“Zhamanak” Armenian-American Political Daily

Ոստիկանների հերթական «սխրանքը»

12:09 Yerevan | 8:09 GMT | Saturday 5 July 2008

Գագիկ Աբգարյան

Երեկ ժամը 22.30-ի սահմաններում Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բազմաթիվ անցորդների ներկայությամբ մի խումբ ոստիկաններ ուժի գործադրմամբ Ֆրանսիայի քաղաքացի, ՄԱԿ-ի աշխատակից, ներկայումս Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում բնակվող Արտաշես Բարսեղյանի ձեռքից խլել են տեսախցիկը, քանի որ վերջինս համարձակվել էր նկարահանել Օպերայի հրապարակը շրջապատած ոստիկանական շղթան: Ականատեսների վկայությամբ` այդ քայլին նրանք դիմել են այն ժամանակ, երբ «Ջիպ» մակնիշի 004 OS 04 պետհամարանիշի ավտոմեքենայի ղեկին նստած քաղաքացիական հագուստով մի անձ բաց դռան արանքից համապատասխան հրահանգ է տվել:

Տեսնելով քաշքշուկը` ես մոտեցա, ցույց տվեցի լրագրողի վկայականս ու խնդրեցի բացատրել, թե ինչու՞ են բռնություն գործադրում քաղաքացու վրա: Ոստիկաններից մեկը բռնեց թեւիցս, հրելով տարավ մի քանի մետր եւ հրամայեց. «Թող գնա ստեղից, արա»: Ես երկրորդ անգամ մոտեցա ու բացատրեցի, որ լրագրող եմ ու իմ մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է եւ նորից տվեցի նույն հարցը: Նորից նույն վերաբերմունքը` բայց այս անգամ ավելի բռի ձեւով: Երրորդ անգամ մոտեցա եւ հարցրեցի, թե ո՞ր իրավունքով են տեսախցիկը վերցրել ու չեն վերադարձնում: Այս անգամ համբերությունից դուրս եկած ոստիկանը հայհոյախառը բառապաշարով հրելով տարավ մի տասը մետր եւ սպառնաց. «Արա, մի հատ էլ էկել ես` վատ կլինի»:

«Ես կպտտիմ պողոտային, կսպասեմ, որ քայլարշավը պիտի մոտենա, արտաշատցի երկու ոստիկան ինձի ճանչցան, ըսին. «Արտաշես, դուն ինչ կենես հոս տեղ, մենք լավ գիտենք քեզի, դուն ռոզիսկի տակ եղել ես Արտաշատը»: Եվ էսպես պրովոկացիա էրին ու քաշքշուկ տեղի ունեցավ: Ինձ ապտակեցին, բայց իմ մեղքը չեմ գիտնար», - պատմում է Բարսեղյանը: Մեր հարցին, թե ոստիկանները ի՞նչ էին ուզում իրենից, նա պատասխանեց. «Ինձ ապտակեցին նկարելու համար: Ես նկարում էի ոստիկանությունը, որ հիշատակ պահեմ Հայաստանի ֆաշիստական դիկտատուրից, ֆաշիստական սիստեմից, որ տեղյակ պահեմ ու տարածեմ ՄԱԿ-ը, տարբեր միջազգային կազմակերպություններուն եւ ծանոթներուն: Նրանք վախենում են, որ այս նկարները կգնան արտասահման, բայց ոչինչ, ես կգտնեմ նկարները»: Զայրույթից կոտրված հայերենով նա պատմեց, որ ոստիկաններին հրաման տվողը, բացի լկտի հայհոյանքներից, իրեն նաեւ ասել է, թե ես քեզ ճանաչում եմ, դու սփյուռքահայ ես ու ս...դ պիտի քաշես այստեղից. «Իմ ռոզիսկի տակ ըլալն ալ, աս քաշքշոցն ալ մուկի` Հովիկ Աբրահամյանի խնդիրներն են, որ բոլոր ժողովրդին կճնշեն, ինձի ճնշեցին, ինձի մի միլիոն ապրանք կողոպտեցին: Ասպես էլ ըսի: Ինձ ապտակեցին»:

Որոշ ժամանակ անց տեսախցիկը վերադարձրեցին, բայց ապտակից կարմրատակած ու դառնացած Բարսեղյանը շնորհակալություն հայտնելով իմ միջամտության համար` ասաց. «Ամբողջ օրը կխոսին ներդրումների մասին, բայց մեզ «սփյուռքահայ» կըսեն արհամարհանքով»:

Հուսով ենք, որ լրատվամիջոցների հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնած վարչապետը այս նյութը կընդունի որպես հաղորդագրություն կատարված հանցագործության մասին:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.