“Zhamanak” Armenian-American Political Daily

Ըստ Janes-ի` շարունակական մարտահրավերներ

11:27 Yerevan | 7:27 GMT | Friday 16 May 2008

Էմմա Գաբրիելյան

Janes հեղինակավոր հետազոտական կենտրոնի փորձագետները, ովքեր պարբերաբար զեկույցներ են հրապարակում աշխարհի տարբեր երկրներում առկա հակամարտությունների վերաբերյալ, վերլուծելով իրավիճակը Հայաստանում եւ Ադրբեջանում, նաեւ արտաքին գործոնների ազդեցությունը, եկել են այն եզրակացության, որ ղարաբաղյան հակամարտության թեժացման ռիսկերն աճում են:

«Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին իրադրությունը եւ արտաքին գործոնները, ազդելով Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության վրա, սկսել են մեծացնել ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդքան բարձր գնահատվող կայունությունը վերածվում է լճացման` զարգացմանը նպաստելու փոխարեն», - նշվել է Janes-ի զեկույցում եւ որպես դրա վկայություն է բերվել մարտի 4-ին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում արձանագրված զինադադարի խախտումը:

Հակամարտության վերսկսման ռիսկերի մեծացմանը նպաստող ներքին գործոնների թվում վերլուծաբանները մատնանշել են թե Հայաստանում եւ թե Ադրբեջանում գոյություն ունեցող կառավարման` «կիսաավտորիտար» համակարգերը: Գալով Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին` Janes-ի փորձագետները փաստել են. «Բանակի ազդեցությունը նոր նախագահին թույլ կտա վերահսկել իրավիճակը երկրում, սակայն ետընտրական բողոքի ակցիաների ճնշմանը հաջորդած տարաձայնությունների խորացումը հայաստանյան հասարակության ներսում շարունակական մարտահրավեր կհանդիսանա Սարգսյանի համար»: Ըստ Janes-ի վերլուծաբանների` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա կազդեն նաեւ Ադրբեջանում հոկտեմբերին նախատեսված նախագահական ընտրությունները. «Թեեւ այս ընտրությունները դժվար թե ավելի ժողովրդավարական լինեն, քան նախորդները, բայց հասարակության ըմբոստացման ռիսկը ցածր է: Հասարակության մեջ վաղուց հիասթափություն կա ընտրական գործընթացի նկատմամբ»: Janes-ի փորձագետների դիտարկումների համաձայն` ԼՂ հակամարտության վերսկսման քաղաքական հիմնական ռիսկերից մեկը այն է, որ ուշադրություն շեղելու նպատակով եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի իշխանությունները զարկ են տալու ազգային գաղափարների քարոզչությանն ու ռազմատենչ հռետորաբանությանը: Քննարկելով երեք սցենար` ԼՂ կարգավիճակի հարցի լուծումը, ստատուս քվոյի պահպանումը եւ Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը, Janes-ի փորձագետները առավել հավանական են համարել դրանցից երկրորդը: Փորձագետները պարզաբանել են. «Եթե ստատուս քվոյի պահպանումը ավելի փոքր ռիսկեր է պարունակում կարճաժամկետ հեռանկարի համար, այդ ռազմավարությունը պոտենցիալ բարձր ռիսկեր է պարունակում ապագայի համար` նպաստելով սպառազինությունների մրցավազքին, արգելակելով տնտեսական եւ քաղաքական բարեփոխումները եւ խոչընդոտելով ինտեգրումը եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին»:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.