմբին պարտադրել երկխոսության` արտահերթ նախագահական ընտրությունների ժամկետների հստակեցման հարցում: - Ի՞նչ չարվեց, որ պետք է արվեր եւ ի՞նչ արվեց, որ պետք չէր արվեր: - Ըստ իս, ամեն ինչ, մեծ հաշվով, ճիշտ էր արվում եւ շարունակվում է արվել, միայն մի հարցում ունեմ որոշակի վերապահումներ, որ միգուցե Արթուրիկ Բաղդասարյանի հարցում հարաբերությունների հստակեցումը կատարվեր ընտրություններից 7-10 օր առաջ, որպեսզի ժողովուրդը կարողանար հասկանալ եւ մարսել նրա դերակատարումը: Եվս մեկ հարցում կարծես տաբու ենք դրել բարձրաձայն խոսել` ղարաբաղյան կլանի բացասական (մեղմ ասած) դերակատարման մասին: Չէ՞ որ բոլոր համապետական ընտրություններից հետո, երբ Երեւանում ժողովրդի նկատմամբ ուժ է կիրառվել, հիմնականում մասնակցել են Ղարաբաղից բերված ուժերը, իսկ մարտի 1-ի ջարդարարների ղեկավար կազմը Ղարաբաղյան ծագումով գեներալներն էին եւ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը նրանցից մի քանիսին ժամանակավորապես մեկուսացրեց հասարակության մեջ եղած լարվածությունը թուլացնելու նպատակով: Եվ վերջապես, եթե Համաժողովրդական Շարժումը հստակ դիրքորոշում եւ գնահատական տվեց եվրոպական բյուրոկրատիային, ապա նույն բանը չարեցինք Ռուսաստանի հարցում, հասկանալի են հարցի խորքային շերտերը, միեւնույն ժամանակ անհասկանալի է Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշման բացակայությունը` մարտի 1-ի սպանդի հետ կապված, հակառակ դեպքում ստացվում է, որ Սերժի կողմից Պուտինին հայտնած շնորհակալությունը տեղին էր: - Ինչպիսի՞ զարգացումներ եք տեսնում: - Զարգացումները կանխատեսել շատ բարդ է, հաշվի առնելով իշխող խունտայի որակները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ռեժիմը հիմա նման է վիրավոր գազանի եւ ավելի անկանխատեսելի ու վտանգավոր է դարձել` այնուամենայնիվ փորձենք հասկանալ: Հիմա` այս փուլում, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միակ հույսն այն է, որ ժողովուրդը կհոգնի ու կդադարի շարունակել պայքարը: Համաժողովրդական Շարժումը, իսկ առաջիկայում Հայ Ազգային Կոնգրեսը, պետք է հաշվի առնի հասարակության պայքարի հնարավոր պաշարը եւ ավազակախմբի հնարավոր որակները եւ Ռոբերտ Քոչարյանի հոգեխանգարված վիճակը: Ես ուզում եմ հավատալ, որ որքան էլ Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը համատեղ են բոլոր կարեւոր հարցերին լուծում տալիս, այնուամենայնիվ, այս փուլում Սերժ Սարգսյանը պետք է իր մեջ ուժ գտնի ու տարանջատվի, տարբերվի Ռոբերտ Քոչարյանից` հաշվի առնի հասարակության պահանջը` բանակցել Համաժողովրդական Շարժման հետ եւ հայտարարի արտահերթ նախագահական ընտրությունների ժամկետը` 2009թ.գարուն, այդ դեպքում հնարավոր կլինի ոչ միայն Ղարաբաղը փրկել, այլեւ մեր պետականությունը: Իսկ որպեսզի Սերժ Սարգսյանը գնա այս տարբերակին, Համաժողովրդական Շարժումը ոչ մի օր չպետք է դադարեցնի պայքարը, որովհետեւ Սերժ Սարգսյանի վրա քրեածին օլիգարխները` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ եւս ահռելի ճնշում են գործադրում: Վստահ եմ, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ եւ Աստված մեզ հետ է: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |