|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Գործարք ռեժիմի հետ` օրենքի տեսքով13:14 Yerevan | 9:14 GMT | Thursday 22 May 2008Հեղինե Մանուկյան Ինչպես հայտնի է, նախօրեին ԱԺ-ն 93 կողմ, 6 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընունեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հեղինակած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ըստ էության, այդ փոփոխություններով ու լրացումներով փորձ է արվում սույն օրենքը դարձնել հնարավորինս ոչ ժողովրդավար, այսինքն` իշխանությունների ճաշակով: Եվ սա այն դեպքում, երբ դեռեւս ապրիլի 17-ին ընդունված ԵԽԽՎ 1609 բանաձեւի 7-րդ կետը պահանջում է ուժը կորցրած ճանաչել օրենքում կատարված եվրոպական չափանիշներին հակասող փոփոխությունները: Երեկ այդ «հաշմանդամ» օրենքի հետ կապված «Ուրբաթ» ակումբում ասուլիս էր հրավիրվել, որին մասնակցում էին «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նշենք, որ ստեղծվել է աշխատանքային խումբ` հ/կ-ների փորձագետներից ու ակտիվիստներից, որը հետեւելու է ԵԽԽՎ բանաձեւի ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկելիք քայլերին եւ դրանց արդյունքների մասին պարբերաբար իրազեկելու է հասարակությանը, «որպեսզի չստացվի հերթական թոզփչոցին»: «Այս օրենքով իշխանությունները փորձել են սահմանափակել ընդդիմության գործունեությունը, բայց, փաստորեն, մենք էլ ենք այս օրենքի զոհը` որպես հասարակություն», -օրենքին իր գնահատականը տվեց Ա.Կոստանյանը: Ըստ նրա` քանի որ իշխանությունները ցանկացած հանրային միջոցառում կապում են ընդդիմության հետ կամ այն համարում ընդդիմության կողմից ուղղորդված, ուստի շատ հնարավոր է, որ ցանկացած` քաղաքաշինական, բնապահպանական եւ այլ թեմաներով կազմակերպվող միջոցառման անցկացում մերժվի քաղաքապետարանի կողմից` հիմնվելով ազգային անվտանգության նկատառումներից ելնելով չհրապարակվող տվյալների վրա: Խոսքը ոստիկանության եւ ԱԱԾ-ի կողմից քաղաքապետարանին ներկայացված համապատասխան եզրակացության մասին է, որի հիման վրա էլ քաղաքապետարանը թույլատրում կամ մերժում է այս կամ այն միջոցառման կազմակերպումը: Տիկին Կոստանյանն անդրադարձավ նաեւ օրենքի փոփոխության հետ կապված Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽԽՎ բանաձեւում տեղ գտած հակասություններին: Ըստ այդմ` Վենետիկի հանձնաժողովը դժգոհել է, որ քաղաքապետարանի թույլտվություն տալու ժամկետը երկարացվել է եւ երեք օրից հինգ օր դարձել` ենթադրելով, որ մերժում ստացողները կարող են դիմել դատարան եւ բողոքարկել մերժումը: «Շատ ծիծաղելի է, քանի որ ԵԽԽՎ բանաձեւի 6.3 կետում ասվում է, որ ՀՀ-ում դատարանները դեռ չունեն անհրաժեշտ անկախության մակարդակ, որպեսզի հանրությանը վստահություն ներշնչեն, այսինքն` Վենետիկի փորձագետները, ընդունելով, որ մեր դատարանները վստահելի եւ անկախ չեն, ասում են, որ նրանք կարող են արդար որոշում կայացնել»: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր խոսքում այդ կապակցությամբ ասաց. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով հասարակական կարգի պահպանությանը, ազգային անվտանգությանը վերաբերող տվյալների հավաքագրումը վերապահված է ոստիկանությանն ու ԱԱԾ-ին, որոնք, ի դեպ, այդ տվյալները հավաքագրում են գաղտնի կերպով: Եթե մենք չգիտենք այդ տվյալների հավաքագրման մասին, չգիտենք դրանց բնույթը, ինչպե՞ս կարող ենք բողոքարկել դրանք դատարանում: Ես պնդում եմ, որ նման լիազորություններ այդ մարմիններին տալը ենթադրում է, որ վերջիններս իրենց ոչ թափանցիկ, ոչ հիմնավոր տվյալների հիման վրա կարող են սահմանափակել քաղաքացիների հանրահավաքներ անցկացնելու իրավունքը»: Վերջինս անդրադարձավ նաեւ ինքնաբուխ հանրահավաքներին, որոնք, ըստ փոփոխված օրենքի, 6 ժամից ավել տեւել չեն կարող: Ըստ Սաքունցի` ինքնաբուխ հանրահավաքը չպետք է ժամանակային սահմանափակում ունենա, եւ մարդը պետք է բողոքի այնքան ժամանակ, մինչեւ հասնի իր խախտված իրավունքների վերականգնմանը: «Վենետիկի հանձնաժողովի կողմից նման ոչ իրատեսական մոտեցումը դիտում եմ որպես գործարք ռեժիմի հետ», - ասում է Սաքունցը: Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ ապրիլի 15-ին տեղի ունեցած նշյալ օրենքի եւ դրա վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացության նախագծի քննարկման հուշագրին, որի կազմմանը մասնակցել են նաեւ այդ կառույցի փորձագետները, եւ ուշադրություն հրավիրեց հուշագրի վերջին նախադասության վրա, ուր ասվում է. «ՀՀ ԱԺ-ում օրենքի նախագիծը կքննարկվի փորձագետների եզրակացությունը ստանալուց հետո»: Մինչդեռ օրենքը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է միայն մեկ` Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացության հիման վրա: Նշենք, որ ԱԺ նախագահն այդ բացթողումը մեկնաբանել է հետեւյալ կերպ, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների կարծիքն էլ է ստացվել, որը շուտով կհրապարակվի: Սակայն «շուտով»-ը առայժմ հետաձգվում է, ինչպես հերվա «անհապաղ` չի նշանակում անմիջապես»-ը: Պատգամավորն ասաց նաեւ, որ ԱԺ պատգամավորներին տրված «Վենետիկի հանձնաժողովի» փորձագիտական եզրակացության առանձին հատվածների հայերեն թարգմանությունը չի համապատասխանում դրա անգլերեն բնօրինակին: «Այն մտավախությունները, որոնք կային նախորդ համատեղ եզրակացության մեջ` փաստացի այս փոփոխություններով չեն լուծվելու: ԱԺ-ն փորձում է ցույց տալ ԵԽ-ին, թե իրենք որոշակի աշխատանքներ են անում: Մինչդեռ ԵԽԽՎ բանաձեւում նշված է, որ օրենքը պետք է իր նախկին տեսքն ստանա, այսինքն` չեղյալ հայտարարվեն կատարված փոփոխությունները»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել: ՔաղաքականԱյսօր: Մատենադարանի մոտ: 19.00Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ... ԱշխարհԻ՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |