“Zhamanak” Armenian-American Political Daily

Երեւան քաղաքում կատարվող մետամորֆոզային մի քանի խնդիրների մասին

12:33 Yerevan | 8:33 GMT | Thursday 3 July 2008

Լեւոն Գրիգորյան

Հավանաբար Երեւան քաղաքը իր բազմադարյան պատմության ընթացքում չի վերապրել այնպիսի մասշտաբային կառուցվածքային կերպարանափոխում, ինչպես այս վերջին շրջանում:

Բնական է, որ յուրաքանչյուր քաղաք, առավել եւս` հնագույն պատմություն ունեցող քաղաք, իր երկարամյա պատմության ընթացքում ինչ-որ ձեւով կերպարանափոխվում է` կրելով տվյալ դարաշրջանի կնիքը: Ի դեպ, աշխարհի քաղաքների նշված զարգացումները ընթանում են տարբեր ճանապարհներով:

Մի դեպքում անտեսելով տվյալ երկրի հնագույն կուլտուրան` զրոյից ստեղծվել են ժամանակին համահունչ նորագույն քաղաքներ, ինչպես օրինակ` Նյու Յորքը, Վաշինգտոնը, Մեխիկոն, Բրազիլիան եւ այլն:

Մյուս դեպքում քաղաքը վերակառուցվում է` հիմնվելով նրա դարերի ընթացքում ստեղծված ճարտարապետական ավանդույթների վրա: Որպես այդպիսի դասական օրինակ կարող է հանդիսանալ Թամանյանի Երեւանը:

Համաշխարհային համբավ ունեցող ակադեմիկոս Թամանյանը, հիմնվելով հայկական ճարտարապետության դարավոր հարուստ կուլտուրայի վրա, մշակեց մեր մայրաքաղաքի զարգացման հիմնական սկզբունքները եւ նրա գլխավոր հատակագիծը: Շունչ եւ կյանք տալով այդ նախագծին` նա իրականացրեց նրա հիմնական հանգույցների ստեղծման գործընթացը, ինչպես օրինակ` Հանրապետության հրապարակը, Օպերայի հոյակապ տաճարը` իր շրջապատով եւ այլն: Նրա տաղանդավոր աշակերտները հարազատ մնալով Թամանյանի սկզբունքներին, զարգացնելով այն` ստեղծեցին ժամանակակից կոթողներ:

Քաղաքաշինության մյուս սկզբունքի էությունն այն է, որ պահպանելով (կարելի է ասել` փայփայելով) հնագույն քաղաքը` նրա հարակից տարածքում (որպես այդ քաղաքի մի ամբողջություն) կառուցվում է նույն անունը կրող, ըստ էության, նոր քաղաք:

Նշված սկզբունքով են զարգացել եվրոպական մի շարք քաղաքներ. ինչպես օրինակ` Պրահան, Վարշավան, Վիլնյուսը եւ այլն: Արեւելքի քաղաքներից որպես ցայտուն օրինակ կարելի է նշել Շանհայը:

Այս նախաբանի ֆոնին դիտարկենք մեր Երեւանի զարգացման ընթացքը վերջին տարիներին: Նշված ժամանակահատվածում բուռն շինարարական աշխատանքներ իրականացվեցին հատկապես քաղաքի կենտրոնական հատվածում: Վեր են խոյանում շրջապատի հետ ոչ համահունչ բարձրահարկ շենքեր: Այդ թվում, այսպես կոչված, Հյուսիսային պողոտան: Ըստ Թամանյանի մտահղացման` այդ պողոտան պետք է կառուցվեր շրջապատին համահունչ շինություններով, կանաչապատ տարածքով. որպես զբոսավայր: Արժե հիշատակել վերջերս այդ պողոտայի համահեղինակներից մեկի հետեւյալ հիմնավորումները (որոնք հնչեցվեցին, եթե չեմ սխալվում, հանրային ռադիոյով)`

- Թամանյանի Հյուսիսային պողոտայի նախագիծը էքսիզային բնույթի էր (եւ, երեւի, որպես հետեւություն, հավանաբար, պետք է հասկացվի, որ կարելի է այն անտեսել?!);

- քանի որ քաղաքի կենտրոնում հողի գինը թանկ է, ուրեմն պետք է այն կառուցապատվի բարձրահարկ շենքերով:

Այդ անձանց կարելի է խորհուրդ տալ իրենց ստեղծած անապատային Հյուսիսային պողոտայից (որը Օպերային հրապարակի ճյուղերից մեկն է) դիտարկել Օպերայի պալատը, որը այդ բարձրահարկ շինությունների ճնշման ներքո կարծես թե նեղացել եւ կուչ է եկել:

Այս բոլորից հետո մնում է միայն զարմանալ. մի՞թե մեր քաղաքի զարգացման իդեոլոգներին հայտնի չէին պատմական քաղաքների զարգացման վերը նշված սկզբունքները:

Մեր դեպքում` որպես այդպիսի տարածք, հավանաբար, մեծ հաջողությամբ կարող էր ծառայել, օրինակ, Երեւան-Աշտարակ խճուղու սկզբնահատվածը:

Բացի վերը նշածից, հավանաբար անհրաժեշտ է նշել նաեւ այն ագրեսիան, որը իրականացվում է մեր քաղաքում մի ամբողջ շարք «օբյեկտների» կողմից հասարակական սեփականության նկատմամբ: Խոսքը վերաբերում է մայրաքաղաքի մայթերին: Դրանց մի մասը նշված «օբյեկտների» կողմից բռնագրավվել է, իսկ մնացած հատվածը նրանք ձեւափոխել են ըստ իրենց «ճաշակի»` տարբեր սալապատումներով եւ աստիճաններով: Նման ձեւափոխումները հաճախ պրոբլեմներ են ստեղծում մայթերով քայլող մեր քաղաքացիների համար. առավելապես` տարիքավորների եւ հաշմանդամների համար: Դրան պետք է ավելացնել այն գավառական խայտաբղետությունը, որը հարիր չէ մեր մայրաքաղաքին: Նույնը վերաբերում է նաեւ մետրոյի մուտքերի աստիճաններին, որտեղ տեղադրվել են մշտական կամ ժամանակավոր տարբեր «օբյեկտներ»:

Այս բոլորից հետո, բնականաբար, առաջ է գալիս հայտնի հռետորական հարցը` ի՞նչ անել: Ելնելով քաղաքի ներկա իրավիճակի բարելավման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ նրան հետագայում նմանատիպ սխալներից զերծ պահելու ցանկությունից` պետք է մշակել միջոցառումների մի ամբողջ համակարգված փաթեթ:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.