“Zhamanak” Armenian-American Political Daily

Մարդիկ պատմությամբ էլ են ապացուցում

11:04 Yerevan | 7:04 GMT | Tuesday 1 July 2008

Գագիկ Աբգարյան

Շաբաթ օրը` հունիսի 28-ին, Գյումրիի Թատերական հրապարակում տեղի ունեցավ Համաժողովրդական Շարժման հանրահավաքը: Շարժման ղեկավարներին լսելու համար հրապարակ էին եկել ոչ միայն Գյումրիի, այլ նաեւ շրջակա գյուղերի ու քաղաքների բնակիչները:

Պետք է ասել նաեւ, որ իշխանությունները ամենաբարձր մակարդակով արեցին ամեն ինչ, որ հնարավորինս քիչ մարդ հավաքվի Գյումրիի Թատերական հրապարակում: Բայց պետք է ասել նաեւ, որ դա նրանց այնքան էլ չհաջողվեց: Պետք է նկատել, որ հանրահավաքի գրեթե սկզբից սկսված անձրեւը առանձնակի վարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ժամանակ: Բայց ոչ մեկը տեղից չշարժվեց: Տեսնելով, որ մասնակիցները թրջվում, բայց չեն հեռանում հրապարակից` նա օգնականին կարգադրեց անձրեւանոցը հեռացնել ու ինքն էլ ժողովրդի հետ հավասարապես թրջվեց:

Իմ զրուցակիցներից մեկը, ով ներկայացավ որպես Սարգիս Պետրոսյան, ինչու՞ է եկել հրապարակ, ի՞նչ սպասելիք ունի հանրահավաքից հարցին հարցով պատասխանեց. «Կարելի՞ է ես հարց տամ. դուք կարո՞ղ եք Հայաստանում ցույց տալ մի բնագավառ, որտեղ կաշառակերություն չլինի: Կարո՞ղ եք ասել, թե որտեղի՞ց պետք է սկսել շտկել այն: Այս ու էլի շատ հարցերի պատասխաններ կան, որ ուզում ենք ստանալ: Ես ուզում եմ ապրել նորմալ երկրում: Իմ հայրենիքում»: «Ինձ հրապարակ է բերել անապահովության զգացողությունը: Ես ինձ անպաշտպան եմ զգում իմ հարազատ պետության ներսում: Եկել եմ հրապարակ` ցույց տալու համար, որ մենք չենք հաշտվի այս իրավիճակի հետ: Իմ ներկայությամբ ես ուզում եմ լրացնել այն բաց տեղը, որ կա բողոքողների, չհաշտվողների շարքերում», - ասաց Ալբերտ Վարդանյանը: Մասնակիցներից մեկը, ով հրաժարվեց ներկայանալ, ասաց, որ 35 տարվա մանկավարժի ստաժ ունի, լավ ու վատ օրեր շատ է տեսել իր կյանքում, բայց. «Այն, ինչ հիմա եմ տեսնում` աներեւակայելի է: Ամբողջ Գյումրին բաժանվել է հանցագործ խմբավորումների միջեւ, մի հանցագործ խմբավորում էլ պետությունն է: Չսովորող երեխային երկու դնելը մեծ ռիսկերի հետ է կապված: Էլ չեմ խոսում չափն անցած երեխային մի թթու խոսք ասելու մասին: Համարեք, որ դա նույնն է, ինչ կրակը ձեռքիդ, վառոդի տակառին նստելը: Եթե, իհարկե, նա թեկուզ հեռավոր բարեկամն է հանցավոր խմբավորումներից ինչ-որ մեկի»: Իմ հարցին, թե օրերս կառավարությունը ողջ կազմով Գյումրիում էր, բնակչությունը ինչպե՞ս արձագանքեց այդ փաստին, նա պատասխանեց. «Դերասանություն են անում: Գյումրիի համար ինչ-որ բան անելու նպատակով հեչ պետք չէր Գյումրի հասնել: Կառավարության շենքում նստած էլ կարելի էր նույն որոշումներն ընդունել: Մեր թաղում մի աղքատ...ախր, որ անունը տամ, կիմանան` ով եմ: Թող էդքան անիմաստ ծախսած բենզինի փողը իրան տային: Փող չունի, որ երեխեքին դպրոց ուղարկի: Կհասկանայինք, որ մի օգուտ տվեցին»: «Հավատու՞մ եք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է երկիրը հանել այս վիճակից», - հարցրեցի ես: «Հավատում եմ: Ի վերջո` կիրթ մարդը ուրիշ կերպ է մոտենում հարցերին», -պատասխանեց մանկավարժը: Նույն հարցը տվել էի բոլոր զրուցակիցներիս: Սարգիս Պետրոսյանը պատասխանեց, որ խնդիրը անձերը չեն, համակարգը պետք է փոխվի: Ալբերտ Վարդանյանը պնդեց, որ բոլոր իշխանությունների օրոք ժողովուրդն ինքը պետք է տեր կանգնի իր իրավունքներին: Հետաքրքիր էր մասնակիցներից մեկի խոսքը, ով ներկայացավ որպես պատմաբան Սարգիս Մուրադյան. «Մեծ քաղաքականություն վերադառնալուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի կատարած վստահ քայլերը խոսում են այն մասին, որ նա է այն պատմական անհատը, ով պետք է ժողովրդին հանի այս ծանր վիճակից: Պատմությունից մեզ հայտնի է, որ հասարակական հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող վարչակարգերն ուղղակի վերանում են: Նույնն է սպասվում նաեւ այս վարչակարգին»:

Լուսանկարը՝ Գ. Շամշյանի

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.