|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հանրաքվե չի, պլեբիսցիտ է. իրավական որեւէ ուժ չունեցող հարցում10:38 Yerevan | 6:38 GMT | Saturday 17 May 2008Էմմա Գաբրիելյան Եվ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այդ մասին պետք է որ տեղյակ լինի: Հունիսի 7-ին ծրագրված Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ սանկտպետերբուրգյան բանակցային ռաունդից առաջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունների միջեւ դիվանագիտական փոխհրաձգություն է սկսվել: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ օրերս Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հրապարակեց պաշտոնական Բաքվի դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման շուրջ, այն հիմնական սկզբունքները, որոնք Ադրբեջանը պաշտպանում է: Այսպես` Ա.Ազիմովը ներկայացրել է 8 կետից բաղկացած սկզբունքներ: Որպես հակամարտության կարգավորման հիմնական սկզբունք` ադրբեջանցի պաշտոնյան առաջին կետով ընդգծել է հետեւյալ պահանջը. «Հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ տվյալ մոտեցումն այլընտրանք չունի»: Երկրորդ կետում նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական նպատակը` «ոչ միայն 7 գրավյալ շրջանների», այլեւ Լեռնային Ղարաբաղի վերադարձն է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի համար ապահովելով համապատասխան կարգավիճակ: Բացի այդ, պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու հարցն է նախ ընդգծում` որպես հակամարտության կարգավորման գլխավոր սկզբունք, ապա` 7 շրջանների հարցը բարձրացնում: Երրորդ սկզբունքը` ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, Արազ Ազիմովը ներկայացնում է իբրեւ «ներքին ինքնորոշման» (internal self-determination) խնդիր` տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման շրջանակներում: Այսինքն` հետեւյալ տրամաբանությունն է` որեւէ տարածքի՝ տվյալ պետության կազմից դուրս գալու համար անհրաժեշտ է վերջինիս համաձայնությունը: Հետեւաբար, եթե Ադրբեջանը համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի իր երկրի կազմից դուրս գալուն, ապա ԼՂ-ն կարող է ինքնորոշվել միայն իր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում ինքնավարություն ստանալու միջոցով: Ա.Ազիմովի հրապարակած չորրորդ սկզբունքի համաձայն` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հնարավոր է լուծել միայն այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղ կվերադառնան այնտեղից տեղահանված ադրբեջանցի փախստականները եւ կապահովվի նրանց անվտանգությունը հայ բնակչության հետ հավասար պայմաններում: Հինգերորդ կետով առաջարկվում է Լաչինի ճանապարհը տրամադրել երկու կողմերին համատեղ օգտագործման նպատակով: Պաշտոնական Բաքվի հրապարակած վեցերորդ սկզբունքը փաստում է, որ Ադրբեջանը պատրաստ է միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների իրավունքները հարգելու նպատակով, եթե Հայաստանը դադարեցնի Ադրբեջանի տարածքների «օկուպացիան»: Յոթերորդ կետով Ադրբեջանի փոխարտգործնախարարը, կարելի է ասել, միջնորդ պետություններին առաջարկում է. ադրբեջանցիների Լեռնային Ղարաբաղ վերադառնալու, Լաչինով անցնող ճանապարհը երկու կողմերի օգտագործմանը հանձնելու եւ տարածաշրջանի կարգավիճակը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում որոշելու սկզբունքները պետք է ներառվեն հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների նախագծի մեջ, եւ ընդգծում է, որ այդ դեպքում միայն քննարկումները արդյունքների կհանգեն: Իսկ վերջին` ութերորդ կետով Ա.Ազիմովը շեշտում է, որ ԼՂ-ն պետք է մնա Ադրբեջանի կազմում, դա կհանգեցնի հակամարտության կարգավորմանը եւ Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը, իսկ եթե Հայաստանը ընտրի այլ ճանապարհ, այդ դեպքում, թշնամությունից եւ մեկուսացումից բացի, ոչինչ ձեռք չի բերի: Ինչպես նկատում եք, պաշտոնական Բաքուն առաջիկա բանակցությունների նախաշեմին հստակեցնում է իր համար ընդունելի սկզբունքները: Ավելին` Ա.Ազիմովին լրացրել է ադրբեջանցի մեկ այլ պաշտոնյա: «Ե'ւ համանախագահները, ե'ւ Ադրբեջանը, ե'ւ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում պետք է որպես հիմք ընդունեն ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընդունած` «Ադրբեջանի գրավյալ տարածքների իրադրության մասին» բանաձեւը», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Խազար Իբրահիմը: «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ դիվանագետը պարզաբանել է, որ տվյալ բանաձեւը ոչ թե Ադրբեջանի, այլ միջազգային հանրության դիրքորոշումն է: «Ընդունելով նման բանաձեւ` միջազգային հանրությունը ցույց տվեց, թե ինչ հիմքի վրա պետք է լուծվի հակամարտությունը», - ընդգծել է Խ.Իբրահիմը: Պաշտոնական Բաքվի վերջին բացահայտումներին ի պատասխան ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 15-ին ԱԺ-ում հայտարարել է, թե ղարաբաղյան բանակցությունների առանցքը ԼՂ կարգավիճակի հարցն է, որը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով: Ա.Ազիմովի հրապարակած սկզբունքների առնչությամբ Հայաստանի ԱԳ նախարարը նկատել է, թե դրանք քննարկվող փաստաթղթի հետ որեւէ առնչություն չունեն. «Ազիմովը հայտնել է իր կարծիքը կամ՝ ադրբեջանական կողմի տեսակետը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Հանդիպումից հետո հայտարարել եմ, այսօր եւս մեկ անգամ կհաստատեմ, որ բանակցությունների առանցքը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով: Սա Ղարաբաղի բնակչությանը հնարավորություն կտա ազատ արտահայտել իր կամքը ԼՂ ապագա կարգավիճակի վերաբերյալ», - հայտարարել է Է.Նալբանդյանը: Նկատենք, սակայն, որ նորանշանակ ԱԳ նախարարը առնվազն անկեղծ չէ իր հայտարարություններում: Հայտնի է, որ կարգավորման վերջին առաջարկներում խոսքն ամենեւին էլ հանրաքվեի մասին չէ: Ի համեմատություն 1997թ. «փուլ առ փուլ» տարբերակի եւ այսօրվա` մադրիդյան փաստաթղթի միջեւ էական նահանջ է արձանագրված, եւ այդ մասին բազմիցս ասվել է: Վերջին` 2007թ. նոյեմբերի վերջին Մադրիդում ներկայացված առաջարկներում հանրաքվեի մասին հիշատակում չկա, հանրաքվեի փոխարեն պլեբիսցիտի` հասարակական կարծիքի հարցման մասին է խոսքը գնում: Եվ հայտնի է, որ միջազգայնորեն ճանաչված հանրաքվեն իրավական որոշիչ ակտ է` իր իմպերատիվ իրավական հետեւանքներով, մինչդեռ պլեբիսցիտը իրավական որեւէ ուժ չունեցող, ոչինչ չպարտավորեցնող հարցում է, եւ անգամ պարտադիր չէ, որ այդ հարցումները ընտրական մեխանիզմով` քվեարկությամբ իրականացվեն: Հիշեցնենք նաեւ, որ մադրիդյան բանակցություններից օրեր անց ռուսաստանյան մամուլում հայտնվեցին բացահայտումներ մադրիդյան սկզբունքների շուրջ: Ռուսաստանյան «Կոմերսանտը» 2007թ. դեկտեմբերի սկզբին, հղում կատարելով դիվանագիտական իր աղբյուրներին, տեղեկացնում էր, որ հայտնի են դարձել Մադրիդում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացրած փաստաթղթի որոշ մանրամասները: Ըստ այդմ` Երեւանը պետք է փուլ առ փուլ վերադարձնի Լեռնային Ղարաբաղի շրջակա, հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները: Հայկական զորքերը պետք է հեռանան Քելբաջարի շրջանից (այնտեղ կմնա միայն սահմանափակ թվով զորք), իսկ Ադրբեջանից դեպի Նախիջեւան տանող ճանապարհը պետք է բացվի: Քելբաջարի շրջանում պետք է հաստատվի միջազգային կառավարում, որ կգործի ԵԱՀԿ-ի ներքո, սակայն ժամանակի ընթացքում շրջանը կհանձնվի Ադրբեջանի ամբողջական վերահսկողությանը: Միեւնույն ժամանակ նախագիծը նախատեսում է Լաչինի շրջանում Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքի ստեղծում: Հայկական կողմի ազատած տարածքները պետք է ապառազմականացվեն, եւ այնտեղ պետք է տեղակայվեն միջազգային խաղաղապահներ: Վերջապես, միջազգային հանրությունը պետք է խրախուսի այդ շրջաններից հայ վերաբնակիչների վերադարձը Հայաստանի ներքին շրջաններ, իսկ մի քանի տարի անց Քելբաջարի շրջան կարող են վերադառնալ ադրբեջանցի փախստականները: «Խաղաղ համաձայնագրի երաշխավորը կլինի ՄԱԿ-ի ԱԽ-ն», - ամփոփել էր «Կոմերսանտը»: Ինչպես նկատում եք, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի կամ կարգավիճակի հարցով հանրաքվեի մասին որեւէ հիշատակում չկա: Չմոռանանք նաեւ 2006թ. հունիսի 22-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես հրապարակված ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի կողմերին ներկայացված առաջարկությունների հիմնական` փուլային սկզբունքները: Ի՞նչ էին մատնանշում համաձայնագրի այդ սկզբունքները, որոնք մինչ այսօր բանակցությունների հիմք են հանդիսանում: Խոսքը շրջանակային համաձայնագրի մասին է, ըստ որի նախատեսվում է` հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի տարածքներից, Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական եւ դիվանագիտական կապերի բարելավում, խաղաղապահների տեղակայում, միջազգային տնտեսական օժանդակություն ԼՂ-ին, իսկ վերջում` «ինչ-որ մի պահի` նաեւ քվեարկություն ԼՂ ապագա կարգավիճակի հարցով»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել: ՔաղաքականԱյսօր: Մատենադարանի մոտ: 19.00Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ... ԱշխարհԻ՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |