|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Վաստակավոր սվաղչիի» թեկնածուներ12:41 Yerevan | 8:41 GMT | Thursday 3 July 2008Մարինե Խառատյան ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին թվում է` ինքը խելոք է, հայ հասարակությունը հիմար, անխելքի մեկն է. չի հասկանում` ինչ է կատարվում եւ ինչի համար: Ստրասբուրգում եվրոպացիներին «ֆռռացնելուց» ու ԵԽԽՎ 1609 բանաձեւի` Հայաստանի ժողովրդավարացման ուղղությամբ պահանջները 1620-ում լղոզված դարձնելուց հետո պատվիրակության անդամները երեկ հաշվետու ասուլիս էին հրավիրել ու մի բան էլ դժգոհում էին, թե լրատվամիջոցները անհրաժեշտ չափով չեն լուսաբանել իրենց կատարած տիտանական աշխատանքը: Իսկ պատվիրակության ղեկավարի համար «կանխատեսելի էր» ԵԽԽՎ-ի մեղմ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, քանի որ, ըստ նրա, քայլեր էին արվել ԵԽԽՎ պահանջների կատարման ուղղությամբ: Ընդհանրապես Ս.Սարգսյանը ճիշտ կանի Դավիթ Հարությունյանին շնորհի «պատվավոր սվաղչիի» կոչում, կամ գոնե` վաստակավոր. վերջինս համ Ռ.Քոչարյանի օրոք է «սվաղել», համ` Ս.Սարգսյանի: Արդյոք ԵԽԽՎ-ի անդամ Անգլիային կամ Պորտուգալիային էր պե՞տք, որ Հայաստանում «մարտի 1-ի» անկախ, արդար հետաքննություն լինի, «Ա1+» վերաբացվի, քաղբանտարկյալներ չլինեն, մարդիկ անհիմն չբռնադատվեն, չոտնահարվեն քաղաքացիների իրավունքները, ժողովրդավարության ուղղությամբ քայլեր արվեն, թե՞ մեզ` հայերիս է պետք, որ Հայաստանն, ի վերջո, դառնա նորմալ, իրավական, լիարժեք պետություն, ուր ապրելով մարդն իրեն քաղաքացի զգա, չձգտի ամեն գնով հեռանալ հայրենիքից: Ինչեւէ: Դավիթ Հարությունյանը երեկ ներկայացել էր մերօրյա ժողովրդավարի կերպարով. Շարժման հանրահավաքը մերժած քաղաքապետին խորհուրդ էր տալիս ուշադիր կարդալ բանաձեւը եւ այլն: Թեեւ նոր բանաձեւով ԵԽԽՎ պահանջները կատարելու ժամկետը մինչ հունվար է, չբացառեց հարցի քննարկումը ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանում. «Հունվար ամիսը չի նշանակում, որ մեզ տրամադրված է ժամկետ բոլոր կետերով գործելու մինչեւ հունվար: Երկրորդ կարեւոր հանգամանքը` 1620 բանաձեւը չի եկել փոխարինելու 1609 բանաձեւին, երկու բանաձեւերի պահանջներն էլ շարունակում են գործել: Երրորդ` սեպտեմբերին երկու հարցերով մոնիտորինգի հանձնաժողովում լինելու է զեկույց, որը ներկայացնելու է մարդու իրավունքների հանձնակատարը` խոսքը վերաբերում է քրեական հետապնդումներին ու կալանավորված անձանց եւ ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանը: Կախված մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցից` մոնիտորինգի հանձնաժողովը սեպտեմբերի 11-ին տեղի ունենալիք նիստում կայացնելու է համապատասխան որոշումներ»: Հարցին, թե դատախազությունը պատրա՞ստ է կատարել ԵԽԽՎ պահանջը եւ ազատ արձակել քաղբանտարկյալներին, դադարեցնել քրեական հետապնդումները 225 եւ 300 հոդվածներով հարուցված քրգործերով, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, թե չի կարող պատասխան տալ դատախազության փոխարեն, բայց ԵԽԽՎ բանաձեւը պարտադիր է ոչ միայն երկրի օրենսդիր մարմնի, այլ բոլոր պետական օղակների` պետության համար` չմոռանալով հիշեցնել, որ մեզ մոտ դատարաններն ու դատախազությունը անկախ են: «Նախկին ձեւակերպմամբ առաջարկվում էր սահմանափակվել միայն կատարողներով, ովքեր կատարել են բռնություններ, սակայն քննարկումների արդյունքում հանգեցինք նրան, որ այստեղ պետք է անպայման հաշվի առնվեն այն անձինք, ովքեր հրամայել են, դրդել են կամ օժանդակել են բռնությունների կատարմանը: Մեր քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածը նախատեսում է, որ պատասխանատվություն են կրում նաեւ կազմակերպիչները, բայց հաշվի առնելով եւ ուսումնասիրելով այն քրեական գործերը, որ հարուցված են, այնքանով, որքանով հնարավոր է, համազեկուցողները առաջարկություն ներկայացրին, որ «կազմակերպիչ» բառը ՀՀ օրենսդրության մեջ հստակ սահմանում չունի եւ առավել հստակ ձեւակերպումը «հրամայել» բառն է. անձինք, ովքեր հրամայել են կատարել բռնի գործողություններ», - պարզաբանեց Դավիթ Հարությունյանը: Հետաքրքիր է` Ռ.Քոչարյանի՞ն են նկատի ունեցել քաղբանտարկյալների դեմ քրօր-ի 316 հոդվածով հարուցված քրգործերով (ոստիկանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը), ԵԽԽՎ-ն քրեական հետապնդումները դադարեցնելու կոչ է արել. հաշվի առնելով քաղաքական վիճակը, հանրային վստահության պակասը, որ առկա է այսօր ՀՀ-ում, իշխանություններին առաջարկվում է դրսեւորել բարի կամք եւ ձեռնարկել քայլեր, որպեսզի հնարավորինս դադարեցվեն քրեական հետապնդումները, դրա համար օգտագործելով հնարավոր իրավական մեխանիզմները՝ լինի դա ներում, համաներում, քրեական հետապնդման դադարեցում եւ այլն: Պարոն Հարությունյանի համոզմամբ` դատախազությունը պարտավոր է անդրադառնալ բանաձեւի պահանջներին` որոշելով կատարման ընթացքը եւ ձեւը: ԵԽԽՎ-ում Հայաստանի մասով ֆիասկոն` Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի դրույթը, ըստ որի Ադրբեջանի ժողովրդավարության զարգացումը կապվում է տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտության հետ, պատվիրակությունը փորձեց ոչ ավելի-ոչ պակաս ներկայացնել որպես ԵԽԽՎ-ի ֆիասկո: Պատվիրակության անդամ Ավետ Ադոնցի պատկերացմամբ` դա ոչ թե ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության, այլեւ ԵԽԽՎ-ի պարտությունն էր: Դավիթ Հարությունյանն էլ հավելեց, թե դա Եվրոպայի լուրջ սխալն է, որը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Մոլդովայի եւ Վրաստանի վերաբերյալ փաստաթղթերին: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |