|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Արժանի լինենք մեր հերոսական ժողովրդին12:18 Yerevan | 8:18 GMT | Saturday 5 July 2008 Քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի ուղերձը հանրահավաքի մասնակիցներին Հայաստանի Հանրապետության արժանապատիվ եւ ազատ քաղաքացիներ, Մեծարգո Նախագահ Արդեն 4 ամիս եւ ավելի է, ինչ մենք հանիրավի, առանց որեւէ օրինական հիմքի պահվում ենք Երրորդ հանրապետության նորօրյա զնդաններում: Այդ ընթացքում անընդհատ ենթարկվել ենք ներխցային «մշակումների», հոգեբանական եւ դատավարական ճնշումների: Սակայն մեր եւ մեր հարազատների ազատությունը չենք դարձրել քաղաքական սակարկությունների առարկա, չենք ընկճվել ու չենք ընկրկել որեւէ ուժի առաջ: Մեր խցերից զգացել ենք Համաժողովրդական Շարժման անկոտրում կամքն ու ազատատենչ ոգին, ինչը մեզ հավելյալ ուժ ու կորով է ներարկել: Մի խնդրանք եւ հորդոր ունենք ձեզ. մեր անազատության մեջ գտնվելու փաստը թող չընկճի ու չվհատեցնի ձեզ, այլ հակառակը` թող ոգեկոչի պայքարի ու հաղթանակի: Հանուն Ազատ եւ Անկախ Հայաստանի, հանուն մեր երեխաների ու թոռների, հանուն Հայաստանի ապագայի պատրաստ ենք մեկուսացման այս ծանրությունը կրել որքան անհրաժեշտ է: Հավատարիմ ենք մնացել Համաժողովրդական Շարժման գաղափարներին, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը վերականգնելու, իրավունքի եւ օրենքի իշխանություն հաստատելու հրամայականին: Ես դիմում եմ մեր քննիչներին, դատախազներին եւ դատավորներին, որոնցից շատերին դասավանդել եմ, շատերին ճանաչում եմ, մի մասի հետ նաեւ աղ ու հաց եմ կիսել. հարգելի կոլեգաներ, դուք դեռ որքա՞ն պետք է անմեղ մարդկանց բերման ենթարկեք, ձերբակալեք, կալանավորեք ու դատեք: Մի՞թե կարելի է այդքան անողնաշար ու կամակատար լինել: Մի՞թե կարելի է այդքան ընկնել: Մի՞թե դուք տարրական հարգանք չունեք ձեր մասնագիտության ու ձեր գիտելիքների հանդեպ: Կարելի՞ է, արդյոք, արդարադատության դեմ ուղղված նման մասշտաբի, մասսայական հանցագործություններ կատարել: Ժողովուրդն ասում է. «Սխալի կեսից ետ դառնալն էլ տղամարդկություն է»: Դուք վտանգում եք ոչ միայն ձեր անձը, այլեւ ձեր երեխաների ու թոռների` մեր երկրում ազատ ու արժանապատիվ ապրելը, նրանց ապագան: Դիմում եմ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներին, մեր քաղաքական պայքարի ընկերներին: Քաջ գիտակցում եմ, որ իշխանություններն ամեն ջանք ու միջոց գործադրում են ձեր մեջ անվստահություն, կասկածամտություն եւ պառակտում սերմանելու նպատակով: Բոլոր քաղաքական բանտարկյալների անունից գոհունակություն եմ հայտնում, որ նրանց մինչ այժմ չի հաջողվել որեւէ առաջխաղացում, եւ վստահ ենք, որ չի հաջողվելու: Ժողովրդի սերն ու հարգանքը երկար տարիների քրտնաջան աշխատանք է պահանջում, իսկ կորցնելը` վայրկյանների հարց է: Ձեր աչքի առաջ է Արթուր Բաղդասարյանի օրինակը: Արժանի լինենք մեր հերոսական ժողովրդին եւ տեր կանգնենք նրա բնական, Սահմանադրական իրավունքների վերահաստատմանը: Քաղաքական բոլոր բանտարկյալների անունից, կարծում եմ նաեւ հանրահավաքի բոլոր մասնակիցների անունից եւս, լիազորված եմ դիմել Համաժողովրդական Շարժման բոլոր առաջնորդներին` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ. հանուն մեր երկրի ու ժողովրդի արժանապատիվ ապագայի առաջնորդեք Համաժողովրդական Շարժումը մինչեւ հաղթական ավարտ: Մեզ բացակա չդնեք: Այդ պայքարում Ձեզ հետ ենք: Պայքար, պայքար, մինչեւ վերջ: Լուսանկարը՝ Ֆոտոլուրի |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԱզատ ստեղծագործական ժանրիցՆերսես Երիցյանը դարձել է վերջին օրերի «սիրելի» թեման: ՔաղաքականԼՂՀ ԱԺ ընտրությունների թեկնածուներ. ով ով էԱշոտ Ղուլյանն առաջադրվել է իր թաղում ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |