“Zhamanak” Armenian-American Political Daily

Հրանտ Բագրատյանն` ընդդեմ ցինիզմի

11:34 Yerevan | 7:34 GMT | Saturday 7 June 2008

Մարինե Խառատյան

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ հերթական անգամ բացահայտեց Ներսես Շնորհալի մեջբերող ու վարդագույն երազների Հայաստանի մասին խոսող վարչապետ Տիգրան Սարգսյանի արհեստավարժ «ունակությունները»:

Մասնավորապես, թե ինչպես է Կենտրոնական բանկի նախագահ եղած ժամանակ Տիգրան Սարգսյանը նպաստել հայաստանյան մի քանի բանկերի «սահուն» սնանկացմանը, որ այդ բանկերը էժան գներով ձեռք բերեն Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի հովանավորյալները: Խոսքը «Արդշինբանկի», «Ագրոբանկի» եւ «Խնայբանկի» մասին է: Ըստ Բագրատյանի` «Խնայբանկը» վաճառվել է մոտավորապես 400 հազար դոլարով` այն դեպքում, երբ բանկը 105 մասնաճյուղ է ունեցել: Այն ձեռք է բերել հասարակության շրջանում Սերժ Սարգսյանի հետ աղերսվող օլիգարխ Միկա Բաղդասարովը, ով մեկ տարի հետո բանկը վաճառել է 62.5 անգամ թանկ` 25 մլն դոլարով: «Դատարանում ինձ փորձում են ապացուցել, որ նա կապ չունի Սերժ Սարգսյանի հետ: Այսինքն` ասում են ապացուցեք, որ կապ ունի Սերժ Սարգսյանի կամ Տիգրան Սարգսյանի հետ: ...Սա պարզապես ոչ թե մաֆիա, գողություն է: Եվ իմ հոդվածում նշել էի, որ դա արել է Կենտրոնական բանկը», - հայտարարեց Հրանտ Բագրատյանը: «Արդշինբանկից» 2001-2002 թվականներին 3 միլիոն դոլար փող է գողանում կառավարիչներից մեկը` Գագիկ Ստեփանյանը, ով դրանից կարճ ժամանակ անց մահանում է: «Օգտագործելով այդ հանգամանքը` բանկը սկսում է սնանկացման գործընթաց: Դրա արդյունքում «Արդշինբանկը» սնանկ է հայտարարվում: Դրա փոխարեն, ասում են սա ուրիշ բանկ է, ստեղծվում է «Արդշինինվեստբանկը»: Նույն բանկն է, ձրիաբար տրամադրվում է մի մարդու, իբր թե ներդրման խոստման դիմաց, իսկ այնտեղ 50 միլիոն դոլարի ակտիվ կա: Հիմա ասում ենք` «Արդշինբանկը» ինչու՞ եք սնանկացրել, եղբայր: Հա, փող էր գողացել, գողին բռնեիք, եթե գողություն էր: Նրա վիճակը ավելի վատ չէր, քան թե մյուս բանկերինը: Սա մեկ: Դու նշանակել ես ժամանակավոր ադմինիստրացիա բանկի կառավարման: Սկզբից դրել ես քո աշխատակազմի ղեկավարին, հետո տարել ես դրել ես «Կոնվերս» բանկի նախագահին ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար, որը հակասում է բանկերի եւ բանկային գործունեության մասին օրենքին: Նա շարունակում էր մնալ «Կոնվերս» բանկի նախագահ», - հիշեցրեց Հրանտ Բագրատյանը: Այնուհետեւ «Արդշինինվեստբանկին» է միացրել «Ագրոբանկը», որը վաճառվել էր պատգամավոր Հակոբ Հակոբյանին: «Այդ մարդը դառնում է պրեզիդենտ բանկի, իսկ բանկերի եւ բանկային գործունեության մասին օրենքը ասում է, որ պետք է մասնագիտական առնչություն ունենա բանկին: Ու՞ր էր նայում Կենտրոնական բանկը: Դատարանն ասում է, որ Տիգրան Սարգսյանը չի կառավարում, Կենտրոնական բանկի խորհուրդն է, հասկանու՞մ եք: Մի ցինիկ պրոցեդուրա է», - տեսակետ հայտնեց նախկին վարչապետը` շարունակելով. «Ես գտնում եմ, որ Կենտրոնական բանկին ձեռ էր տալիս այդ գործընթացը, որովհետեւ ուզում էր «Ագրոբանկը» միացներ «Արդշինինվեստբանկին», ստանալ Հայաստանում ամենախոշոր բանկը եւ հանձներ Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալին»:

Հիշեցնենք, որ Բագրատյանի հոդվածից վիրավորված Տիգրան Սարգսյանը դատի է տվել Բագրատյանին եւ պատիվ է պահանջում:

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրին, ըստ նախկին վարչապետի, այն այնքան ընդհանուր է, որ եթե Հայաստանի Հանրապետություն բառը փոխարինենք, օրինակ, Բանգլադեշով կամ Դիլիջան քաղաքի հիշատակումը փոխարինենք մեկ այլ, ասենք` Բանգլադեշի որեւէ քաղաքի հիշատակումով, ապա դրանից ծրագրի կիրառելիությունը տվյալ երկրի համար չի փոխվի, եւ այն նույնպես կլինի ընդունելի: Ըստ Հրանտ Բագրատյանի` կառավարությունն իր գործունեության ծրագրի առաջնահերթություններից պետք է առաջինը նշեր Հայաստանում մրցակցային շուկայի ձեւավորումը եւ հետո նաեւ բիզնեսի եւ իշխանության տարանջատումը, այնինչ իր ծրագրում չի անդրադառնում կոնկրետ խնդիրների լուծմանը:

Ս.Սարգսյանի մասով Բագրատյանը նկատեց, որ գործարարների հետ հանդիպմանը Սարգսյանը հայտարարեց, թե բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից եւ իշխանությունից, բայց օրեր անց Ավշարի գինու գործարանի սեփականատեր, ՀՅԴ անդամ Արամայիս Գրիգորյանին նշանակեց գյուղատնտեսության նախարար: «Երբ ասում ես` այդ ո՞նց եղավ, համ սա եք հայտարարում, համ այդ մարդուն նշանակում եք նախարար, իրենք ասում են` ծրագիրն ենք կատարում: Ուրեմն տեսեք, թե այդ ծրագիրն այն աստիճանի ընդհանուր է, որ այդ ընդհանրության տակ հակառակը կարող ես անել եւ ծրագիրը կատարել: Ծրագիրն, ուրեմն, այդ առումով, պրոֆեսիոնալ չէ», - գնահատական տվեց նախկին վարչապետը:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.