|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Շերեփուկից` շնագայլ կամ մուտանտների կյանքից11:31 Yerevan | 7:31 GMT | Wednesday 2 July 2008Գագիկ Աբգարյան Մամուլն արդեն հաղորդել է, որ հունիսի 22-ին, կիրակի օրով, երբ ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եղել է Ստրասբուրգում, կուսակցության քարտուղար Էդվարդ Անտինյանը հրավիրել է համագումար եւ «ընտրվել» ՀԱԱԿ նախագահ: «Իշխանափոխությունից» հետո նորահայտ առաջնորդը հայտարարել է, որ Ս.Բաբայանի հետ բանակցություններ են տարվում ՀՌԱԿ-ի հետ միավորվելու շուրջ: Կայացած համագումարի առիթով երեկ ասուլիս էր հրավիրել ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա հիշեցրեց մեծերից մեկի խոսքը, ըստ որի մենք շերեփուկներից շնաձկներ ենք աճեցնում, հետո սկսում ենք պայքարել նրա դեմ. «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ կուսակցական հավաքում մենք որոշում կայացրեցինք չմասնակցել 2007թ.-ի խորհրդարանական ընտրություններին: Ինչ-ինչ պատճառներով ես անտրամադիր էի եւ նրան խնդրեցի մամուլի հետ կապը պահել եւ պատճառաբանված ներկայացնել մեր որոշումը»: Ըստ Հովհաննիսյանի` մինչ այդ հանրությանը անհայտ Անտինյանը տեղը տեղին ամեն ինչ արել է` միաժամանակ չզլանալով հայտարարել, որ չմասնակցելու որոշումը ինքն է կայացրել: Քաղաքական բեմի «մեծ» արենա է. Անտինյանի մուտքը ներկայացնելուց հետո, Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց «Երկիր մեդիային» վերոնշյալ հավաքից կադրեր ցուցադրելու եւ նորահայտ քաղաքական գործչի սուտը բռնելու համար: Տեսանյութի մեջ Անտինյանը հիմնավորել է, թե ինչու՞ ՀԱԱԿ-ը չի մասնակցում ընտրություններին. «Դրանից հետո պարոնը (Հովհաննիսյանը հայտարարեց, որ Անտինյանի անունը չի տալու) դադարեց այդ մասին խոսելուց»: ՀԱԱԿ նախագահի կարծիքով` հեռուստատեսությամբ եւ մամուլի այլ միջոցներով իրենց կուսակցության մասին սուտ լուրեր տարածելով, կուսակցությունը մասերի տրոհելով` Անտինյանը փորձում է մանր ծառայություններ մատուցել իշխանություններին. «Չնայած, իմ կարծիքով, իշխանությունները դրա կարիքը չունեն»: Այստեղ արդեն, մեր կարծիքով, պարոն Հովհաննիսյանը սխալվում է: Համարձակվում ենք պնդել, որ հայկական առածը ճիշտ է, երբ ասում է, որ «Նմանը զնմանին գտանե»: Անտինյաններն ու արթուրիկները` գեղամյան-մեղամյանների հետ կան ու բարգավաճում են հենց իշխանությունների «օրհնանքով» եւ նրանց «մանր ծառայությունները» թարսի պես շատ անհրաժեշտ են իշխանություններին: Շարունակելով ասուլիսի թեման` ասենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո տարաձայնությունները խորացել են նախագահի ընտրությունների ժամանակ. «Ի պատիվ մեր կուսակցության անդամների` պետք է ասեմ, որ չնայած 2007-08թթ.-ին եղած դժվարություններին` մեր կուսակցությունը եղել է, կա ու կմնա Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Մենք լիարժեք համամիտ ենք այն գնահատականներին, որ հնչեցնում է Տեր-Պետրոսյանը: Ամբողջ կուսակցությունից այս քաղաքականությանը դեմ է միայն մի հոգի` վերոնշյալ պարոնը», - հայտարարեց ՀԱԱԿ նախագահը: Աշխարհում ընդունված ժողովրդավարական կարգ է, որ որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Իսկ ընդամենը մեկ «դեմի» պարագայում, այդ մեկ «դեմը» ուղղակի դուրս է գալիս կուսակցությունից: Բայց ինչպես գիտեք` «Մերն ուրիշ է»: Մեր «դեմերն» էլ են ուրիշ: Նրանք ոչ թե հեռանում, այլ` «2007թ.-ին ես մեծամասնական ընտրակարգով իմ թեկնածությունն էի առաջադրել 5-րդ ընտրատարածքում: Օգտվելով առիթից, որ ես զբաղված էի այդ հարցերով, նա գողացավ կուսակցության բոլոր փաստաթղթերը եւ կնիքը: Կնիքը վերադարձրել է, բայց փաստաթղթերը մինչ այսօր դեռ գտնվում են նրա մոտ», - ասաց Հովհաննիսյանը: Անդրադառնալով ներկային, մասնավորապես անցած կիրակի կայացած համագումարին եւ Անտինյանի կուսակցության նախագահ ընտրվելու խոսակցությանը` ՀԱԱԿ նախագահը նկատեց, որ այդ հավաքի մեծամասնությունը կազմել են կուսակցության հետ կապ չունեցող մարդիկ, իսկ ՀԱԱԿ-ից մասնակցածների մեծ մասը եղել են Անտինյանի հարազատները. «Նա կարող էր իր ընտանիքին հավաքել եւ իրեն Հռոմի պապ հռչակել: Կամ` երկրի նախագահ, եթե, իհարկե, Սերժից չվախենար: Կուսակցությունը այդտեղ որեւէ կապ չունի»: Որպես իր խոսքի ապացույց` նա անուն առ անուն նշեց քաղխորհրդի բոլոր անդամների անունները, որոնց մի մասն ասուլիսին ներկա էին, եւ նրանք հավաստեցին, որ չեն մասնակցել այդ համագումար կոչվածին, ոչ էլ հրավիրել են այն: Ինչեւէ, Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հուլիսի 25-ին տեղի է ունենալու հերթական համագումարը եւ Անտինյանին էլ հրավիրեց մասնակցելու ու հայտարարեց, որ կուսակցությունը անվանափոխվելու է: Միաժամանակ արդարադատության նախարարությանը կոչ արեց ձեռնպահ մնալ ինքնահռչակ նախագահի ներկայացրած փաստաթղթերին օրինական կարգով ընթացք տալուց. «Հակառակ պարագայում ես պատրաստ եմ մինչեւ Եվրադատարան գործը տանել», - եզրափակեց Հովհաննիսյանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |