|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Սարի պես տղեն էս խուժան իշխանությունների մեղքով սրտի պրոբլեմ ունի»11:22 Yerevan | 7:22 GMT | Saturday 17 May 2008Հեղինե Մանուկյան «Ա-մոթ, ա-մոթ»` ահա այս կերպ էին իրենց վրդովմունքն արտահայտում դատախազության շենքի առաջ հավաքված մի խումբ կանայք, իսկ ամոթի արժանացածները հասարակական կարգը պահպանելու իրենց առաքելության մասին մոռացած ու քարի դարում ապրող գոյին բնորոշ վարքագիծ դրսեւորած հայրենի համազգեստավորներն էին: Եթե վերջիններիս մոտ ամոթի դեֆիցիտն այդքան ակնհայտ չլիներ, ապա, հաստատ, հացադուլավորի եւ նրան զորակցելու եկած մարդկանց վրա հարձակվելու, նրանց աքացիների տակ առնելու, հայհոյախառը բառապաշարով հատկապես կանանց «նախշելու» փոխարեն, քաղաքակիրթ մարդուն բնորոշ վարք կդրսեւորեին: Ուրեմն, նմաններին ամոթանք տալն այս դեպքում ինչ-որ տեղ մեղմասացություն է: Իսկ հացադուլավորը ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանն էր, ով նախօրեին բողոքի հենց այս` ծայրահեղ ձեւն էր ընտրել, պահանջելով անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալ մեկուսարանում գտնվող, սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունեցող ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանին եւ ազատ արձակել վերջինիս: Երեկ կեսօրին անժամկետ հացադուլ հայտարարած Սարգսյանը, ով ամբողջ գիշերն անցկացրել էր դատախազության դիմացի այգու նստարանին, որոշել էր այգում վրան խփել` փոքր-ինչ հանգստանալու համար: Սակայն քիչ անց նրան են մոտեցել իրավապահները` հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ եւ Կենտրոնի ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, գնդապետ Տարոն Բաղդասարյանի գլխավորությամբ, հացադուլավորին «լավով» խորհուրդ են տվել դուրս գալ վրանից ու հեռանալ, սակայն երբ Սարգսյանը փորձել է բացատրել, որ հացադուլավորն իրավունք ունի նաեւ հանգստանալ, փրփրակալած իրավապահները ծանր են տարել դիմակայությունն ու քացով խփել են Սարգսյանի ոտքերին, ուժով դուրս բերել վրանից, տապալել վրանը, նույնիսկ այնքան ճարպիկ են գտնվել, որ թռցրել են նաեւ Սարգսյանի կոշիկի մի զույգը, հրմշտել ու հայհոյել վրանի շուրջ հավաքված կանանց...մի խոսքով` «մարտեր առանց կանոնների»: Պատմում է Հրաչյա Սարգսյանը. «Ամբողջ աշխարհում ընդունված է, որ հացադուլավորները կարող են վրան տեղադրել եւ իրենց հանգիստը անցկացնել վրանում: Ժամը 13.00-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները` գնդապետ Տարոն Բաղդասարյանի գլխավորությամբ, ինձ բռնի ուժով, ծեծելով դուրս հանեցին վրանից, տարան իմ բոլոր իրերն ու վրանը եւ կանանց համառ պահանջով վերադարձրեցին միայն կոշիկներս: Մտածում են, որ եթե Հրաչյա Սարգսյանի մարմինը տանում են, ուրեմն հոգին էլ կտանեն, միտքն էլ, ուղեղն էլ: Իմ հացադուլին արդեն միացել են եւս հինգը, եւ մենք այստեղից որեւէ տեղ չենք պատրաստվում գնալ»: Ի դեպ, այգում, որտեղ Հրաչյա Սարգսյանի երբեմնի վրանն էր տեղադրված, հավաքվել էին մի խումբ կանայք` ձեռքներին Արամ Կարապետյանի նկարով ցուցապաստառներ եւ «ամոթ»-ից բացի` նաեւ վանկարկում էին «Ազատություն», «Ազատ, անկախ, Հայաստան»: Նրանցից մեկը` ՆԺԿ կազմ.բաժնի պատասխանատու Մարինե Աթայանը, ում նկատմամբ եւս ոստիկանները անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերել, խիստ վրդովված տոնով ասաց. «Իրենց այս անպատկառ վարմունքով մի անգամ նորից ապացուցում են` ուժն է ծնում իրավունքը: Ես չեմ ուզում այսպիսի երկրում ապրել, խնդրում եմ, ինձ ցույց տվեք այն օրենքը, ըստ որի ես չեմ կարող այստեղ հացադուլ անել: Նրանց չի հետաքրքրում այն, որ մարդը սոված-ծարավ գիշեր է անցկացրել, նրանց վրանն է վախեցնում: Ինչու՞ եք վախենում վրանից: Մենք պատրաստ ենք նույնիսկ այստեղ զոհվելու, միայն թե Արամ Կարապետյանին բաց թողնեն: Նա հանցագործ չի, իսկական հանցագործները դրսում են»: «Ստիպում են, որ ամբողջ ժողովուրդը հացադուլի նստի, նորից մեզ հետ ուզում են վարվել այնպես, ինչպես մարտի 1-ին վարվեցին: Արամի տեղը բանտում չի, այլ ժողովրդի հետ», -ասաց Վիոլետա Ղազարյանը: «Սարի պես առողջ տղան` Արամը, էս խուժան իշխանությունների ձեռքով էսօր սրտի հետ կապված պրոբլեմ ունի», - կարճ կապեց մեկ այլ կին: Ի դեպ, երեկվա «քաջագործության» հեղինակ հատուկ ջոկատայինները, այն ընթացքում, երբ կանայք վրդովված պատմում էին իրենց գլխովը եկածի մանրամասները, այգուն կից սրճարանում նստած` իրենցից գոհ սուրճ էին խմում եւ քթների տակ ինչ-որ բաներ մրթմրթում: Հ.Գ. Մայիսի 19-ին, ժամը 16: 00-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա քննչական մարմնի կողմից Ա.Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությանն առնչվող դատական նիստը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել: ՔաղաքականԱյսօր: Մատենադարանի մոտ: 19.00Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ... ԱշխարհԻ՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |