“Zhamanak” Armenian-American Political Daily

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Մենք շարունակելու ենք պայքարը` ավելի ստվարացած շարքերով»

11:05 Yerevan | 7:05 GMT | Tuesday 1 July 2008

Էմմա Գաբրիելյան

Հունիսի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում հետընտրական շրջանի` Համաժողովրդական Շարժման առաջին արտոնված հանրահավաքն էր:

Չնայած մինչեւ հանրահավաքի ավարտը տեղացող հորդառատ անձրեւին` բազմությունը մնաց մինչեւ վերջ: Թեեւ հանրահավաքը ժամը 17-ին էր նշանակված, այն մեկնարկեց գրեթե մեկ ժամ ուշացումով. Երեւան-Գյումրի ճանապարհին` տարբեր բնակավայրերում, Լեւոն Տեր-Պետրոսյանին դիմավորել էին ՀՀ քաղաքացիները: Օրը աշխատանքային էր, եւ պարզվեց` Գյումրիի պետական որոշ հիմնարկներում ղեկավարությունը ժամը 18-ին «ժողով էր նշանակել», որպեսզի մարդիկ հանրահավաքի չհասնեն: Դեպի Թատերական հրապարակ տանող տրանսպորտի մասին էլ էին «հոգացել» տեղական իշխանիկները. գյումրեցիների մի մասը ոտքով էր հասել Թատերական հրապարակ, իսկ հանրահավաքի ավարտին Երեւանից ժամանած Լ.Տեր-Պետրոսյանի համախոհ երեք, թրջված կանանց, օրինակ, «Արքա» տաքսի ծառայության մի «թասիբով» գյումրեցի վարորդ էլ հրաժարվել էր Երեւան տանել` պարզելով, որ նրանք «ընդդիմությունից են»: Բազմաթիվ էին դժգոհությունները, որ երկու օր մարդկանց զգուշացրել-վախեցրել են, թե` «չերեւաք հրապարակում, թե չէ` վատ կլինի»: Մի խոսքով, իսկական նախընտրական Հայաստանին բնորոշ իրողություններ, սակայն` գովելի ինչ-որ առումով, քանի որ սույն պահվածքով է նաեւ ակնհայտ դառնում, որ իշխանություններն անգամ չեն հավատում, որ Հայաստանում ընտրություններն ավարտված են ու Սերժ Սարգսյանն էլ ընտրված նախագահ է: Ինչեւէ, Գյումրիում էր Վանատուրը` ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի գլխավորությամբ, Երեւանից երիտասարդական շարժման ակտիվիստներ էին եկել լսելու առաջին նախագահին: Հանրահավաքում ելույթ ունեցան Ժուռնալիստների Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը, գյումրեցի ազատամարտիկ Ժորա Աթոյանը:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ

հաղթանակը ստացվում է

երկրորդ անգամից»

Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ով նախօրեին էր վերադարձել Ստրասբուրգից, որոշ տեղեկություններ փոխանցեց այնտեղից: «Իշխանությունների ստախոս էությունը դրսեւորվում է նաեւ այնտեղ: Ի՞նչ են այնտեղ անում` ստախոսություն լայնածավալ մասշտաբով: Առաջինը. ասում են` «մեզ ժամանակ տվեք, որպեսզի հանրահավաքների, ցույցերի վերաբերյալ օրենքները փոխենք»: Այն, ինչ տասը րոեպում ընդունել են այն հաստատությունում, որը իրենք պառլամենտ են անվանում, իսկ ես անվանում եմ` կոճակ սեղմողների վարչություն, հիմա, պարզվում է, պետք են ամիսներ իրենց գործած չարագործությունը` ուրիշ որակում դրան չկա, որպեսզի փոխեն: Երկրորդ. ասում են` «մենք բարեփոխումներ ենք անելու»: Ի՞նչ բարեփոխումներ: Բարեփոխումներ անում են այն ժամանակ, երբ օրենքները գործում են: Հայաստանում չի գործում որեւէ օրենք, չկա մի օրենք, օրենքի որեւէ կետ, չկա պարտավորությունների որեւէ կետ, որ այս ավազակախումբը խախտած չլինի: Այնպես որ` նախեւառաջ, մենք հաստատելու ենք օրենքի իշխանություն», - նշեց Դ.Շահնազարյանը` Շարժման հիմնական նպատակ մատնանշելով արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը: Հիշեցնելով, որ հունիսի 20-ի հանրահավաքում պահանջել էր պատասխանատվության ենթարկել Ռոբերտ Քոչարյանին, Աղվան Հովսեփյանին, Գրիշա Սարկիսովին, Միքայել Հարությունյանին: Գյումրիում Դ.Շահնազարյանը հայտնեց, որ այդ ցուցակում մի պաշտոնյա էլ է ավելացել. «Նրանց` ինքնախոստովանական իր ցուցմունքներով արդեն միացավ ձեզ ոչ անհայտ Սերժիկ Սարգսյանը: Ի՞նչ է հայտարարել նա: Պարզվում է` ոստիկանությունը կրակել է թալանողների եւ ոստիկանության վրա, նռնակներ նետողների վրա: Ուրեմն, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թալանը կազմակերպել են Սերժիկ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, նրանց հրահանգով է դա կատարվել: Արկեր գործածել են նրանք: Իսկ հիմա փորձում են թաքցնել մարտի 1-ը: Մարտի 1-ը կարեւորագույն տեղ ունի մեր Շարժման մեջ: Մեր պատմության մեջ շատ է պատահել, երբ հայեր են զոհվել, երբ մենք տվել ենք անմեղ զոհեր, բայց կարծես թե առաջին անգամ է, որ մարդիկ զոհվել են նրա համար, որ նրանք հանդիսացել են ՀՀ քաղաքացիներ: Եվ նրանց պետք էր թափել ՀՀ քաղաքացիների արյունը, որպեսզի դրանով փորձեն քողարկել իրենց չարագործությունները: Դա չի հաջողվելու», - վստահեցրեց Դ.Շահնազարյանը:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հիշեցրեց նախընտրական շրջանում Շարժման ներկայացուցիչների պահանջները. «Մենք ի՞նչ էինք պահանջում. պահանջում էինք արդար ընտրություններ, մենք պահանջում էինք, որ ընտրությունները չկեղծվեն: Պարոնայք իշխանավորներ, մեր արդարությունը ակնհայտ է, մեր ուզածը մի բան էր, մենք ձեզանից մի բան էինք պահանջում. ասում էինք` փողով ձայն մի գնեք, չէ՞ որ այս երկիրը ձեր երկիրն էլ է, ձեր հայրերի երկիրն է, ձեր պապերի երկիրն է, ձեր որդիների երկիրն է: Փողով մեքենա գնեք, փողով տուն գնեք, փողով ծախու մտավորական ու երգիչ գնեք, բայց ժողովրդի ձայնը մի գնեք, դա ստահակություն է, ստրկություն է, վախկոտություն է: Հետեւաբար մենք արդար ենք, իսկ արդարը հաղթելու է», - նշեց Ա.Սարգսյանը: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը համոզված է, որ պայքարը միանշանակ վերջանալու է հաղթանակով. «Կասեք` ե՞րբ: Մի պարզ օրինակ բերեմ. այսօրվա հավաքը ինձ հիշեցրեց 80-ականների վերջը եւ 90-ականների վերջը: Հիշում եք, երբ ժողովուրդը հավաքվում էր Ազատության հրապարակում, երբ «Ղարաբաղ» կոմիտեին ձերբակալեցին, տարան մոսկովյան բանտերը, վեց ամիս բանտերում պահեցին: Նորից հրապարակներում սովետական բանակն էր կանգնած` տանկերով, ու թվում էր, թե ամեն ինչ ավարտված է, բայց «Ղարաբաղ» կոմիտեին ստիպված ազատ արձակելուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը բարձրացավ հարթակ, դրանից հետո դարձավ Գերագույն խորհրդի նախագահ, դրանից հետո դարձավ երկրի նախագահ: Նորից նույնն է կրկնվելու, ժողովուրդ, Աստծո կամքն է», - նկատեց Ա.Սարգսյանը, բազմամարդ հրապարակը պայթեց վանկարկումներով` «Լեւոն` նախագահ», իսկ բանախոսը շարունակեց. «Դրանում ես վստահ եմ, եւ հավանաբար նաեւ դա Լեւոն Տեր-Պետրոսյանի ճակատագիրն է եւ Աստծո կամքը` իր մոտ հաղթանակը ստացվում է երկրորդ անգամից», - նկատեց Ա.Սարգսյանը:

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը անդրադարձավ ԵԽԽՎ վերջին բանաձեւին. «Բանաձեւում ամրագրված պահանջները չեն կատարվում, ավելի ճիշտ տեսնում ենք, թե ինչպես են կատարվում. շարունակում են չարտոնել հանրահավաքները, բռնարարքներ են իրականացնում ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստների նկատմամբ, եւ որեւէ հանցագործություն չի բացահայտվում, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում: Երկարացվեց Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի կալանքը: Ահա այսպես են կատարում ԵԽ-ի պահանջները: Իշխանությունները պետք է գիտակցեն, որ նման քայլերը հեռանկար չունեն, միեւնույն է` այդպիսի բռնություններով չեն կարող կոտրել մեր ժողովրդի ոգին:

Իսկ մեր պատվիրակությունը ԵԽ-ում պետք է առաջին հերթին իր ջանքերը ուղղի նրան, որպեսզի չընդունվեն Ղարաբաղի հարցի հետ կապված ոչ հայանպաստ ձեւակերպումներ, ինչը տեղի ունեցավ», - հայտարարեց Ս.Դեմիրճյանը` հավելելով. «Որեւէ բանաձեւ արդյունք չի տա, եթե հասարակությունը չպայքարի իր իրավունքների համար: Այսօր մենք տեսնում ենք, որ մեր հասարակությունը պայքարում է իր իրավունքների համար, եւ սա է երաշխիքը այն բանի, որ մենք հասնելու ենք մեր երկրում ժողովրդավարության եւ օրինականության հաստատմանը»:

«Ռ.Քոչարյանն է երազում իր ոճրագործությունը բարդել ոստիկանների վրա»

Համաժողովրդական Շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթի սկզբում նախ նշեց. «Մենք չենք եկել ձեզ ոգեւորելու, մենք չենք եկել ձեզ խրախուսելու, մենք չենք եկել ձեզ վճռականության կոչելու, որովհետեւ դուք դրա կարիքը չունեք: Հակառակը` մենք եկել ենք, որ դուք մեզ ոգեւորեք, դուք մեզ խրախուսեք, դուք մեզ վճռականության կոչեք»: Լ.Տեր-Պետրոսյանը Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների միջեւ տարբերությունների մասին խոսեց. «2003թ. ընտրությունները, 1998թ. ընտրությունները կեղծված էին նույնքան, որքան կեղծված են 2008թ. ընտրությունները: Այս 3 ընտրություններում էլ ժողովրդի ձայները գողացված են, բայց 2008թ. տարբերվում է առաջին երկու ընտրություններից, որովհետեւ իշխանությունները ոչ միայն կեղծեցին ընտրությունները, բռնություններ գործադրեցին ընտրությունների ժամանակ, կատարեցին նույն այն կեղծիքները` ընտրակաշառք, ցուցակների կեղծում, կրկնակի քվեարկություններ եւ այլն, բայց սրանց վրա գումարեցին նաեւ մարտի 1-ի եղեռնագործությունը սեփական ժողովրդի դեմ: Սա նոր երեւույթ է: Սա երեք ընտրություններում այս իշխանությունների ատելության կուտակումն է մեր ժողովրդի դեմ, որը նրանք արտահայտեցին կրակոցներով: Կատարված է հրեշավոր ոճրագործություն: Պատասխանատուները, իսկապես, հայտնի են, եւ նրանց անուններն այստեղ թվարկվեցին», - հայտարարեց ՀՀ առաջին նախագահը` մեկ ճշտում կատարելով. «Խոսվեց, որ այդ ոճրագործությանը մասնակցել է նաեւ ոստիկանությունը: Դա այդպես չէ: Դա սխալ է: Ոստիկանությունը ժողովրդի վրա չի կրակել: Դա Ռոբերտ Քոչարյանն է երազում իր ոճրագործությունը բարդել ոստիկանների վրա: Այսինքն` նա կրկնակի ստորություն է գործում. առաջինը` կրակել, երկրորդը` իր հանցանքը բարդել ուրիշների վրա: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` ոստիկանությունը ժողովրդի վրա չի կրակել: Ավելին, ես վստահ եմ` նաեւ բանակը, որ մեր զավակներն են, բանակը նույնպես մեր ժողովրդի վրա չի կրակել», - վստահեցրեց Լ.Տեր-Պետրոսյանը, ապա պատասխանեց, հարցին` թե ո՞վ է կրակել: «Սա շատ փորձված մեթոդ է, որը Ռոբերտ Քոչարյանից առաջ կիրառել են երիտթուրքերը Օսմանյան Թուրքիայում եւ կիրառել է Հիտլերը` Գերմանիայում: Այսպիսի ստոր արարքների համար միշտ օգտագործվել են քրեական տարրերը եւ վարձու մարդասպանները: Երիտթուրքերը Հայոց ցեղասպանությունից առաջ բանտերից ազատեցին բոլոր մարդասպաններին, բոլոր քրեական հանցագործներին եւ կազմեցին հատուկ ջոկատներ, որոնք իրականացրեցին Հայոց ցեղասպանությունը: Նույնը կատարեց Հիտլերը Գերմանիայում. նա բանտերից ազատեց բոլոր հանցագործներին, բոլոր մարդասպաններին, որոնց կազմած հատուկ ջոկատները իրականացրին հրեա ժողովրդի ցեղասպանությունը կամ, ինչպես ասում են, ողջակիզումը՝ Հոլոքոսթը: Նույն բանը կատարել է Ռոբերտ Քոչարյանը: Այդ մարդասպանները քրեական տարրեր են, նախկինում բազմիցս դատված: Մենք գիտենք նաեւ, թե որ շրջանակներից են ընտրված` դրանց մի մասը Ղարաբաղից են, մյուս մասը` մեր հայտնի օլիգարխների սափրագլուխներն են», - ընդգծեց ՀՀ առաջին նախագահը` վստահեցնելով, որ ոստիկանությունը, բանակը մեր ժողովրդի մի մասն է եւ նրանց 90 տոկոսը կիսում է ժողովրդի բոլոր հույզերը:

«Թող սա մեզ դաս լինի,

որպեսզի հետագայում չխաբվենք այդպիսի

թեկնածուներով»

Հիշեցնելով, որ Շիրակի մարզում Ս.Սարգսյանը չի ստացել ձայների մեծամասնությունը` Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատեց, որ պետք է խոստովանել, որ ժողովուրդն էլ որոշակի մեղք ունեցավ վերջին ընտրություններում. «Ժողովրդի մի մասը, համենայնդեպս, չդիմացավ ընտրակաշառք վերցնելու գայթակղությանը: Մենք եղբայրներ ենք, քույրեր ենք, չենք կարող այս բաները չասել իրար, եւ համոզված եղեք, այդ մարդիկ ոչ միայն մոլորվել են, այլ նաեւ մեծ սխալ են գործել` ի վնաս իրենց եւ իրենց երեխաների: Ի՞նչ ստացաք այդ ընտրակաշառքի դիմաց: Հինգ հազար, տասը հազար, չգիտեմ` որքան է: Այդ հինգ հազարը, տասը հազարը այս երեք ամսում արդեն տասնապատիկ Սերժ Սարգսյանն ու մեր վարչապետը ետ են վերցրել»: Հայաստանյան բոլոր ընտրություններում պոպուլիստ թեկնածուների դերակատարությանն էլ անդրադարձավ Համաժողովրդական Շարժման առաջնորդը. «Մյուս մոլորությունը` այն հայտնի պոպուլիստ թեկնածուի ձայներն էին, որոնք հատկապես Շիրակի մարզում, կարելի է ասել վճռական դեր խաղացին Ս.Սարգսյանի հաղթանակի գործում: Ես ասել եմ, այդ մարդու անունը չեմ տալու` Անվտանգության խորհրդի քարտուղարն է», - հրապարակը սկսեց վանկարկել` «Ամոթ` Արթուրին»: ՀՀ առաջին նախագահը շարունակեց. «Թող սա մեզ դաս լինի, որպեսզի մենք հետագայում չխաբվենք այսպիսի թեկնածուներով: Դժբախտաբար, բոլոր ընտրություններում` եւ 1998-ին, եւ 2003-ին գտնվել են այդպիսի մարդիկ, եւ նրանք բավականին ձայներ են տարել ընդդիմության թեկնածուից: Հետագայում այդ ձայները նվիրելով հաղթող կամ հաղթող համարվող նախագահին: 1998թ. ընտրություններում դա Վազգեն Մանուկյանն էր, 2003թ. ընտրություններում` Արտաշես Գեղամյանը, 2008թ. համառոտ` ԱԽՔ-ը», - հիշեցրեց Լ.Տեր-Պետրոսյանը:

Ըստ Համաժողովրդական Շարժման առաջնորդի` իշխանությունները երեք սխալ են գործում. առաջին` այս իշխանությունները մեր երկրում որեւէ հենարան չունեն: Չկա մի սոցիալական խումբ, որը այսօր աջակցի, պաշտպանի Ս.Սարգսյանին: Ս.Սարգսյանին աջակցում, պաշտպանում են միայն այն մարդիկ, ովքեր օգտվում են համակարգի կերակրատաշտից: Ուրիշ ոչ ոք, ուրիշ ձայն, ուրիշ քվե Ս.Սարգսյանը այս երկրում չունի: Ուրեմն, ինչի՞ վրա ես հույսդ դրել, որ կարող ես կառավարել այս ժողովրդին` միայն մահակի, միայն բանտի, միայն «Կալաշնիկով» ավտոմատի վրա՞: Ուրիշ ոչ մի արգումենտ, փաստարկ Ս.Սարգսյանը չունի այս ժողովրդի առջեւ: Բայց այս իշխանությունները սխալվում են, քանի որ նույնիսկ այս մեթոդները այլեւս մեր ժողովրդի վրա կիրառելի չեն: Նրանք բռնություն գործադրեցին, նրանք կրակեցին, բայց չկարողացան ծնկի բերել մեր ժողովրդին, չկարողացան վախեցնել մեր ժողովրդին», - հայտարարեց Լ.Տեր-Պետրոսյանը, իսկ հրապարակը պայթեց. «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»: «Բանտերը լցրեցին մեր ամենահերոս տղաներով, բայց անգամ դրանով չկարողացան վախեցնել մեր ժողովրդին: Պետք է վերջապես հասկանալ, որ համառել, շարունակել այդ մեթոդներով պայքարել սեփական ժողովրդի դեմ` դա առնվազն խելագարություն է, եթե չասենք մեծագույն հանցագործություն մեր ժողովրդի եւ մեր երկրի դեմ», - հավելեց նախագահը:

Որպես երկրորդ սխալ Լ.Տեր-Պետրոսյանը մատնանշեց. «Մեր իշխանությունները չեն հասկանում, որ այս ժողովուրդը, որը այսօր` ութ ամսվա Շարժման ընթացքում, ձեւավորվել է, այն ժողովուրդը չէ, որին նրանք իշխել են 10 տարի: Նրանց թվում է` սրանք դեռեւս նույն քնած մարդիկ են, ովքեր ոչինչ չեն հասկանում, եւ ինչ իրենց հաջողվել է 10 տարի` եւս 10 տարի կհաջողվի: Սա էլ մեծագույն թյուրիմացություն է եւ մեծագույն սխալ ցանկացած իշխանության համար, եթե այդ իշխանությունը իր քաղաքականությունը կառուցում է այսպիսի հաշվարկի վրա: Սա ուրիշ ժողովուրդ է: Սա նույնիսկ 1988թ. մեր Շարժման ժողովուրդը չէ: Այն ժամանակ շատ պարզ էին լոզունգները, այն ժամանակ շատ մտածելու կարիք չկար: Ընդհանրապես, նացիոնալիզմը, ազգային-ազատագրական պայքարը ամենապարզ գաղափարախոսությունն է: Այն ժամանակ ասում էինք` «Ղարաբաղ», «Ղարաբաղը մերն է», «Միացում» եւ վերջ: Այսօր ժողովուրդը խոսում է եւ Ղարաբաղի մասին, եւ ազգային արժանապատվության մասին, եւ ազգային-ազատագրական պայքարի մասին, բայց խոսում է նաեւ օրենքի գերակայության մասին, խոսում է դեմոկրատիայի մասին, խոսում է արդար ընտրությունների մասին եւ վերջապես` խոսում է ազատության մասին, որը ամենամեծ արժեքն է ընդհանրապես մարդկության համար, որովհետեւ Աստված մարդուն ստեղծել է ազատ: Ցանկացած մարդ, որ սահմանափակում է մարդու ազատությունը` նա անաստված է, նա հեթանոս է, նա նզովքի արժանի է», - ասաց Լ.Տեր-Պետրոսյանը, իսկ հրապարակը շարունակեց` «Ազատ, անկախ Հայաստան»:

«Իշխանությունների երրորդ սխալը. նրանց թվում է, որ մի քիչ էլ ժամանակ ձգեն, ժողովուրդը կհոգնի, կձանձրանա եւ այլեւս կդադարեցնի իր պայքարը այս իշխանությունների դեմ», - նկատեց Լ.Տեր-Պետրոսյանը, հրապարակն էլ չհամաձայնեց` «Ոչ: Պայքար, պայքար, մինչեւ վերջ»: «Ես կարծում եմ` նախկին փորձը գուցե նրանց հիմքեր տար այդպես մտածելու, բայց այս չորս ամսվա իրականությունը նրանց պետք է հասկացներ, որ մեր ժողովուրդը հոգնելու, իր պայքարը դադարեցնելու, նահանջելու մտադրություն չունի», - նկատեց առաջին նախագահը, հրապարակը լրացրեց` «Այո, պայքար, պայքար, մինչեւ վերջ»: Լ.Տեր-Պետրոսյանը տեղեկացրեց, որ բացի Երեւանից հանրահավաքներ կանցկացվեն հանրապետության մի քանի այլ քաղաքներում, անգամ գյուղերում. «Մենք շարունակելու ենք, առաջին հերթին, մեր ուշադրությունը կենտրոնացնելով` նախեւառաջ քաղբանտարկյալների ազատագրման վրա: Քանի դեռ մեկ բանտարկյալ կմնա բանտում, մենք փողոցներից տուն չենք գնա եւ երկխոսության ձեռք չենք մեկնի իշխանություններին, սա թող հասկանան», - նշեց Լ.Տեր-Պետրոսյանը:

«Պիտի ապացուցենք, որ այս ժողովուրդը չի ճանաչում իրենց»

Անդրադառնալով իշխանությունների կողմից` Շարժումը որպես անձնական խնդիր, Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանատենչության արտահայտություն համարելու քարոզչությանը` առաջին նախագահը հայտարարեց. «Իմ ընկերները, ինձ միացած կուսակցությունները հարմար են գտել, որ ես առաջնորդեմ այդ Շարժումը` ես ստանձնել եմ այդ դեր. չեմ ամաչում այդ բառից` ես միջոց եմ, ես ընդամենը գործիք եմ այս իշխանություններից ազատվելու: Եթե ես կարող եմ ապագայում էլ կատարել այս ծառայությունը, ես սիրով, հլու-հնազանդ կենթարկվեմ ձեր կամքին եւ կկատարեմ այս ծառայությունը:

Ես` իշխանության, ինչպես ես, այնպես էլ իմ ընկերները, իշխանության ոչ մի հավակնություն չունենք», - նշեց առաջին նախագահը` հավելելով, որ իշխանության էին գալու` արդարություն, օրինականություն հաստատելու, վերացնելու ապօրինությունները, քաղաքացուն պաշտպանված դարձնելու, քաղաքացու համար բարգավաճման, իր երեխաների դաստիարակման, իր երեխաների ապագան երաշխավորելու հնարավորություն ստեղծելու համար: «Ես դեմ չեմ` եթե այս իշխանությունները ի վիճակի են անել այս բաները` թող անեն, ես չեմ բողոքի, բայց, ցավոք սրտի, ես հասկանում եմ, որ դա հեքիաթ է, ինչպիսի խոստումներ էլ տան սրանք, ինչպիսի հեքիաթներ էլ պատմեն, անգամ եթե բարի ցանկություններ ունենան: Ես, օրինակ, հավատում եմ` կան մարդիկ, որոնք նոր են ընդգրկվել կառավարության կազմում, գուցեեւ ունեն ազնիվ նպատակներ, չեմ կասկածում` Տիգրան Սարգսյան, Էդիկ Նալբանդյան, մեկ-երկու նոր նախարար: Բայց չեմ հավատում, որ այդ մարդիկ բարի խոսքերից, խոստումներից, ճոռոմաբանությունից այն կողմ կարող են որեւէ գործնական քայլ կատարել: Չեն կարող, որովհետեւ համակարգը նրանց կխեղդի: Կամ համակարգը նրանց դարձնելու է իրենց պես` նույնպես ավազակախմբի անդամներ կամ էլ` եթե չենթարկվեն այդ գայթակղությանը, նրանք պարզապես դուրս են շպրտվելու այդ համակարգից եւ փոխարինվելու են այնպիսի մարդկանցով, որոնք հլու-հնազանդ կկատարեն ավազակապետի հրամանները», - ընդգծեց Լ.Տեր-Պետրոսյանը:

Ելույթի վերջում Համաժողովրդական Շարժման առաջնորդը ասաց հետեւյալը. «Ինչ վերաբերում է անձամբ ինձ. ես մի անգամ ասել էի` անգամ ընտրվելու դեպքում, այո` կտրականապես վճռել էի, որ ես նախագահ եմ մնալու երկու-երեք տարի, ոչ ավելի: Մաքրելու էի այս Ավգյան ախոռները, որից հետո իշխանությունը կփոխանցեի ավելի երիտասարդ, ավելի եռանդուն քաղաքական գործիչներին, որոնք այս հարթակում են` Ստեփան Դեմիրճյան, Արամ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Դավիթ Շահնազարյան, Ալեքսանդր Արզումանյան, Արարատ Զուրաբյան: Մենք ունենք արդեն երիտասարդ, եռանդուն, արդեն փորձված, տասը տարվա քաղաքական պայքարի, ինչպես նաեւ պետական գործունեության փորձ ունեցող քաղաքական գործիչներ, ովքեր վստահ եմ` անցնելով ձեզ հետ միասին, նաեւ ինձ հետ միասին անցնելով այս ութ ամսվա համալսարանը, նրանք այսօր պատրաստ էին ստանձնելու այս պատասխանատվությունը», - նկատեց ՀՀ առաջին նախագահը: Խոսելով Շարժման հետագա անելիքների մասին` Լ.Տեր-Պետրոսյանը այսպես ամփոփեց իր 30 րոպեանոց ելույթը. «Մենք շարունակելու ենք պայքարը ձեզ հետ միասին` ավելի ստվարացած շարքերով: Այս իշխանություններին պիտի ապացուցենք, որ մեր ժողովուրդը չի ճանաչում իրենց եւ իրենք չեն կարող ցանկացած բռնության գնով անգամ կառավարել այս ժողովրդին: Երկրորդը` քաղաքական ակցիաներից բացի, մենք իրականացնելու ենք լուրջ կազմակերպական աշխատանքներ. Հայ Ազգային Կոնգրեսի մասին այն գաղափարը, որ ես ձեզ ասացի, մենք իրականացնելու ենք, եւ ըստ երեւույթին, մինչեւ երեւանյան հաջորդ հանրահավաքը այս հարցում մենք կգանք ինչ-որ ընդհանուր հայտարարի: Մենք ստեղծելու ենք, բացի այս հանրահավաքային, զանգվածային միջոցառումներից, նաեւ մնայուն մի կառույց, որը դառնալու է Հայաստանի առաջիկա գոյության մշտական գիտակից գործոններից մեկը եւ մեր ժողովրդի առաջնորդը»:

Լուսանկարը՝ Գ. Շամշյանի

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.