“Zhamanak” Armenian-American Political Daily

Ապրենք մաքուր եւ արժանապատիվ երկրում

12:34 Yerevan | 8:34 GMT | Friday 6 June 2008

Կարինե Հարությունյան

Երեկ շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրն էր...

Ռեժիմի չոքերը, հերթական անգամ, թուլացել էին: Էն էլ ոնց: Մոտ 30 հոգուց վախեցած վարչախմբի ցուցումով ոստիկանները էդ շոգ-կրակին մի լավ քայլեցին, ոնց որ պետքն է` քրտնեցին ու վայ թե մտքներում էլ մի երկու քաղցր խոսք ասացին հայտնի զույգի հասցեին: Քանի որ մեկը թաշկինակով քրտինքն էր մաքրում ու մյուսին, թե. «Արա, ի՞նչ են անում, որ հետեւներից գնում ենք: Զզվել եմ, իմ արեւ»:

Մի խոսքով` Համաժողովրդական Շարժումը իր տրամաբանական «հանգրվանին» է հասնում: Ու ոչ թե այն պատճառով, որ ոստիկանները բարձրաձայնում են իրենց զզվանքի մասին առ գործող վարչախումբ: Պարզապես վախ ասվածը կործանարար գործոն է ցանկացած օրգանիզմի համար, ներսից քայքայվում-խարխլվում է, ու մի օր էլ մահն անխուսափելի է դառնում: Իսկ Քոչարյան-Սարգսյան զույգի կողմից կառավարվող համակարգը վաղուց է խարխլվել, ու մահն այս դեպքում էլ անխուսափելի է: Չե՞ք հավատում: Մի անգամ մասնակցեք երթի, թեկուզ` երկու-երեք հոգանոց: Այս վարչախումբը վախենում է մեկ-երկու հոգուց անգամ: Իրենք դա անվանում են կուտակում ու փորացավ են ընկնում այն մտքից, որ այդ երկու-երեք հոգին կարող է ցանկանան Ազատության հրապարակ մտնել:

Այդպես էր եւ երեկ: «Ժողովրդավարությունը ինտելեկտուալ միջավայրի արդյունք է», «Միասին ապրենք օրենքի եւ արդարության մեջ», «Ժողովրդինն է իշխանությունը» այս եւ այլ նման կոչեր էին երեկ «շրջում» Երեւանի կենտրոնական փողոցներով: Երթը մեկնարկեց ԱԺ շենքի մոտից: «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկելով երթավորները քայլեցին դեպի Մաշտոցի պողոտա, նրանց հետ էլ` մի քանի ոստիկան: Առջեւի շարքում քայլում էր «Հունիսի 20. Ազատության հրապարակ» կոչը պահողը, քանի որ, ինչպես ասվեց, ակցիայի նպատակը ընդդիմության հունիսի 20-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասին հանրությանը տեղեկացնելն էր: «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Լեւոն` նախագահ» վանկարկումներով երթի մասնակիցները Մաշտոցի պողոտան «կտրեցին», հասան Տերյան, ապա` Աբովյան, Թումանյան... Այ, այստեղ ոստիկանները կանգնեցրին: Չէին թողնում Թումանյան-Տերյան խաչմերուկը անցնել` չեք կարող: Անցան: Հետո էլ, թե` չեք կարող բարձրանալ Տերյանով: Բարձրացան: Մի խոսքով` երթավորները ոստիկանների «քթներից բռնած» մի լավ ման տվին, տարան-հասցրին Հյուսիսային պողոտա: Թումանյան-Մաշտոց հատվածում համազգեստավորներից մեկը կանչեց մյուսին` գալիս են, արա, եկեք փակեք: Ազատության հրապարակը, այսինքն: Փակեցին: Թե չէ` ներս մտնողն ով էր: Ջահելներից մեկն ասաց. «Լավ պահեք մեր հրապարակը, որ հունիսի 20-ին հանրահավաք ենք անելու»:

Անցորդների արձագանքների մասին: Երկու տարեց կին, թե` ի՞նչ եք ուզում, գնացեք ձեր տները: Ջահելները միաբերան կանչեցին` «Ա-մոթ, ա-մոթ»: Մի պապիկ էլ գոհունակությամբ ասաց. «Ապրեք, երեխեք ջան, ճիշտը դուք եք»: Մեկ ուրիշը տեսնելով երթի մասնակիցներին, թե` մերոնք եկան: Իսկ Թումանյան ու Աբովյան փողոցներում երիտասարդները հիացմունքի արժանացան: Այս ու այն կողմից ժպտում էին, ձեռքով անում: Իրենք` ակցիայի մասնակիցները իրենց պայքարը հետեւյալ կերպ են բացատրում. «Պայքարում ենք ժողովրդավարական արժեքների վերահաստատման համար: Սահմանադրական կարգը պետք է վերականգնվի մեր երկրում, այլ կերպ չի կարող լինել: Տխրահռչակ Քոչարյանը ասում էր` զոռբայությամբ իշխանության չեն գալիս: Իսկ մենք ասում ենք` զոռբայությամբ իշխանություն չեն պահում»:

Հավելեմ, որ երթի ընթացքում մասնակիցները անցորդներին բաժանեցին Համաժողովրդական Շարժման գաղափարական ոգին արտահայտող կոչ-թերթիկներ, իսկ ոստիկաններին` սթափվելու կոչեր, որոնցում ներկայացված էր մի հատված Չապլինի «Դիկտատոր» ճառից: Երթին մասնակցում էին «Երիտասարդ պահպանողականներ», «Կանայք հանուն խաղաղության» հ/կ-ների եւ այլ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.