|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Էներգետիկ նոր նախագծեր12:37 Yerevan | 8:37 GMT | Thursday 3 July 2008 Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները սկզբունքորեն համաձայնության են եկել տեխնիկական նավթի հնարավոր մատակարարումների շուրջ` Օդեսա-Բրոդի նավթամուղով` ավերսային ռեժիմով: Այժմ նավթամուղը աշխատում է ռեւերսային ռեժիմով: Սակայն Ուկրաինայում հույսեր են փայփայում «բազմաչարչար» նավթամուղը կարգի բերելու առումով: Տեխնիկական նավթը առաջին քայլն է. այդ մասին Վիկտոր Յուշչենկոն ջանացել է համաձայնության գալ Իլհամ Ալիեւի հետ Ուկրաինայի մայրաքաղաքում վերջերս կայացած էներգետիկ գագաթնաժողովի ժամանակ: Փորձագետների ուշադրությունից չի սպրդել այն, որ այդ ժամանակ Ադրբեջանի նախագահը ընդհանուր արտահայտություններից այն կողմ չանցավ: Բաքվի հանդիպման ժամանակ նա «ճշտել էր» իր դիրքորոշումը: Ալիեւի խոսքով` ադրբեջանական նավթի` պոմպով առաջին մատակարարումը կիրականացվի առաջիկայում: Ուկրաինայի շահագրգռությունը հասկանալի է, սակայն թե որքանով է շահագրգիռ Ադրբեջանը` հասկանալը առավել կարեւոր է: Կիեւի էներգետիկ գագաթնաժողովում ուշագրավ էր Ադրբեջանի նախագահի ձեւակերպումը, թե հարկ է նախ գնահատել նախագծի շահութաբերությունը, այդուհետ` անցնել այդ նախագծի իրականացմանը: Փորձագետները նախագահի այս մարտավարությունը համարում են արեւելյան սովորական բանաձեւ. Ադրբեջանի նախագահը այսկերպ չի կամենում սրել հարաբերությունները Կիեւի հետ, որը կամենում է նոր էներգետիկ միություն ստեղծել. միաժամանակ չի կամենում սրել հարաբերությունները Մոսկվայի հետ, որը հիացմունքով չի ընդունի նավթամուղի «շրջադարձը»: Նախագծի մտահղացման ժամանակ հաշվի է առնվել ոչ միայն ադրբեջանական, այլ նաեւ ղազախական նավթը, սակայն Աստանան չի պատրաստվում մասնակցել նավթամուղային այդ «շրջադարձին» եւ նույնը խորհուրդ է տալիս Կիեւին. այսինքն` կարեւորում է Մոսկվայի հետ պայմանավորվածություն ձեռք բերելը: Հարցի կարեւորությունը ոչ թե ադրբեջանական նավթի գինն է, այլ նավթամուղի կառուցման ավարտը: ԱՄՆ. վաղվա առաջին կանայք Հունիսի 13-23-ին «Associated Press-Yahoo News»-ը հանրային հարցում է անցկացրել, որին մասնակցել են 844 դեմոկրատ եւ 637 հանրապետական: Ամերիկացի ընտրողները տարբեր վերաբերմունք ունեն ոչ միայն նախագահի թեկնածուների, այլ նաեւ նրանց կանանց նկատմամբ: Այսպես` ամերիկացիների 30 տոկոսը համակրում է, 35 տոկոսը չի համակրում Միշել Օբամային: Իսկ հանրապետական Մակքեյնի կնոջը` Սինդիին, համակրում է հարցվածների 27 տոկոսը, իսկ 17 տոկոսին նա դուր չի գալիս: Օրինակ` Քլերթոնե եկեղեցու քարտուղար, 60-ամյա հանրապետական Լինդա Քայզերը այսպիսի կարծիք է հայտնել. «Սինդի Մակքեյնին չսիրողների թիվը պակաս է, քանի որ նա իր ամուսնու թիկունքում է եւ չի ձգտում նրան ղեկավարել: Ուղեղ ունենալը լավ է, սակայն հարկ է ամուսնուն հնարավորություն տալ նախագահ լինելու»: Վերաբերմունքի հարցում գործոն է նաեւ մաշկի գույնը: Օբամայի կինը դուր է գալիս սեւամորթների 8-10 տոկոսին, իսկ 20 տոկոս սպիտակամորթները նրան չեն սիրում: Ինչ վերաբերում է սոցիալ-ժողովրդագրական բնութագրին, ապա Միշելին ավելի շատ աջակցում են երիտասարդ չամուսնացած շրջանավարտները, իսկ Սինդիին` տարեցները եւ ընտանիք ունեցողները: Ուշագրավ է այն, որ Մակքեյնի կինը ավելի հանելուկային անձնավորություն է. հարցվածների 56 տոկոսը քիչ բան գիտի նրա մասին: Օբամայի կնոջ մասին իրազեկված չէ հարցվածների 34 տոկոսը: Դեթրոյթից 61-ամյա մանկավարժ Էդիտ Ֆրայլին, օրինակ, կարծիք է հայտնել, թե Միշելը աֆրոամերիկացի է, խոսում է հասկանալի լեզվով, երիտասարդ է, նվիրված է ամուսնուն ու ընտանիքին եւ ընդօրինակման հիանալի կերպար է: «Յուրաքանչյուր ծնող կերազեր այսպիսի աղջիկ ունենալ», - ասել է նա: Միշել Օբաման 44 տարեկան է, փաստաբան է, հիվանդանոց է ղեկավարում: 54-ամյա Սինդի Մակքեյնը Արիզոնայում գարեջուր արտադրող ընկերության բաշխիչ ծառայության ժառանգորդ է...
ՎՈՒԱՄ-ի գագաթնաժողով. արդյունքեր Վրաստանի Բաթում քաղաքում ավարտվեց ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի գնահատմամբ` «ՎՈՒԱՄ-ը միավորում է Եվրոպայի արեւելքը»: Գագաթնաժողովին մասնակցել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, 20 պետությունների պատվիրակություններ, որոնց թվում` Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը, Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը, ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչներ, Ճապոնիայի պատվիրակությունը եւ այլ պաշտոնատար անձինք: ՎՈՒԱՄ-ի գագաթնաժողովի շրջանակներում` Բաթումում հուլիսի 1-ին հանդիպում է կայացել «ՎՈՒԱՄ-ԱՄՆ» ձեւաչափով: Վրաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի եւ տեղեկատվության բաժնի փոխանցմամբ` հանդիպմանը մասնակցել են Վրաստանի արտգործնախարար Նինո Կալանդաձեն, Ադրբեջանի ԱԳ փոխնախարար եւ ՎՈՒԱՄ-ի համակարգող Արազ Ազիմովը, Մոլդովայի եվրոպական ինտեգրման հարցերով արտգործնախարարի տեղակալ Վալիերու Օստալեպը, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Դեւիդ Մերկելը եւ ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին: Կողմերը քննարկել են քաղաքական համագործակցության, հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները` առեւտրի, տրանսպորտի, սահմանների անվտանգության, հարկային, ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում: Հարկ է ընդգծել, որ «ՎՈՒԱՄ-ԱՄՆ» ձեւաչափի հաջորդ հանդիպումը անցկացվելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի ընթացքում: Մինչ գագաթնաժողովը սկսվելը` գագաթնաժողովի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին հայտարարել է, որ հանդիպումը «գնահատական կտա ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ երկրների համագործակցությանը եւ կսահմանի հաջորդ տարում համագործակցության հեռանկարները` կազմակերպության շրջանակներում: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուչենկոն կարծիք է հայտնել, որ «ՎՈՒԱՄ-ը պետք ակտիվորեն ներառվի սառեցված հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում»: «Սառեցված հակամարտությունները Վրաստանում, Ադրբեջանում եւ Մոլդովայում համարվում են ապակայունացման գործոն: Դա է պատճառը, որ պետք է ակտիվացնել խաղաղ կարգավորման գործընթացը` տարածքային ամբողջականության սկզբունքի հիմքով», - ասել է Յուշչենկոն: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել է, որ ՎՈՒԱՄ-ը միջազգային լուրջ կազմակերպություն է, որի անդամ երկրները համագործակցում են եւ օգնում միմյանց միջազգային տարբեր կազմակերպություններում: Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ակտիվ ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Մենք պատրաստվում ենք վերականգնել մեր երկրի տարածքային ամբողջականությունը»: Գագաթնաժողովում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանի ներկայիս վիճակը համեմատել է Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագրի ստորագրումից հետո Բալթյան երկրների եւ Լեհաստանի դեմ կատարված իրողությունների հետ: Ըստ որում` նա հույս է հայտնել, որ արդի աշխարհում «նոր Մյունխեն չի լինի, եւ խաղաղությունը կպահպանվի տարածաշրջանում»: Լեհաստանի եւ Լիտվայի նախագահները եւս հանդես են եկել Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին: ՎՈՒԱՄ-ի գագաթնաժողովի արդյունքում ստորագրվել է Բաթումի հռչակագիրը, որում հաստատվում է անդամ պետությունների հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին եւ ազատություններին, օրենքի գերակայությանը, ժողովուրդների մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանմանը, հանդուրժողականության ոգու ամրապնդմանը: Կողմերը կարեւորում են տարածաշրջանային համագործակցության զարգացումը` իբրեւ համաեվրոպական եւ ասիական ինտեգրման գործընթացների բաղադրյալ, միջազգային գործընկերության կապերի ամրապնդումը ԱՄՆ-ի, Լեհաստանի, Ճապոնիայի, մյուս պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ: Փաստաթղթում ընդգծվում է տնտեսական, հումանիտար եւ իրավապահ ոլորտներում համագործակցության կարեւորությունը: ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների խորհուրդը հայտարարություն է ստորագրել տրանսպորտային ներուժի կիրառման եւ ՎՈՒԱՄ-ի տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ: Նյութերը պատրաստեց Գոհար Բարսամյանը |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |