|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Որ անկյունից կհայտնվի դաշնակցությունն այս անգամ11:54 Yerevan | 7:54 GMT | Saturday 24 May 2008Արամ Ամատունի Անցնող շաբաթվա ներքաղաքական նշանակալից իրադարձությունների թվում անկասկած իր ուրույն տեղն ունեցավ ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը, որը տեղի է ունենում քառամյակը մեկ, եւ ամփոփում է Դաշնակցության գործունեության անցած չորս տարիները: Վերջին չորս տարիների ամփոփման մասին զեկույցով, Ընդհանուր ժողովի հայաստանցի եւ սփյուռքահայ դաշնակցական պատվիրակների առաջ հանդես եկավ ՀՅԴ փաստացի առաջնորդ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա իր ելույթը սկսեց նրանով, որ ՀՅԴ ամեն մի Ընդհանուր ժողով ինչ-որ առումով «անկյունադարձային» է: Անկյունոտ դրոշ մեր ազատության Չնայած անկյունադարձային ընդհանուր ժողովներին, Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի 2008 թվականի նախագահական ընտրություններում հայտնվել էր մեջտեղում: Պետք է նկատել, որ դա թերեւս հենց Դաշնակցության կամքով էր: Բանն այն է, որ երբ առաջադրվելու որոշում կայացրեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ Դաշնակցությունն իշխանության արձագանքից հասկացավ, որ մրցակցությունը լինելու է բավական սուր, կուսակցության վերնախավի մոտ թերեւս արթնացավ մտքի որեւէ անկյունում անթեղված մի գաղափար, որ կարելի է օգտվել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իշխանությունների դիմակայությունից, եւ երբ նրանք երկուսով կռվեն, Դաշնակցության գործերը կարող են հաջող ընթանալ: Այդպես էլ, վերջին տասնամյակներում սովորաբար տարբեր անկյուններում ծվարող Դաշնակցությունը հայտնվեց մեջտեղում: Թերեւս այդ հաշվարկի հիման վրա էլ Դաշնակցությունը ողջունեց Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն` երեւի թե ակնկալելով, որ իշխանությունն իր ամբողջ ռեսուրսը ստիպված է լինելու նետել Տեր-Պետրոսյանին կասեցնելու համար, եւ Դաշնակցությանը երեւի թե մնալու է գնալ միայն իր առաջ բացված կանաչ ճանապարհով եւ նվաճել նախագահի պաշտոնը, որպես համազգային կոմպրոմիսի տեսլական: Իրականում կյանքը անկյուններից այլ տեսքով է երեւում, իսկ մեջտեղում իրեն զգացնել է տալիս բոլորովին այլ կերպ: Դա ակնհայտ էր ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովում Հրանտ Մարգարյանի ունեցած ելույթից: Բանն այն է, որ երբ երկար ժամանակ գտնվում ես անկյունում եւ աչքդ սովորում է տարածությունն ու ժամանակը անկյունից չափելուն, ապա մեջտեղում հայտնվելով նույն այդ տարածության ու ժամանակի անկյունից երեւացող ամբողջական պատկերը սկսում է նկատվել հատվածաբար: Հետեւաբար առաջանում է ամբողջական իրականությունը մաս-մաս ընկալելու վտանգ, ինչն էլ բերում է առկա իրողությունների նկարագրության ինքնահակասումների: Օրինակ. մեկնաբանելով նախագահական ընտրություններին իրենց մասնակցության հանգամանքը եւ պատճառաբանելով այն` Հրանտ Մարգարյանն ասում է. «Մասնակցեցինք` չբացառելով հաղթանակի հավանականությունը, բայց մեզ համար կարեւոր էր հենց մասնակցությունը: Մենք մի քանի նպատակ էինք հետապնդում. թեպետ 1998-2008 թվականներին եղել էինք իշխանության կողքին եւ կարողացել էինք մեր չափով մասնակից լինել առաջընթացին, ազգային ուղղվածության ձեւավորման հույժ կարեւոր գործին, սակայն օրը օրին նաեւ հայտնել էինք մեր տարակարծությունները. համաձայն չէինք տնտեսական քաղաքականությանը, դժգոհ էինք, որ երկրում ծրագրված պայքար չկար կոռուպցիայի դեմ, անհանդուրժելի էինք համարում արտոնյալ խավի, քրեական, կիսաքրեական տարրերի անօրինական պահվածքը հասարակության մեջ: Համարում էինք, որ այս ամբողջը երկիրը տանում է միահեծանության կամ ցնցումների...»: Տրամաբանական հարց է առաջանում, թե ո՞րն է առաջընթացը, կամ ի՞նչ է առաջընթացը, կամ այդ ինչ առաջընթաց է, «ազգային ուղղվածության հույժ կարեւոր» ձեւավորում, որի պարագայում երկրում չկա ծրագրված պայքար կոռուպցիայի դեմ, կա օրենքից վեր արտոնյալների խավ, կան անպատժելի քրեական եւ կիսաքրեական տարրեր, առկա է միահեծանության կամ ցնցումների հեռանկար:
Դաշնակցության տարիքը չեն հարցնում 118 տարին կատակ բան չէ: Կարելի է ոչ միայն իրականության հետ եղած, այլ սկզբի ու վերջի միջեւ առկա կապն էլ կորցնել, էլ ուր մնաց առաջընթացի եւ «ազգային ուղղվածության» մասին պատկերացումները: Սակայն երբ ՀՅԴ-ն, խորհրդարանական ընտրություններից հետո, անգամ այն բանից հետո, երբ իշխանություններին թույլ տվեց, ի վերջո, համոզել իրեն ինչ-որ կոալիցիանման համագործակցության հուշագիր կնքել, որոշեց սեփական թեկնածուով մասնակցել նախագահական ընտրություններին, շատերին թվաց, թե ՀՅԴ-ն, չնայած պատկառելի տարիքին, չի կորցրել անհրաժեշտության դեպքում իրականությունը սթափ գնահատելու ունակությունը: Խորհրդարանական ընտրություններից հետո առաջացած ներքաղաքական, հատկապես ընդդիմադիր վակուումի պարագայում Դաշնակցությունը ձեռք էր բերում լրջագույն դերակատարում, եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ նա մի ուժ էր, որ սատարում էր հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը չունենալով օրենքով մնալու հնարավորություն` անկասկած պատրաստ էր օգտագործել իշխանական համակարգի ձեւավորման գործում անուղղակի եւ լուրջ ազդեցության ցանկացած հնարավորություն: Դաշնակցության շանսերն իսկապես մեծանում էին, եւ անկասկած է, որ եթե նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու որոշումը կայացվեց ընդամենը Ս.Սարգսյանի հետ հետագա առեւտրի համար, այնուամենայնիվ, այս անգամ, ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, Դաշնակցությունը ըստ ամենայնի մտադրվել էր այդ առեւտրում ավելի լուրջ դիրքեր ունենալ եւ լոյալության ավելի մեծ գին պահանջել: Հասկանալի է, թե ինչու Ընդհանուր ժողովի բացման նիստը Հրանտ Մարգարյանը վերածեց Լեւոն Տեր-Պետրոսյանի քննադատության ցերեկույթի: Առաջին նախագահի մասնակցությունն ընտրությանը ոչ միայն չարդարացրեց դրա հետ կապված Դաշնակցության ակնկալիքը` երկու շան կռվի եւ ճամփորդի հաջողության թեմայով, այլ նաեւ խառնեց Ս.Սարգսյանի հետ առեւտրի Դաշնակցության պլանները: Գին պահանջելու մտադրություն ունեցող Դաշնակցությունն ըստ էության ինքը վերածվեց գնի: «Նախագահական ընտրություններում, մեղմ ասած, հաջողություն չենք ունեցել, մենք ձախողել ենք: Չեմ ընկճվում եւ չեմ վարանում խոստովանել: Խոստովանելով` վերջնական եմ համարում մեր գործունեության մասին իմ գնահատականը, սակայն անմիջապես ավելացնում եմ` պարտությունը մեր սխալ քաղաքականության եւ թերի գործունեության հետեւանքը չէր, եւ այն չի կարող մեզ ընկճել, մեր տեսակի համար պարտությունը կարող է միայն հավելյալ աշխատանքի, ուժերի լարման պատճառ դառնալ», - ասում է Հրանտ Մարգարյանը:
Փող` ծապլվարի հեղափոխականներին Իսկ ինչի՞ հետեւանք էր պարտությունը: Այդ հարցը հասարակությանը հազիվ թե հուզի, որովհետեւ ինչ-ինչ, բայց ընտրություններին Դաշնակցությունը հասարակության հաշվին չէ, որ մասնակցում էր: Այնպիսի մանրուքի համար, ինչպիսին ընտրություններն են, Դաշնակցությունը հազիվ թե անհանգստացներ հասարակությանը: Իսկ ահա ընկերներին` հին, թե նոր, ոչ մի տարբերություն, ընկերներին նեղություն տալը նույնիսկ սրբազան պարտք է: Եվ հիմա երեւի թե Հրանտ Մարգարյանը հենց ընկերներին է հաշվետու լինում` ադարանալով, որ ձախողումը իրենց սխալի, այսինքն` սխալ մարքեթինգի, շուկայի ուսումնասիրության թերացումների հետեւանք չէ: Այսինքն` ծախսերը, քարոզը, գովազդը, ամեն ինչ եղել է ճիշտ, բայց ում մտքով կանցներ, որ ավելի ճիշտ է աշխատելու Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ հասարակությունը ճշտի եւ ավելի ճշտի միջեւ ընտրելու է ավելի ճիշտը: Այսինքն` որեւէ մի ընկեր թող չմտածի, որ Դաշնակցությունը վատ է աշխատել: Աշխատել է այնքան, ինչքան թույլ են տվել ընկերների միջոցները: Հետեւաբար, եթե ընկերներն ուզում են, որ Դաշնակցությունն ավելի լավ աշխատի, ապա պետք է պատճառները փնտրեն իրենց մեջ, ոչ թե Դաշնակցության կամ գուցե իրենց մեջ էլ չէ, այլ իրենց գրպանների մեջ: Դրա համար Հրանտ Մարգարյանը հռչակում է ՀՅԴ ձախողման հիմնական մեղավորին` Լեւոն Տեր-Պետրոսյան: Այսինքն` այն միջոցները, որ ներդրվել էին իշխանությունների դեմ պայքարում, բավարար էին, եթե չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հետեւաբար Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարի համար միջոցները պետք է ավելացնել: Ընդ որում` դա վերաբերում է ոչ միայն հին, այլ նաեւ նոր ընկերներին: Դաշնակցությունը հիմա ունի համեմատաբար նոր երեք ընկեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, եւ ի տարբերություն մեծ Կոմբինատորի, փող աշխատելու համեմատաբար ազնիվ ոչ թե 400, այլ ընդամենը 1 միջոց եւ այն էլ` խիստ կասկածելի ազնվության` բահակրաց արշավանք Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ: Հետեւաբար ընկերներն ընտրության հնարավորություն չունեն, եթե ուզում են իրենց ազատել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա շարժումը քննադատելու անշնորհակալ եւ նույնիսկ, կարելի է ասել, սիզիփոսյան աշխատանքից, ապա երեւի թե պետք է ազատվեն որոշակի գումարից եւ դրանք ազատազրկեն Դաշնակցության մոտ: Իսկ Դաշնակցությունը կզբաղվի այդ անշնորհակալ պայքարով, ինչպես որ 117 տարի շարունակ զբաղվել է ազգը պահպանելու անշնորհակալությամբ, ինչից ազգը պաշտպանվել է մի կերպ, երբեմն մեծ զոհողությունների գնով: Այսինքն` Դաշնակցությունը պիտանելիության հայտ է ներկայացնում կառավարող կոալիցիա կազմած Ս.Սարգսյանին, թերեւս զգալով, որ իշխանական համակարգում վաղ թե ուշ առաջանալու է Դաշնակցության պիտանելիության հարցը: Ներկայիս իրավիճակը չի կարող հավերժ ձգվել: Հայաստանի փաստացի անիշխանությունը, այսինքն` պետական համակարգի ծանրության կենտրոնի խախտումը այն իմաստով, որ պետական դե յուրե համակարգը գտնվում է իշխանությունների տիրույթում, բայց դե ֆակտո անցել է հասարակությանը, ինչքան էլ որ լինի դրական երեւույթ, ինքնին որոշակի աննորմալ վիճակ է: Իսկ մեր տարածաշրջանը բավական նուրբ գոտի է, որպեսզի միջազգային հանրությունը եւ գերտերությունները այդ նուրբ գոտու որեւէ պետության մեջ հանդուրժեն ծանրության կենտրոնի տեւական խախտում: Հետեւաբար ելքը երկուսն են` կամ Ս.Սարգսյանը վաղ թե ուշ ձեւավորելու է իր իշխանությունը եւ հաղթի հասարակությանը, ինչի հնարավորություններն այս պահին ուղղակի չեն ենթարկվում որեւէ առողջ բանականության, կամ հասարակությունը պետք է իր ձեռքով, կառավարման համակարգի դե յուրե եւ դե ֆակտո կենտրոնները ներդաշնակի: Երկու զարգացման դեպքում էլ, Դաշնակցությունը հայտնվում է խաղից դուրս վիճակում: Հետեւաբար երկու զարգացումն էլ Դաշնակցության համար անընդունելի է: Դրա համար հասկանալի է, որ ՀՅԴ-ն կրկին սկսում է նալին ու մեխին ուղղված հարվածները:
Դու նորից կեղծել ես, ինչ անեմ «Գերլարված, գերբեւեռացված, համատարած ընտրակաշառքի եւ կոպիտ ընտրախախտումների պայմաններում` այլ թեկնածուների շարքին փոշիացավ նաեւ մեր քվեն», - ասում է Հրանտ Մարգարյանը եւ Ս.Սարգսյանին համարում «ոչ մաքուր» հաղթանակ տարած ուժ: Իհարկե հարց է առաջանում, թե ինչու՞ այդ դեպքում Դաշնակցությունը գնաց ու «կեղտոտվեց» այդ ոչ մաքուր ուժի հետ եւ կամ թույլ տվեց իրենով «մաքրել» այդ ուժի վրայի ցեխը: Հրանտ Մարգարյանը պատասխանում է այդ հարցին. «Աշխարհում ձեւավորվում է մի ուժ, որը հավակնում է բոլոր ժողովուրդների հարցերը ենթակա դարձնել իր շահին եւ նպատակներին: Սա միայն մեր երկրի իրականությունը չէ, այդպիսին է ժամանակաշրջանը»: Եվ քանի որ ժամանակաշրջանն այդպիսին է, ապա Դաշնակցությունը որոշել է կանգնել հայոց պետականության կողքին: Պարզապես, երեւի թե կրկին տարիքի ծանրության պատճառով կուսակցությունը մոռացել է, որ պետությունը, պետականությունը` դա ժողովուրդն է, ոչ թե նախարարական պորտֆելներն ու ծառայողական մեքենաները: Եթե համաշխարհային դավադրության հրեշը հարձակվեց մեզ վրա, ապա նա հաստատ ոչ վախենալու եւ ոչ էլ, առավել եւս, ամաչելու է, որ ոստիկանապետը դաշնակցական է կամ նախարարական աշխատասենյակների վրա դաշնակցականի անուն է, կամ` ծառայողական մեքենայի մեջ դաշնակցական գործիչ: Այն խժռելու է ամեն ինչ եւ կանգ է առնելու միայն ժողովրդի դեմ: Հետեւաբար, եթե ուժային որեւէ լծակ Դաշնակցությունը Ս.Սարգսյանից պահանջում է համաշխարհային դավադրության դեմն առնելու համար, ապա երեւի թե շատ իզուր, որովհետեւ համաշխարհային դավադրությունը հենց ոստիկանի համազգեստով է պետություններ քանդում` ծեծելով ու գնդակահարելով այդ պետության քաղաքացիներին: Համաշխարհային աներեւույթ ուժերի դեմ պայքարելու փոխարեն, երեւի թե Դաշնակցությունը մեծ գործ արած կլինի, եթե օգնի, որ Հայաստանում հայտնաբերվի այն աներեւույթ ուժը, որը գարնան առաջին օրը խլեց տասը մարդու կյանք, կրակելով չգիտես որ անկյունից: Ի վերջո, անկյունադարձային ժողովներ անող ուժը պիտի որ տեղեկացված լինի անկյունների անցուդարձից:
Դավադրությունից գրավադրություն մեկ քայլ է Չէ, Դաշնակցությունն իսկապես ծերանում է, ընդ որում` ըստ ամենայնի ծերանում է չմտածված: Պետությունների ներքին գործերին միջամտող համաշխարհային ուժի առկայության դեմ անհավասար պայքարի ելած, հողմաղացների դեմ պատերազմող դոն Կիխոտի հացը խլած կուսակցությունը հայտարարում է, որ Հայաստանը պետականորեն պետք է ակտիվորեն ներգրավվի Վրաստանի կազմում Ջավախքի ինքնավարության գործընթացին: Այլ կերպ ասած` Հայաստանի իշխանության մաս կազմող ուժը առաջարկում է, որպեսզի մեր երկիրը խառնվի հարեւան երկրի ներքին գործին: Այսինքն` իր երկրի ներքին գործերին ինչ-որ համաշխարհային միջամտության մասին ահազանգող ուժը ինքն է հանդես գալիս այլ երկրի ներքին գործին միջամտելու կոչով, գրեթե ուղղակի, թեեւ երեւի թե ավելի ուղղակին միայն էշին են ասում, ինչպես կասեր ժողովրդական խոսքը: Հիմա ինչ, արդյո՞ք Դաշնակցությունը այլ երկրների գործերին միջամտող համաշխարհային ուժի մի մասն է, հենց այդ ուժն է, թե՞ պարզապես այլեւս ուժ չունի անգամ սեփական մտքերը հիշելու եւ դրանց միջեւ պատճառահետեւանքային կապը պահելու համար: Կարելի է հասկանալ եւ երբեմն նաեւ ներել ներքին քաղաքականության հարցերում Դաշնակցության շատ հաճախ կամ գրեթե մշտական դարձած կոնֆորմիզմը, երբ զանազան ազգային եւ պետական լոզունգների տակ թաքցվում են ներիշխանական գործարքները, համաշխարհային դավադրությունների անվան տակ սքողվում են դավադրությունները սեփական պետության քաղաքացիների դեմ: Սակայն աններելի է ոչ միայն դաշնակցության, այլեւ ցանկացած այլ ուժի որեւէ քայլ, որն իր մեջ պարունակում է հարեւանների հետ նոր տարածքային վեճի վտանգ: Իսկ Ջավախքի ինքնավարության հարցին Հայաստանի պետականորեն ներգրավումը, ինչի կոչն անում է Հրանտ Մարգարյանը, ուղղակի կրում է այդ վտանգը, որովհետեւ միայն ծայրաստիճան միամիտները կամ ծայրաստիճան արկածախնդիրները կարող են մտածել, որ Թբիլիսին գրկաբաց կընդունի Ջավախքի ինքնավարության գործընթացի ակտիվացումը եւ այն էլ` պաշտոնական Երեւանի ակտիվ ներգրավվածությամբ: Երրորդ ճակատ եւ երկրորդ Ղարաբաղ, ահա այն, ինչ շոշափվում է Ջավախքի ինքնավարության մասին դաշնակցական տեսլականից, որի համար գրավ է դրվելու Հայաստանի պետականությունը: Ղարաբաղը երեւի քամվեց մինչեւ վերջ, հիմա պետք են նորանոր տարածքներ, նորանոր հնարավորություններ, նոր «շուկաներ», քաղաքական եւ զանազան այլ առեւտուրների համար, որոնց գինը լինելու է Հայաստանի քաղաքացիների կյանքը: Թեեւ ինչ կա զարմանալու: Եթե Երեւանի փողոցներում քաղաքացիներին վերացնելը իշխանությունների համար գլխացավանք է, ապա երեւի թե Դաշնակցությունն այդպիսով խորհուրդ է տալիս քաղաքացիներից ազատվելու ավելի նպաստավոր եւ միջազգային հանրության հետ խնդիրներ չհարուցող տարբերակ ընտրել` լավ իմանալով, որ անգամ սխալ գործողությունների հետեւանքով առաջացած կոնֆլիկտի դեպքում էլ հայաստանցիները իրենց կյանքի գնով պատրաստ են լինելու պաշտպանել իրենց ջավախքցի հայրենակիցներին ցանկացած վտանգից: Սակայն, բարեբախտաբար, եթե կա համաշխարհային դավադրության, ապա կա նաեւ համաշխարհային խաղաղության մեխանիզմ, որը թերեւս ավելի ուժեղ է, քան Դաշնակցության ցանկությունները, եւ անկասկած կարող է դրանք թողնել զուտ որպես ցանկություն:
Փնտրեք եւ կգտնեք, բայց` եղած տեղից Եթե Դաշնակցությունը հայ ժողովրդի բարդ պատմության հետ միասին անցել է 118 տարի եւ հասել մինչեւ մեր օրերը, ուրեմն դրա մեջ մի բան կա: Բայց ամբողջ խնդիրը երեւի թե այն է, որ Դաշնակցությունն ինքն էլ ներկայումս չգիտե, չի կարողանում հասկանալ, թե ինչ կա իր երկարակեցության մեջ, որն է դրա գաղտնիքը, արդյոք անավարտ առաքելությու՞նը, թե՞ սխալներն ուղղելու անընդհատ տրվող հնարավորությունների տեսքով դրսեւորվող նախախնամության մեծահոգությունը: Ակնհայտ է թերեւս, որ Դաշնակցությունն աստիճանաբար ոչ թե տեղավորվում, այլ վերջնականապես խճճվում է քաղաքական դաշտում, եւ թերեւս ենթագիտակցական անկեղծություն է ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն այն կարգավիճակը, որ իրենք իրենց տալիս են Դաշնակցության ղեկավարները: ՀՅԴ-ն, իր ամբողջությամբ, չի կարողանում հասկանալ, թե ի վերջո որն է իր տեղը հայ քաղաքական իրականության մեջ: Նա խփվում է պատեպատ` մեկ հասարակության, մեկ իշխանության, մեկ սփյուռքի, մեկ ընդդիմության: Սակայն խնդիրն այն է, որ կուսակցությունն այդ պատից պատ դեգերումները եւ բախումները կանխելու տարբերակը համարում է ոչ թե մի տեղ դիրքավորվելը, հստակվելը, այլ ամենուր լինելը: Մինչդեռ ամենուր լինելու համար պետք է ազատվել մարմնից եւ գոյատեւել լոկ իբրեւ հոգի: Հետեւաբար Դաշնակցությունը այժմ գլխավոր ընտրության առաջ է` թողնե՞լ, թե՞ չթողնել մարմինը, քաղաքական դաշտում լինել իբրեւ հոգի՞, թե՞ որպես կենդանի մարմին, ապրող օրգանիզմ: Բայց ՀՅԴ իրավիճակի ամբողջ ողբերգականությունն այսօր արդեն այն է, որ բաց է թողել սեփական ճակատագրի համար սեփական որոշումներ կայացնելու հնարավորությունը` կամ փոխանակելով պաշտոնների հետ, կամ այն թողնելով մի որեւէ անկյունում: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |