“Zhamanak” Armenian-American Political Daily

Դաշնակների ցրտաշունչ ամառը. շարքերը ձեռնոց են նետում վերեւներին

15:35 Yerevan | 11:35 GMT | Thursday 17 July 2008

Հրայր Ղազարյան

Խորհրդատվությամբ` դաշնակցության թաքուն համակիր եւ Քրի

Հայաստանն ընդգրկած նախընտրական, ապա հետընտրական դիմակայությունը, որի հետեւանքով իշխանությունն ու հասարակությունը հայտնվել են բարիկադների երկու կողմերում, չի շրջանցել նաեւ հայկական հնագույն ՀՅԴ կուսակցությունը, որի ներսում պառակտման գիծը ներառում է կուսակցության շարքերը:

Դաշնակների մոտ բարիկադների մի կողմում հատնվել են անփոփոխ նոմենկլատուրային վերնախավը եւ նրա ոչ մեծաթիվ մանկլավիկները, որոնք հիմնականում ներկայացնում են այն խավը, որը կարեւոր դերակատարություն ունի կուսակցության տնտեսական նախագծերում: Մյուս կողմում կանգնած են այն շարքայինները, որոնք առանց որեւէ շահադիտության են ժամանակին ձեռքները դրել ատրճանակի վրա եւ մինչեւ օրս էլ սրբորեն հավատում են «դաշնակյան իդեային»: Չնայած այն բանին, որ դաշնակցական «բոսերի» շնորհիվ պատմական կուսակցությունը ահա արդեն տասը տարի «իշխանական քարավանում» հանդես է գալիս «քավության նոխազի» դերում, իսկ իրենք` սույն «անփոխարինելի անձինք», հարմարավետ տեղավորվել են հին ու նոր կոալիցիոն կերակրատաշտի շուրջ` ստանալով պաշտոնների անհատական քվոտաներ, այդուամենայնիվ, այդպես էլ չի հաջողվում վերջնականապես խլացնել շարքերի դժգոհությունն ու տրտունջը: Անգամ վերջերս կոմունիստական կուսղեկավարման լավագույն ավանդույթներով տեղի ունեցած դաշնակցության ընդհանուր ժողովը, որտեղ պաթետիկ սցենարով «վերընտրվեցին» վերնախավի կանխորոշված թեկնածուները, գրեթե ոչ մի ազդեցություն չունեցավ կուսակցության շարքային շերտերի «դժգոհության գործոնի» վրա:

Վերջին նախագահական ընտրություններից դեռ շատ առաջ դաշնակների շրջանում արդեն կուսակցական լուրջ խմորումներ էին նշմարվում, որոնք փողոցային զանգվածային դրսեւորումներ չունեցան այդ կուսակցության գործունեության ներամփոփ մեթոդների պատճառով միայն: Անգամ դաշնակցության կանոնագրքում մի կետ կա, որը շարքային անդամներին արգելում է հրապարակավ քննադատել կուսակցության գործունեությունը: Սրան հավասարեցվում է նույնիսկ դիտողությունը ղեկավարության հասցեին: Բայց չնայած դրան, ժամանակ առ ժամանակ դաշնակցության «փակ ամբարներից» ձայներ են հասել, որ այդ կուսակցության ներսում ամեն ինչ չէ, որ կարգին է եւ նա որպես կուսակցություն պառակտված է «ընչաքաղց վերնախավի» եւ «գաղափարական շարքերի»: Շարքերին դուր չէր գալիս շատ բան: Բայց հիմնականում դժգոհության տեղիք էր տալիս դաշնակցության այն ստրկամիտ վիճակի փաստը, որն սկիզբ էր առել Ռոբերտ Քոչարյանի օրոք եւ ժառանգաբար անցել «նորօրյա ժամանակներին», շարունակություն գտնելով Սերժ Սարգսյանի հետ կնքված նեոկոալիցիոն համաձայնագրում:

«Իշխանության մեջ անցկացրած տասը տարվա» ընթացքում ներկա դաշնակցական նոմենկլատուրան աստիճանաբար փոշիացրել է ամբողջ քաղաքական ու պատմական կապիտալը, որը հսկայական ջանքերի, հաճախ նաեւ սեփական կյանքի գնով, տասնամյակներ ի վեր կուտակել էին այն բազմաթիվ նվիրյալները, ովքեր անշահախնդրորեն ու անկեղծորեն հավատացել են դաշնակցության իդեալներին: Ընկած «մանրբուրժուական շահառության» ետեւից դաշնակցական վերնախավը կուսակցությունը վերածել է ներկա «հին ու նոր» իշխանությունների «էժանագին ու անմռունչ» սպասյակների` նրա ուսերին բարդելով պատասխանատվությունը այն ամբողջ մերժելի, երբեմն անգամ կործանարար արտաքին ու ներքին քաղաքականության համար, որը տեղ է գտել վերջին տասը տարում: Եվ այս ամենը հանուն ինչի՞: Սոսկ այն բանի, որ դաշնակցական նոմենկլատուրան կարողանա լիուբոլ վայելել նեոբուրժուական կենսակերպի բոլոր պտուղնե՞րը: Մի՞թե զուտ դրա համար էր, որ ավելի քան մեկ դար առաջ Քրիստափոր Միքայելյանն ու մյուսները ստեղծեցին դաշնակցական կուսակցությունը:

Բայց դաշնակցության գաղափարական թեւն էլ պատրաստ չէ հեշտուհանգիստ հանձնվել եւ վերջնականապես դառնալ անմռունչ սպասյակ իրենց ներկա պարտկոմների ձեռքին: Պատահական չէ, որ վերեւների ու ներքեւների դիմակայության պայմաններում, չնայած կուսակցության` իշխանության մեջ գտնվելուն, շարքային շատ դաշնակցականներ ոչ միայն սրտացավությամբ են վերաբերվում ընդդիմադիր շարժմանը, այլեւ տարբեր կերպ իրենց աջակցությունն են հայտնում հասարակության` հակաիշխանական տրամադրություններ ունեցող խավերին: Դա դրսեւորվեց հատկապես մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ. բարիկադների վրա, դեմքները թաշկինակներով քողարկած կանգնած էին նաեւ դաշնակցության նախկին, տեղ-տեղ էլ` ներկա անդամներ: Այսինքն, ձեւավորվել է մի իրավիճակ, երբ շարքային դաշնակցականները ոչ միայն չեն ցանկանում հլու-հնազանդ կատարել իրենց կուսղեկավարների «մեսիական հրամանները», այլեւ երբեմն-երբեմն կամք են ցուցաբերում եւ «բանականության ձայն» բարձրացնում` դեռեւս հուսալով, թե կուսակցությունը կինքնամաքրվի եւ կվերադառնա երբեմնի դժվարին, բայց փառավոր ուղուն: Այս ենթատեքստով կարելի է ենթադրել նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության «Կենտրոն» կոմիտեի ներկայացուցչական ժողովը, որը «փակ կարգով» անցկացվել է հուլիսի 6-ին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի 418 լսարանում եւ նպատակ է հետապնդել պատվիրակներ ընտրել կուսակցության Երեւանի մարզային կոմիտեի ներկայացուցչական ժողովի համար:

Հատկանշական է, որ նախագահական ընտրություններից հետո ձեւավորվել է այնպիսի պրակտիկա, որ ժողովներին նեղություն չեն կրում ներկա լինել կուսակցության այն նոմենկլատուրային դեմքերը, որոնք որոշակի ճանաչում ունեն կամ բարձր պաշտոններ են զբաղեցնում (օրինակ` Վահան Հովհաննիսյանը, Լեւոն Մկրտչյանը եւ այլք): Դաշնակցական այդ ղեկավարներից շատերը հենց «Կենտրոն» կոմիտեի անդամներ են եւ նրանց «կուսակցական պարապուրդները» կանոնագրքային լուրջ խախտումներ են, սակայն երեւի նրանցից պատասխան պահանջող չկա:

Այդ ժողովն անցել է բավական լարված մթնոլորտում, ընթացել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող բուռն վեճերով (թունդ խոսքերի օգտագործմամբ), սակայն չեն մոռացվել նաեւ արտաքին քաղաքականության հարցերը: Ակնհայտ է եղել, որ ժողովի մասնակիցների մեծ մասը դժգոհ է ՀՅԴ բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի գործունեությունից: Պատգամավորներից մեկը մեջբերելով նախընտրական շրջանում Երեւանի լամպերի գործարանում կայացած ժողովում բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքերը, թե դաշնակցությունը պետք է պահպանի իր առանձնահատուկ տեղը քաղաքական դաշտում, քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` մի կողմից եւ «Հանրապետական» կուսակցութունը` մյուս կողմից «պառկած են Սերժ Սարգսյանի տակ», անգամ հռետորական հարց է հնչեցրել` իսկ հիմա դաշնակցությու՞նը որ կողմից է «պառկել Սերժի տակ»:

Այնուհետեւ գործի են դրվել էլ ավելի սրբապիղծ մտքեր, ավելի ճիշտ` ներկուսակցական փոխհարաբերությունների սթափ գնահատականներ, որի ընթացքում պատգամավորները կարծիք են հայտնել, թե կուսնոմենկլատուրան շարունակելով անտեսել կուսակցական շարքերի տեսակետը, կանգնած է նրանց լիովին կորցնելու վտանգի առջեւ: Դժգոհություն հայտնելով դաշնակցության ներկա ողբալի վիճակից, ժողովի մասնակիցներից մեկը բաց հարց է տվել` իսկ որտեղի՞ց գտնել մի նոր Հրայր Մարուխյան` կուսակցությունն ու նրա դավանած արժեքները փրկելու համար:

Արտաքին քաղաքականության հարցերում ժողովի պատգամավորները կոշտ քննադատության են ենթարկել ՀՅԴ բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի լռությունն ու պասիվ վարքագիծը հայ-թուրքական սահմանը բացելու եւ հայերի ցեղասպանության հարցի ուսումնասիրության հանձնաժողով ստեղծելու մասին Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունների կապակցությամբ: Այն պայմաններում, երբ դաշնակցության գոյության անկյունաքարը պայքարն է հայոց ցեղասպանության ճանաչման համար, Ս.Սարգսյանի արտահայտությունների առնչությամբ դաշնակցական բոսերի կիսաձայն ու անորոշ մեկնաբանությունները, ինչպես երեւում է, լցրել են կուսակցության շարքերի համբերության բաժակը: Իսկ այն փաստը, որ այսօրվա դրությամբ դաշնակցությունը գտնվում է իշխանության մեջ, մեքենաբար նշանակում է նաեւ, որ կուսակցությունը փաստորեն համակարծիք է Սերժ Սարգսյանի հայտարարություններին: Երեւի այս փաստի գիտակցումը, ինչպես նաեւ այդ ամենի համար անխուսափելի պատասխանատվության ըմբռնումն էլ հենց պայթյուն են առաջացրել դաշնակցության շարքերում:

Ժողովը չի շրջանցել նաեւ Ժիրայր Սեֆիլյանի հանգամանքը: Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին անձամբ ճանաչող մի քանի պատգամավորներ տարակուսանք են հայտնել նրա հասցեին Վահան Հովհաննիսյանի թույլ տված արտահայտությունների կապակցությամբ: Հավանաբար նրանք հասկացել են, որ դաշնակցական նոմենկլատուրայի համար հատկապես ատելի են կուսակցության նախկին անդամները, մինչդեռ դաշնակցությունը հենց Ժիրոյի նման երիտասարդների շնորհիվ է ժամանակին կուտակել այն քաղաքական կապիտալը, որն այսօր այնքան ջանադրաբար մսխում են կուսակցական բոսերը:

Բայց ամենահետաքրքիրը վերջում է եղել: Ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձեւ` հասցեագրված կուսակցության Երեւանի մարզային կոմիտեին, որում տեղ են գտել հետեւյալ կարեւորագույն կետերը. ՀՀԴ Հայաստանի գերագույն մարմնի աշխատանքը գնահատել անբավարար, անհապաղ հրաժարվել նախարարական պորտֆելներից եւ դուրս գալ քաղաքական կոալիցիայի կազմից, հայ-թուրքական սահմանը բացելու եւ հայերի ցեղասպանության հարցի ուսումնասիրության հանձնաժողով ստեղծելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունների կապակցությամբ հանդես գալ համապատասխան հայտարարությամբ, 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ տեղի ունեցող դատավարություններին ներկա լինելու նպատակով գործուղել դիտորդներ: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:

Եվ այս իրավիճակում, փոխանակ ըստ պատշաճին, ողջամտության դիրքերից արձագանքելու եւ ի կատարումն ընդունելու շարքերի պահանջները, դաշնակցական «բոսերը» «եթերում կատարեցին» իրենց սիրած երգը` «Ամեն ինչ հիանալի է, սքանչելի մարքիզուհի» ոճով. միայն հաղորդագրություն տարածվեց, թե Երեւանում կառուցողական երկխոսության մթնոլորտում «տեղի ունեցավ ՀՅԴ նորընտիր բյուրոյի լիագումար նիստ»: Ապա` հետեւում են հերթապահ եւ բոլորին ինչպես հարկն է ձանձրացրած տողերը` «ներքին ու արտաքին մարտահրավերների, երկրի միջազգային հեղինակության բարձրացման, սոցիալ-տնտեսական ոլորտի բարեփոխումների» եւ այլ խնդիրների մասին, որոնք դաշնակցական բոսերի շուրթերից մի տեսակ անհամոզիչ են հնչում: Իսկ ահա Սերժ Սարգսյանի հայտարարությունների առնչությամբ շուտասելուկի նման անցնում է մի ոչ մեծ, բայց շատ ծեծված նախադասություն այն մասին, թե «բյուրոն հավաստեց, որ հայերի ցեղասպանության փաստը քննարկման ենթակա չէ եւ նշեց, որ այդ հանցագործության ճանաչումը կարեւորություն է ներկայացնում հայոց պետականության պահպանման եւ Հայաստանի անվտանգության ապահովման տեսակետից»:

Ըստ երեւույթին, դաշնակցական բոսերը շատ են հուզվել եւ ահագին քաշ են գցել այդ տողերը ձեւակերպելիս. չէ՞ որ հանկարծ ու կարող էին նեղացնել իրենց ներկա տիրոջը: Իսկ դրա հետեւանք կարող էր լինել մղձավանջը դաշնակցական ներկա բոհեմի համար. հեռացումը իշխանության տաքուկ վերմակի տակից եւ սովոր կերակրատաշտերից, զրկումը տնտեսական առանձնաշնորհումներից եւ կուշտ ու անամպ կյանքի վերջը, փոխարենն ունենալով սոսկ ընդդիմադիր դաշտի մշուշոտ ուրվապատկեր: Ոչ, դաշնակների կոնֆորմիստ պարագլուխները պատրաստ են ամեն ինչի, միայն ոչ կուսակցության երբեմնի արժանապատվությունն իրենց անձնական բարօրության հաշվին վերականգնելու զոհողությանը: Արդեն սկսվել է «զտումը» կուսակցության երիտասարդական շարքերում. նրանք, ովքեր պատրաստ չեն լինել «անլեզու պոլի փետ» եւ կամք ունեն սեփական կարծիք հայտնելու, հայտնվել են դաշնակցական բոսերի սեւ ցուցակում, ու սկսվել է նրանց աստիճանական դուրսմղումը կուսակցության շարքերից: Գործի են դրվում անհնազանդների ձայների խլացման բոլոր մեթոդները եւ ուզում են ամեն կերպ կանխել կուսակցության ներսում տիրող անառողջ մթնոլորտի մասին տեղեկության արտահոսքը: Դաշնակցական բոսերին չի հուզում անգամ այն, որ այդ ամբողջ թատերախաղը կարող է ավարտվել նրանով, որ հայ հասարակությունը մի օր կկանգնի վճռորոշ խորհրդագործական հարցադրման առջեւ. իսկ առհասարակ ու՞մ է պետք դաշնակցական կուսակցությունը: Եվ այս հարցի պատասխանը կդառնա ավարտն այն «հեքիաթի», որը մի ժամանակ, կարծես, վատ չէր սկսվել:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.