“Zhamanak” Armenian-American Political Daily

Քոբուլեթի` Լեւոնի հաշվին

12:16 Yerevan | 8:16 GMT | Saturday 5 July 2008

Հեղինե Մանուկյան

Երեկ ժամը 10: 30-ից սկսած Արարատի մարզի Արտաշատ, Վեդի, Արարատ քաղաքներից Երեւան եկող երթուղային տաքսիները «միտինգային» օրվա պատճառով առժամանակ դադարեցրել էին ուղեւորներին մայրաքաղաք տեղափոխելու իրենց հիմնական առաքելությունը ու հայտնի չի` ուր էին կորել:

Հայտնի է, սակայն, որ Արարատ-Երեւան երթուղին սպասարկող «ԼԻԳԱ ՍՊԸ»-ի սեփականատերը տարածքային կառավարման նախկին նախարար ու դեռ այսքանից հետո «նախագահի աշխատակազմի» ղեկավար Հովիկ Աբրահամյանն է. ի դեպ` ամբողջ մարզի սեփականատերն էլ է ինքը, բայց այդ մասին մեկ այլ առիթով: Եվ ահա, ամեն հերթական հանրահավաքի ժամանակ, անշուշտ ընդդիմության կողմից հայտարարված, ընկեր Աբրահամյանը հրահանգ է իջեցնում իր ՍՊԸ-ում աշխատող վարորդներին «մարդ-մուրդ չտանել քաղաք»` անկախ այն բանից, թե իր ընկալմամբ «մարդ-մուրդը» միտինգի մասնակի՞ց են, թե՞ բուհ` քննություն հանձնելու, տոնավաճառ` առեւտուր անելու, հիվանդանոց` բուժվելու նպատակով Երեւան եկող քաղաքացիներ: Կարեւորն այն է, որ մարդկանց տեղաշարժը, հնարավոր բոլոր մեթոդներով, կանխվի: Դրանում մեծ է նաեւ ՀՀ գլխավոր ոստիկանապետ դարձած Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի գործոնը: Երթուղային տաքսիներից մեկի վարորդը մեզ պատմեց, թե Նորագավիթի «Գայի պոստի» ոստիկանները գրանցում են Արարատի մարզից Երեւան եկող բոլոր երթուղայինների, տաքսիների պետհամարանիշերը, եւ եթե, Աստված մի արասցե, այդ տաքսիների մեջ ուղեւորներ են լինում` «տուտ ժե տուգանքի են ենթարկում»: Տուգանքի ենթարկել ասվածն այս դեպքում «Գազելի բալնիքը ղեկավարությանը հանձնելն» է: Բնական է. եթե մարզի ղեկավարությունը «կանխում է» հանրահավաքի պոտենցիալ մասնակից իր քաղաքացիների «Գազելով» տեղաշարժվելու իրավունքը, իրենց խախտված իրավունքը վերականգնելու համար այդ քաղաքացիները այլ կերպ պետք է մայրաքաղաք հասնեն, ասենք` տաքսիներով: Ի դեպ` այն վայրում, ուր «սովորական եւ խաղաղ» օրերին կայանում են երթուղայինները, երեկ տաքսիներ էին կանգնած, որոնք 3500 դրամ էին պահանջում Երեւան` մինչեւ «Այրարատ» կինոթատրոն հասցնելու համար (այստեղ են կայանում մարզից եկող բոլոր միկրոավտոբուսները): Ի դեպ` մարզի ղեկավարությունն այդ օրը (միտինգային մյուս օրերին եւս) վերահսկողություն էր իրականացնում նաեւ բոլոր այն տաքսիների նկատմամբ, որոնք 2-ից ավելի ուղեւոր են տեղափոխում մայրաքաղաք: Այդպիսիք իրենց «համարձակության» համար ստիպված են լինում մի փոքր ավելի գազ կամ բենզին ծախսել. պատճառն այն է, որ վարորդները ստիպված են լինում շեղվել մայրաքաղաք տանող հիմնական մայրուղուց եւ Երեւան հասնել այլ` զարտուղի ճանապարհներով: Ի՞նչն է պատճառը` հարցրինք տաքսու վարորդներից մեկին: «Հարկայինի եւ քննչականի տղերքը շարված են ամեն քայլափոխի. եթե տեսնեն, որ ծանրաբեռնված ենք ավտոն քշում` հաստատ կկասկածեն»: Ինչու՞մ` հարցրինք: «Միտինգին մարդկանցով պադդերժկա անելու մեջ», - եղավ պատասխանը: Մեր զրուցակից տաքսիստը վստահեցրեց, որ նախորդ` հունիսի 20-ի միտինգից հետո ինքն ու իրեն ծանոթ մեկ այլ տաքսիստ հարկային են կանչվել ու «փիս» զրույց ունեցել հարկային տեսուչներից մեկի հետ: «Փիս» զրույցի առիթը, կարծում ենք, կռահեցիք, թե ինչն է եղել:

Ի դեպ` մի հետաքրքիր բացահայտում եւս. պարզվում է` այն «գրդոնչի» տաքսիստները, որոնք բացեիբաց «կլիենտ էին» փախցնում քիչ հեռվում` դիմացի մայթի ծառերի ստվերում կանգնած «հարկայինի ու քննչականի տղերքի» աչքի առաջ, օրվա վերջում, ինչպես վստահեցրեց տաքսիստներից մեկը, «նալոգ» են տալիս վերջիններիս: Եթե նկատի ունենանք այն, թե մինչեւ ժամը 19: 00-ն` հանրահավաքի մեկնարկը, քանի~-քանի~ պոտենցիալ միտինգավոր կամ ոչ միտինգավոր պիտի գար Երեւան եւ քանի 3500-ական դրամ պետք է աշխատեին պարոնայք տաքսիստները` կարելի է եզրակացնել, թե օրվա վերջում հարկայինին ու քննչականին տրվելիք նալոգի չափն ինչքան է լինելու: Ինչպես տեսնում եք` ավազակապետությունն իր դասական մեթոդներով գործում է նաեւ մեր ազգի մի հատվածի մենթալիտետին հարազատ «տրանսպորտի» ոլորտում:

Հ.Գ. Մի տաքսիստ կատակեց, թե` «Լեւոնի ցավը տանեմ, եթե ինքը միտինգ չաներ, մենք էսքան փող հո աշխատողը չէինք, էն էլ` էս մեռած սեզոնին»: Ապա նաեւ ավելացրեց. «Աղջիկ ջան, Լեւոնին մոտիկ մարդ չունե՞ս, ասես` շաբաթը մեկ միտինգ անի, ուզում եմ փող հավաքեմ` ընտանիքիս հետ Քաբուլեթի գնամ»:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.