“Zhamanak” Armenian-American Political Daily

Իռացիոնալ ակնկալիքներ չկային

13:09 Yerevan | 9:09 GMT | Friday 23 May 2008

Գոհար Բարսամյան

Իռացիոնալ ակնկալիքներ չկային
Մեծ քաղաքականությունը եւ նրա խաղի կանոնները որոշակի տարապատկեր ստեղծեցին Վրաստանում:

Նախ` Վրաստանը կորցնում է Աբխազիան, ինչը, մեղմ ասած, լավատեսական տրամադրվածություն չի ստեղծում նաեւ իշխանությունների հանդեպ: Երկրորդ` 2007 թվականի նոյեմբերի 7-ի իրադարձությունների հետեւանքով Սահակաշվիլին կորցրեց «ազգային դեմք լինելու» կարգավիճակը եւ դարձավ հասարակության լայն խավերի համար անընդունելի անձ: Այնպես որ, Վրաստանում եւս կա իշխանությունների լեգիտիմության խնդիր: «Վարդերի» հեղափոխության ժամանակ Սահակաշվիլին ուներ 75 տոկոս վարկանիշ, իսկ նախագահական վերջին ընտրությունների ժամանակ, քաղաքական տարաբնույթ տեխնոլոգիաներ կիրառելու պայմաններում անգամ, նրա վարկանիշը դարձավ 53 տոկոս. սա լուրջ ճգնաժամի դրսեւորում է: Վրաստանի գործող իշխանությունները լավ են ըմբռնում, որ ինքնորոշված Աբխազիան սեփական ուժերով ետ վերադարձնելն անհնարին է, թեպետ փորձում էին տնտեսական բարեփոխումների միջոցով ուշադրություն գրավել: Արեւմուտքում մինչ նոյեմբերյան իրադարձությունները Սահակաշվիլին համարվում էր լուսավոր կետ կովկասյան դեսպոտիզմի շրջանում, նրան փաղաքշաբար անվանում էին` Միշա: Մինչդեռ նոյեմբերյան իրադարձությունների ժամանակ կիրառած բռնի մեթոդները` արցունքաբեր գազ, ռետինե գնդակներ... փոխեցին նաեւ Արեւմուտքի վերաբերմունքը քաղաքական այս գործչի նկատմամբ: Սակայն այսօր էլ Արեւմուտքը Վրաստանում այլընտրանք չունի. հանգամանք, ինչը ենթադրել է տալիս խորհրդարանական ընտրությունների ելքը: Թեպետ ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը կոշտ նախազգուշացրել են Սահակաշվիլուն: Այնպես որ, նոյեմբերից հետո ծրագրված նախագահական ընտրությունների ելքը` 50 տոկոսանոց սահմաններում, եւս կանխատեսելի էր: Այժմ էլ, ինչպես ակնկալվում էր, Միխեիլ Սահակաշվիլու կուսակցությունը հաղթանակ ապահովեց խորհրդարանական ընտրություններում` հավաքելով 63 տոկոս ձայն` գրեթե հասնելով նախկին ցուցանիշին: Ամենախոշոր ընդդիմադիր խմբավորումը, որում ներառվել են 9 կուսակցություններ, ստացել է 14 տոկոս ձայն:

Աբխազիայում ընտրությունների օրը մի շարք ընդհարումներ են գրանցվել: Վրաստանի իշխանությունների տվյալներով` աբխազները կրակ են բացել վրացիների վրա, ովքեր կամենում էին հանրապետությունից դուրս գալ` ընտրություններին մասնակցելու համար: «Ըստ էության մենք ստացանք սահմանադրական մեծամասնություն», - ասել է Միխեիլ Սահակաշվիլին: Ընդդիմությունը հայտարարում է, որ ընտրություններն անցել են մեծ կեղծիքներով: Մասնավորապես` միացյալ ընդդիմության խորհրդի ղեկավար Լեւան Գաչեչիլաձեն ընտրությունների արդյունքը հուսալի եւ ներկայացուցչական չի համարել, իսկ Դավիթ Գամկրելիձեն հայտարարել է. «Ընդդիմությունը հաղթել է այդ ընտրություններում, որոնք ազատ եւ արդար համարվել չեն կարող»: Սահակաշվիլին լավ է գիտակցում, որ Վրաստանը գտնվում է բավական բարդ միջազգային իրավիճակում: Նրա կարծիքով` Վրաստանի ժողովրդավարության համար այս ընտրությունները իսկական քննություն են: Սահակաշվիլին համոզում է, որ այդ ընտրությունները լավ էին կազմակերպված եւ հանդարտ են ընթացել: Վրաստանի նախկին արտգործնախարար Դավիթ Բակրաձեն մեղադրել է ընդդիմությանը քվեարկությունը վիժեցնելու փորձերի համար: Արեւմուտքի դիտորդական առաքելության ներկայացուցիչները իրենց կարծիքը կհայտնեն այսօր: Ամեն դեպքում առաջընթաց կարելի է համարել, որ Վրաստանը առաջին անգամ ավելի բազմակուսակցական խորհրդարան կունենա: Ակնկալվում է, որ, ըստ էության, խորհրդարանական ընտրությունները կարող են վերջ դնել քաղաքական ճգնաժամին, որը երկրում սկսվել է 2007 թվականի հոկտեմբերին: «The Washington Times» պարբերականի նկատառումներով` Վրաստանի արեւմտամետ կառավարությունը Արեւմուտքի օգնության կարիքը ունի, իսկ Ռուսաստանի նոր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երդման խոսքից կարելի է ակնկալել, որ նա ավելի փափուկ կղեկավարի: Վեճն, ըստ էության, Վրաստանի` արեւմտյան մոդելի զարգացման շուրջ է. Վրաստանը կամենում է ինտեգրվել ՆԱՏՕ-ին, Մոսկվան դեմ է:

Փաստացի` Ուկրաինան եւ Վրաստանը դուրս են գալիս Ռուսաստանի ուղեծրից: «The Washington Times» պարբերականը կարծիք է հայտնել, որ ռուսական էքսպանսիան կանխելու համար ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն պարտավոր են Ռուսաստանին դատապարտել եւ պահանջել Վրաստանի անկլավներից ռուսական զորքերը դուրս բերել:

Վերլուծական
Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Սերժ Սարգսյանի ֆրանսիական այցից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բավական հետաքրքրական իրադարձություններ:

Քաղաքական
Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Հետահայաց հարցազրույց հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.