“Zhamanak” Armenian-American Political Daily

Չջոկող ազգ, էլի: Չէ, մերը չէ: Հո խելա՞ռ չեք: Մերը` ո՞նց: Մե~րը...

11:33 Yerevan | 7:33 GMT | Friday 16 May 2008

...Լեհերը: Ու էդ էլ հերիք չի, հըլը մեզ էլ, փաստորեն, ձեռ են առնում: Բայց ոչ էն պատճառով, որ իրենց աղջկեքը սիրուն են, չէ~... Քաղաքական:

Մի երկու-երեք օր առաջ, ուրեմն, ավելի ստույգ` երեքշաբթի օրը, Վարշավայի քաղաքային անտառներից փողոց է դուրս եկել մի իշայծյամ, որին «Քաղաքային անտառներ» բնապահպան կազմակերպության մայրաքաղաքային բաժանմունքի ներկայացուցիչը սպանել է` հիմք ընդունելով անասնաբույժի թույլատրությունը, խուսափելու համար կենդանու ենթադրյալ հիվանդության տարածման հավանականությունից:

Էս հըլը հեչ:

Դրանից հետո, ուրեմն, Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնեւ Չվենկալսկին լեհական ռադիոյին ասել է. «Դա շոկ է: Դատախազությունը կբացահայտի, թե ինչու են քաղաքի կենտրոնում կրակել կենդանու վրա, որը որեւէ վտանգ չէր ներկայացնում: Հանցագործության մեջ մեղավորին մեղադրանքներ կներկայացվեն ոչ միայն որսորդության մասին օրենքի, այլեւ քրեական օրենսգրքի շրջանակներում: Պետք է բացահայտվի, թե ինչու են քաղաքի կենտրոնում կրակել հրազենից»:

Էս էլ վերջը չի: Էլի բան կա:

Լեհաստանի ներքին գործերի նախարար Գժեգոժ Սհետինան նույնպես խոստացել է. «Այդ գործը անպայման պետք է քննվի»: Իսկ արդարադատության նախարարն էլ անձամբ իր վերահսկողության տակ է վերցրել գործը:

Զգացի՞ք, ոնց են մեզ ձեռ առնում էդ լեհերը:

Նախ. անտառն ի՞նչ գործ ունի մայրաքաղաքում, այ անհասկացողներ:

Բա էլիտարը-հյուրանոցը-օբյեկտը որտե՞ղ եք սարքում: Թե՞ չունեք: Չտեսնե~ր:

Երկրորդ. իշայծյամն ի՞նչ գործ ունի էդ անտառում: Վաղուց պիտի դրանց քոքը կտրած-կերած-պրծած լինեիք, պոզերն էլ կամ տանը պատին խփած կամ նվիրած կամ ծախած:

Անվճար խորհուրդ` քանի որ մեր քաղաքակրթությունն ավելի հին է, քաղաքակրթվածության աստիճանն` անհամեմատ բարձր, որովհետեւ էն ժամանակ, երբ մենք թատրոն ունեինք` դուք դեռ ծառերի վրա էիք. ծառը` կտրելու համար է, հողը` ասֆալտով ու բետոնով սպանելու, իսկ կենդանին` ու-տե-լու...

Նախարարն էլ` ոչ թե շոկի մեջ ընկնելու համար է, այլ քաղաքի կենտրոնում հնչած-հնչող-հնչելիք կրակոցները արդարացնելու, թերթ փակելու, միտինգ արգելելու: Ու անձնական հարցեր լուծելու:

Դատախազությունն էլ` դե գիտեք. գործ սարքելու, մարդ բռնելու:

Ոստիկանն էլ` սրա-նրա ջեբը պլան, փամփուշտ, տանկ գցելու: Գործ տալու:

Եվ, ի վերջո, հասկացեք. կրակում են հենց այն դեպքում, երբ վտանգ չեն ներկայացնում, կրակում են նրանց վրա, ովքեր վտանգ չեն ներկայացնում, ու կրակում են նրանք, ովքեր վտանգ են ներկայացնում:

Եվ հրազենից հենց քաղաքի կենտրոնում է պետք կրակել, ոչ թե սահմանի վրա:

Հանցագործներն էլ նրանք չեն, ովքեր հանցագործ են, այլ նրանք, ով պետք է եւ ով նշանակված է, իսկ որոշում են նրանք եւ նշանակում են նրանք, ովքեր հանցագործ են:

...Էս ջահել ազգերը լրիվ իրանց ձեռ են առել: Տվել-անցել են: Իրանց: Ու մեզ գցել կրակը:

Փաստորեն դրանց խաթեր են սաղ օրը մեր զահլեն տանում, թե մարտի 1-ը բացահայտեք, սպանողներին բացահայտեք, անմեղ մարդկանց բաց թողեք, խոսելու, արտահայտվելու հնարավորություն տվեք...

Անտառ:

Պուրակ:

Իշայծյա~մ...

Ըսենցների անհասկացողությունից ենք էս օրն ընկել: Փաստորեն:

Բայց դրանք ու դրանց նմանները չեն հասկանում, որ մենք եղել ենք-կանք-ու կլինենք, իսկ իրենց նման էրեկ-մեկէլօրվանները` էսօր կան-էգուց չկան:

Բա:

Արխիվ
Վերլուծական

Մտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն

1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական...

Քաղաքական

Հերթական անակնկալը

Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր:

Աշխարհ

Եվ դարձյալ հայ-թուրքական թեմայով

Սեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.