“Zhamanak” Armenian-American Political Daily

Արտաշես Բարսեղյան. «Այսօր Հայաստանում ժողովուրդն է դրության տերը»

11:30 Yerevan | 7:30 GMT | Friday 16 May 2008

Կարինե Հարությունյան

Համաժողովրդական Շարժումը, որը ազգային-ազատագրական, ժողովրդավարական եւ այլ բարձր արժեքների կրողն է, իր շնչով վարակեց նաեւ բազմաթիվ սփյուռքահայերի: Արտաշես Բարսեղյանը նրանցից, բայց ավելի ճիշտ` ազգի, հայրենիքի նվիրյալներից մեկն է: Բնակվում է Ֆրանսիայում, համակված է մեր երկրում ընթացող Շարժման իրողությամբ:

-Պարոն Բարսեղյան, Ձեր կարծիքով ի՞նչ ժամանակներ է ապրում Հայաստանը այս օրերին:

- Սրանք ինձ համար վերածննդի օրեր են: Ազգային վերածննդի: Օրեր, որոնք, ցավոք, հիմնված են ժողովրդի արյան վրա: Սա պատմական մի էջ է, որը գրված է մարտի 1-2-ի զոհերի արյամբ, բայց հաղթանակի էջ է: Հոգեւոր ազատագրման, Հայաստանի քաղաքացու քաղաքացիական գիտակցության էջ է:

- Ի՞նչն է Ձեզ հիմքեր տալիս ասելու, որ ժողովուրդը քաղաքացիական գիտակցության վերածնունդ է ապրում:

- Օրինակները շատ-շատ են: Հյուսիսային պողոտայում հավաքվող, երթի գնացող, դատարաններում օրինականություն պահանջող մարդիկ: Այսօր հայ ժողովուրդը ցույց է տալիս քաղաքացիական գիտակցություն ունեցող հասարակությանը բնորոշ հատկանիշներ: Օրինակ ես հետեւում եմ Գյումրիում ընթացող քաղբանտարկյալների դատերին: Դատավորը ճնշում է վկաներին, պրովոկացիայի ենթարկում, դատախազը՝ նույնպես: Հակաժողովրդական-հակաժողովրդավարական բաներ են անում: Բայց հպարտ եմ, որ ժողովուրդը ազատ է: Չի ճնշվում, ազատ արտահայտում է իր պահանջները: Մտնում է դատավորը, մարդիկ ոտքի չեն կանգնում` ասելով, որ հարգում են դատարանը եւ օրենքը, բայց եթե դատավորը օրենք է խախտում, ուրեմն իրենք չեն կանգնի այդ դատավորի առջեւ: Այսպիսի գեղեցիկ բաներ են տեղի ունենում: Ժողովուրդը այլեւս չի վախենում:

Այսինքն՝ երբ ազգը պատրաստ է նվիրելու իրեն, իր զավակին, երբ պատրաստ է պայքարելու հանուն հայրենիքի բարձրագույն արժեքների, երկիրը կվերականգնվի: Համոզված եմ:

- Ժողովուրդն այսօր պայքարում է ոչ միայն իր սահմանադրական իրավունքների վերականգնման համար, այլեւ վերջին տասը տարում երկրում հաստատված այլ բարքերի դեմ: Դուք ժամանակ առ ժամանակ այստեղ եք եղել: Ինչպե՞ս եք գնահատում այդ տարիները:

- Ղեկավարները, որ իշխեցին վերջին տասը տարում եւ շարունակում են իշխել, ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունեն, օրենքի հարգը չգիտեն: Սովետական համակարգին են վարժված եւ կարծում են, թե միայն ուժն է գործում: Ամեն ինչ բոլոր ոլորտներում հիմնված է կաշառակերության, սպառնալիքի, շանտաժի վրա: Համակարգը փտախտով է հիվանդ, որի իրողության մեջ ապրում է հայ հասարակությունը: Ժողովրդավարություն չկա, խորհրդարան չկա: Բոլորը, ինչպես ասում են, մանկլավիկ են խորհրդարանում: Ոչ մի ժողովրդավարական երկրում չկա այդպիսի բան, որ պատգամավորը կարողանա խառնել իր բիզնեսը երկրի քաղաքականության հետ: Բոլորը ձգտում են դառնալ պատգամավոր, որպեսզի ապահովեն իրենց անձեռնմխելիությունը՝ խուսափելու համար պատասխանատվությունից: Եվ օրենքը գործում է նայած ում համար: Այսինքն` սա ֆաշիզմի մի ավելի ուրիշ` խորամանկ դրսեւորում է: Եվ երբ Եվրոպայից գալիս են, սրանք ցույց են տալիս օրենքները՝ տեսեք ինչ օրենքներ ունենք: Ինչպես Աբդուլ Համիդն էր Եվրոպային ցույց տալիս, թե ազգային փոքրամասնությունները իր երկրում պաշտպանված են, մինչդեռ նրանց ջարդում էր: Հիմա սրանք են` ամեն հարցի պատասխանն ունեն. ժողովրդավարական հիմքեր կան, Սահմանադրություն կա, բայց ամեն վայրկյան խախտում են: Իրականում հայ ժողովուրդն ապրում է բռնապետության մեջ: Սակայն, բարեբախտաբար, քաղաքացիական հասարակությունը ծնունդ է ապրում: Ժողովուրդը, առանց վախի, շղթաները ջարդել է եւ ուզում է երկրում վերահաստատել ժողովրդավարությունն ու արդարությունը:

- Դուք ապրում եք Ֆրանսիայում, մի երկրում, որը հայտնի է որպես ժողովրդավարության օրրաններից մեկը: Ո՞րն է ժողովրդավարության գլխավոր նախապայմանը:

- Օրենքի գերակայությունը: Կարծում եմ, որ գլխավորը տեղի է ունեցել. ազգային ոգու վերազարթոնքը: Հիմա ո՞րն է ժողովրդի պահանջը. որ լինեն նոր, ազատ-թափանցիկ ընտրություններ: Ինչպես Քոչարյանը ասաց Ազատության հրապարակի ժողովրդի մասին` պիտի մաքրվեն: Հիմա` իրենք պիտի մաքրվեն:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում առաջին նախագահի վերադարձը:

- Նախ` այդ փաստին հավանություն է տալիս ժողովուրդը: Իսկ ինձ համար իմ ժողովրդի ընտրությունը ամենակարեւորն է: Իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ունեցել է սխալներ: Սակայն տեսնելով, թե իր ժողովուրդը ինչ ձեռքերի մեջ է, ինչ պայմաններում է ապրում, երկիրը ինչ վիճակում է` թե արտաքին եւ թե ներքին խնդիրների առումով, ինչ վիճակում են սոցիալական, առողջապահական, կրթական եւ մյուս ոլորտները, այսինքն՝ տեսնելով, որ երկիրը եւ ժողովուրդը գնում են դեպի կործանում, դեպի ցեղասպանություն, վերադարձավ: Համոզված եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր փորձառությունն օգտագործելով եւ իր սխալները աչքի առաջ ունենալով, երկիրը ոտքի կկանգնեցնի: Պետք է վերացնել արատավոր երեւույթները` կաշառակերությունը, դրամաշորթությունը, ամենատարբեր չարաշահումները: Երկրի ողնաշարը օրենքն է: Պետք է կառավարման ամբողջ կազմը` վերից վար, բոլոր դատավորները, որ տասը տարի կերել են այդ պղտորված հացը, փոխվեն:

Երկրորդ խնդիրը հարկային ճիշտ քաղաքականությունն է, երրորդը` գյուղացին է: 19-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա Դիդրոն ասել է, որ ազգի քաղաքացին գյուղացին է, հողատերը: Ֆրանսիայի հարստությունը հիմնված է գյուղացիական աշխատանքի վրա: Այն մարդը, որ հողի տերն է, այն պաշտպանում է արյան գնով: Հողը պաշտպանողը, ազգը պաշտպանողը բանվոր-գյուղացին է: Երկիրը ունի բոլոր միջոցները: Ունի արեւը, ունի հողը, ունի ջուրը: Եվ ունի մարդը: Հայաստանի գյուղն ունի այնպիսի մարդիկ, որոնք տրված են հողին, զոհողություններ են անում, բայց այս տասը տարվա մեջ սնանկացան այս իշխանության պատճառով: Տեսեք, թե հիմա ինչ է կատարվում: Սկսվում է ոռոգման շրջանը ու գյուղացուն ջուր է հարկավոր: Սակայն նույն գյուղացին, որ տանը սնունդ չունի, որ միջոց չունի իր զավակների առողջապահական, կրթական խնդիրները հոգալու համար, պարտադրված է նախապես ոռոգման ջրի վարձը վճարել: Եվ եթե ոռոգման ջուր չտան գյուղացուն, վերջինս կլքի հողը: Եվ ո՞վ կգա նրա հետեւից. մուկերը: Կգան, կհավաքեն այս հողերը: Սա քաղաքական ծրագիր է. գյուղացուն ճորտացնելու ծրագիր: Գյուղացին նստել է գանձի վրա, սակայն քանի որ կազմակերպական քաղաքականություն չկա` գյուղացուն թողել են առանց գործիքի, առանց տեխնիկայի, պարարտանյութի, խորհրդի եւ ասում են` հող ունես, գնա ապրիր: Անելանելիությունը մարդկանց հարկադրում է լքել հայրենիքը: Գյուղատնտեսության նախարարը, որը ՀՅԴ անդամ է, երբեք ազգային քաղաքականություն չի ունեցել: Նույնպես եւ` առողջապահության ու կրթության նախարարները, որոնք դաշնակցական են: Ոչինչ չի արվել ոչ մի ոլորտում մարդու վիճակը բարելավելու համար:

- Մի խումբ սփյուռքահայեր նամակով դիմեցին հայ ժողովրդին, թե միտինգները դադարեցրեք, խարխլում եք պետականության հիմքերը եւ այլն: Ինչպե՞ս եք վերաբերվում նման կոչերին:

- Սովետական համակարգի փլուզումից հետո սփյուռքահայերը չհասկանալով, թե մեր ժողովուրդը որտեղից է գալիս եւ ուր է ուզում գնալ, հայրենիք եկան իրենց էմոցիաներով: Չհասկացան, թե սովետական համակարգը ինչ էր եւ փլուզումը ինչ հետեւանքներ ունեցավ: Այսօր սփյուռքահայը գալիս, նստում է Օպերայի սրճարաններում, համերգների գնում եւ ասում` ինչ լավն է մեր հայրենիքը, ժողովուրդը լավ է ապրում: Խորամանկ նախարարները բռնում են օդակայանից, տանում Մատենադարան, Սեւան: Սրանք էլ` սիգ կուտեն, կըսեն՝ իշխան կերանք: Կերթան Խոր Վիրապ` աղոթք կանեն, հետո կերթան, կուլան` Էջմիածին, վերջին արցունքը կթափեն ու կդառնան օդակայան: Դժբախտաբար, Սփյուռքում թերթերը, ռադիոկայանները մեծ մասամբ դաշնակցության իշխանության տակ են: Տասը տարիների ընթացքում դաշնակցությունը աչքերը փակել է եւ մասնակցում է այս կաշառակերությանը, այս ցեղասպանությանը: Իսկ Սփյուռքի մամուլը չի տեղեկացնում հայրենիքում կատարվող իրադարձությունների մասին: Հիմա դաշնակները, որ նորից իշխանության կազմում են, պիտի շարունակեն իրենց անամոթ քաղաքականությունը, ազգային թշնամական գործունեությունը եւ պարզ է, պիտի շարունակեն այն կեղծ տեղեկատվությունը, թե Հայաստանը լավ հունի մեջ է: Սա է պատճառը, որ սփյուռքահայությունը որոշ չափով հակադարձ եղավ ազգին` չհասկանալով:

- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ զարգացումներ կլինեն:

- Շարժումը, որը թափ էր առնում մինչեւ փետրվարի 20-ը եւ իր գագաթնակետին հասավ մարտի 1-ին, մեծ ձեռքբերումներ ամրագրեց: Ժողովուրդն այլեւս թոթափել է վախը:

Եվ սա այն ժողովուրդն է, որը տասը տարի ապրում էր գործող վարչախմբի հաստատած ռեժիմի պայմաններում: Ֆաշիստական ռեժիմի, որն, ի դեպ, դեռեւս շարունակվում է նույն ոճով: Այս ղեկավարները եւ իշխանամետ կուսակցությունները տասը տարի բազմաթիվ հանցագործություններ են արել ժողովրդի նկատմամբ, անգամ պետական ունեցվածքն են թալանել, միջազգային վարկային միջոցներն են գողացել, որոնք տրամադրված էին ազգային ծրագրերի իրագործման համար: Եվ միանշանակ է, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է: Նա ոտքի է կանգնել իր երկիրը կործանումից փրկելու համար: Ընտրել է իր առաջնորդին եւ չի կանգնում խոչընդոտների առջեւ: Սա է կարեւորը: Այն ժողովուրդը, որը չի վախենում, չի ընկրկում, հաղթանակում է:

Ես կասկած չունեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պիտի իր շուրջը հավաքի առողջ ուժերի` ժողովրդի հույսերն ու սպասումները արդարացնելու համար: Ես, այսպես ասած, տերպետրոսյանական չեմ: Իմ կուսակցությունը պետությունն է: Այսօր Հայաստանում ժողովուրդն է դրության տերը: Ես տեսնում եմ, որ Շարժումը շարունակվում է: Ուրեմն` ելքը վճռված է:

Արխիվ
Վերլուծական

Մտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն

1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական...

Քաղաքական

Հերթական անակնկալը

Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր:

Աշխարհ

Եվ դարձյալ հայ-թուրքական թեմայով

Սեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.