|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Խրվում են ու խրվում12:44 Yerevan | 8:44 GMT | Thursday 3 July 2008Կարինե Հարությունյան Վանատուրում հրաշալի հասկանում են, որ սկսված պայքարը պետք է ավարտին հասցնել: Վանատուրում նաեւ գիտակցում են, որ պետք է անել հնարավորն ու անհնարինը այդ ավարտին ժամ առաջ հասնելու համար: Երեկ «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի համագյուղացիները կրկին իրենց Ազատության հրապարակում էին: Իրենց պահանջով. «Ազատություն Սասուն Միքայելյանին եւ բոլոր քաղբանտարկյալներին»: «Սերժն ու Ռոբը տրաքվում են Սասունի անունը լսելիս, մենք էլ ինադու «Սա-սուն» ենք վանկարկում: Էնպես, որ Երեւանում դրանք նստած տեղերից ընկնեն», - ասաց կանանցից մեկը: Երեկ երեխաներն էլ շատ էին: Էս ի՞նչ է, խաղը թողած միտինգին ի՞նչ են անում. «Մեր հերոսին ենք ուզում: Իմ մաման ու պապան ասում են, որ բոլոր լավ մարդիկ բանտում են: Հերոսներին բանտարկել են: Դա սխալ ա: Պետք ա բոլորին ազատել», - ասաց մի յոթ տարեկան աղջնակ: Իսկ մի ուրիշը համոզված էր, որ «քաղաքականությունը վատ բան ա: Բոլոր մեծերը խոսում են իշխանությունից, քաղբանտարկյալներից, ընտրությունից, միտինգից ու էլի նման բաներից: Ես գիտեմ, որ սա լավ չի, բայց իմ պապան ասեց, որ մինչեւ բոլորին չազատեն ու Հայաստանում նոր ընտրություններ չլինեն, միշտ էսպես ա լինելու: Իսկ պապիկս միշտ ասում ա` մինչեւ Ռոբն ու Սերժը չհեռանան, Հայաստանը երկիր չի դառնա»: Բա՞: Դե գնա ու խոսիր այս երեխաների հետ: Ամեն ինչ գիտեն, ամեն ինչ հասկանում են: Դե իսկ մեծերը իրենց հետագա անելիքներն են պլանավորում: Պատրաստվում են Երեւանում կայանալիք հուլիսի 4-ի հանրահավաքին. «Գնալու ենք, ինչպես միշտ ենք գնացել: Ու՞մից վախենանք: Մենք` մեր երկիրը: Ուր կուզենք` կգնանք, ինչ կուզենք` կանենք: Աստված մարդուն ստեղծել ա ազատ: Մենք էլ մեր ազատությանն ենք տեր կանգնում: Ու միշտ էսպես ա լինելու: Շատ ենք լռել: Հիմի էլ պիտի խոսանք, պիտի մեր իրավունքները պահանջենք, միտինգներ անենք: Ետդարձի ճանապարհ չկա: Մեր բոլոր տղերքի համար պիտի պայքարենք: Ձեր թերթի խմբագրի` Արման Բաբաջանյանի ազատության, մեր հերոս Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տալու, բանտերում գտնվող Շարժման բոլոր ներկայացուցիչների ազատության համար: Երկիրը լիքն ա քաղբանտարկյալներով, իսկ էդ իշխանություն կոչվածը դեռ հերքում ա, թե քաղբանտարկյալ չկա: Ասենք` դահիճը կարո՞ղ ա ասի, որ ինքը դահիճ ա ու էսքան էլ, ասենք, զոհ ունի»: ...Լսել վանատուրցիներին` նշանակում է լսել ժողովրդի գերակշիռ մասին, քանի որ նույն տեսակետն ունեն երեւանցիները, նույն տեսակետն ունեն գյումրեցիները, ապարանցիները, թալինցիներն ու մյուսները: Այսինքն` ժողովուրդը հասել է քաղաքական ու քաղաքացիական գիտակցության այն աստիճանի, որից իջնելը, թեկուզ մի միլիմետրով, անհնար է: Հակառակը: Քոչարյան-Սարգսյան զույգը իր յուրաքանչյուր քայլով նպաստում է, որ ժողովրդի այդ գիտակցությունը հասնի ավելի ու ավելի հասուն վիճակի: Այսինքն` այս ռեժիմին թվում է, թե սեփական կյանքը երկարացնելու հերթական քայլը հաջողվել է: Սակայն իրականում հաճախ սխալվում է` դրանով նպաստելով Համաժողովրդական Շարժման շարքերը նորանոր համակիրներով համալրելուն: Վանատուրցիները այդպես էլ մտածում են հայտնի զույգի ու դրանց մանկլավիկների մասին. «Էդ մարդիկ խելք չունեն: Դրանք խորհրդատու էլ չունեն: Թե՞ դրանց խորհրդատուները իրանց նման անխելք են: Երեւի իրանցից անխելքներին են աշխատանքի ընդունել, որ հեշտ լինի ղեկավարելը: Հիմի էլ կրակն են ընկել իրանց ու իրանց շրջապատի անխելքության ձեռը: Իշխանությունը կորցնելու վախը դրանց մղեց ամեն հիմարության: Ու փոխանակ դուրս գան իրանց փորած փոսից, ավելի են խրվում»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |