“Zhamanak” Armenian-American Political Daily

Սադրանք Հյուսիսային պողոտայում

12:48 Yerevan | 8:48 GMT | Thursday 3 July 2008

Երեկ, ժամը 19.30-ի սահմաններում, հաստավզերի ավելի քան 20 հոգանոց մի խումբ, Հանրապետության հրապարակի կողմից մտել են Հյուսիսային պողոտա ու հարձակվել քաղաքական զբոսանքի մասնակիցների վրա` չխնայելով ոչ կանանց, ոչ էլ տարեց տղամարդկանց:

Ներկաների պնդմամբ` ծեծկռտուքը կազմակերպված է եղել ոստիկանների գիտությամբ, քանի որ նրանցից ոչ մեկը այդ պահին չի փորձել միջամտել, առավել եւս` ձերբակալել խուլիգաններին: Ներկաներից Մուշեղ Պողոսյանը պատմեց, որ անձամբ ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները կանգնած անտարբեր նայում ծեծկռտուքին: Իսկ երբ հարցրել է, թե ինչու՞ չմիջամտեցիք, ինչու՞ չձերբակալեցիք ծեծուջարդ սարքողներին, նրանց ղեկավար, փոխգնդապետ Օսիպյանը պատասխանել է, թե մենք չկողմնորոշվեցինք, իմացանք ձեր մեջ է քաշքշոց ընկել: Մինչեւ կողմնորոշվեցինք ուշ էր. «Ես էլ ասում եմ` վաղն էլ է նույնը կրկնվելու: Հանկարծ վաղն էլ չասեք` գլխի չընկանք», - խոսքը ոստիկաններին ուղղելով` ասաց Պողոսյանը: Նա պնդեց, որ կարգազանցները հարձակման են դիմել միայն ոստիկանների շատանալուց հետո. «Մենք նրանց վաղուց էինք նկատել, բայց կռիվը սկսեցին, երբ միլիցեքը էս ավտոներով եկան»: «Այստեղ շատ քիչ էինք, ընդամենը մի քանի հոգի ու հանգիստ նստած էինք: Էդ հաստավիզ տականքների հետ մի քանի կանայք կային: Նրանց ճանաչում եմ` Լեւոնի տան մոտ ցույց անող կանանցից էին: Մտան պողոտա ու սկսեցին պատահածին խփել: Կին-տղամարդ չէին հարցնում: Ոստիկանները նրանց չբռնեցին քիչ է, մի բան էլ շրջապատեցին ու ապահով ստեղից հանեցին` ճանապարհեցին», - պատմում է Քնքուշ Մելիքյանը: Ի դեպ, նա եւ էլի շատերը պնդեցին, որ նրանց մեջ ճանաչել են Թոխմախի Մհերի, «Կենտրոն» համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի թիկնապահներին եւ Իսրայել Հակոբկոխյանի «բաքսյորներին». «Թոխմախի Մհերի, Չոռնիի լակոտներն էին ու Իսոյի բաքսյորները», - ասում էր ականատեսներից Մարիամ Հակոբյանը: Զբոսնողներից մեկն անգամ ճանաչել էր իր համադասարանցուն` «Ձմերուկ» մականունով Կարեն Կարապետյանին` Նորքի զանգվածի «Վարդանանց ասպետներ եւ դուստրեր» թիվ մեկ վարժարանից: Մեր ներկայությամբ երեք կանանց առաջին օգնություն ցույց տալուց հետո, շտապօգնության մեքենայով նրանց տեղափոխեցին հիվանդանոց: Ասում էին նաեւ, որ խիստ տուժել է նաեւ Արման անունով մի երիտասարդ` ում դեմքին մի քանի տեղից պատռվածքներ են եղել եւ ծեծկռտուքի դադարեցման հենց առաջին վայրկյաններից տեղափոխել են հիվանդանոց: Բայց, թե հատկապես ո՞ր հիվանդանոցը` մեզ չհաջողվեց պարզել:

Հ.Գ. Բավական ուշ ժամի հայտնի դարձավ, որ հիվանդանոց տեղափոխված կանայք վերադարձել են Հյուսիսային պողոտա: Կատարվածի մասին կազմվել է Կենտրոնի ոստիկանապետ Ա.Մեհրաբյանին ուղղված հաղորդագրություն, որի տակ ստորագրել են բոլոր տուժածները: Նրանք սադրիչներին եւ բռնարարքներ իրականացրածներին պատասխանատվության ենթարկելու պահանջով հայտարարել են նստացույց: Ակցիայի մասնակիցների քանակը գնալով ավելանում է:

Լուսանկարը՝ Գագիկ Աբգարյանի

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.