|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Արամ Կարապետյանը առողջական լուրջ խնդիրներ ունի11:23 Yerevan | 7:23 GMT | Friday 16 May 2008Մարինա Բաղդագյուլյան ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դոցենտ, Էրեբունի բժշկական կենտրոնի թերապեւտիկ կլինիկայի սրտաբան Արմեն Գասպարյանը մայիսի 14-ին ժամը 11-ին կանչվել է զննելու Արամ Կարապետյանին: «Հենց առաջին պահին, մինչեւ հիվանդի հետ զրուցելը, միանգամից պարզ էր, որ գործ ունեմ սրտանոթային բարձր ռիսկի պայմաններում գտնվող հիվանդի հետ: Նախ իրականացրինք էլեկտրասրտագրություն, որի վրա հայտնաբերեցինք սրտի միջնապատի սնուցման խանգարում, ինչը 44 տարեկան տղամարդու համար շատ վտանգավոր է: Նաեւ` սրտի սնուցման խանգարում ետին պատին: Մի քանի շաբաթվա ընթացքում եղել է քաշի կորուստ` մոտ 6.5 կգ, ինչը վկայում է նյութափոխանակության խանգարման մասին: Սա շատ վտանգավոր է հատկապես զարկերակային հիպերտոնիա ունեցող հիվանդների համար, իսկ պարոն Կարապետյանի մոտ արձանագրեցի բարձր թվերի զարկերակային հիպերտոնիա, ինչը ապացուցվում է նաեւ էլեկտրասրտագրությամբ: Այս ախտանիշերը սրտանոթային մահացությունների հիմնական պատճառներն են: Բացի այդ, հիվանդն ընկճված էր, դեմքը` գունատ, ձեռքերը սառն էին: Այսօր դեմքի գունատությունը վերածվել է հողագույնի: Որպես մասնագետ խորհուրդ եմ տալիս մասնագիտացված սրտաբանական կենտրոնում անհապաղ հետազոտություն իրականացնել, որոշել սրտանոթային ռիսկի չափը, ըստ դրա` հետագա միջոցառումները կազմակերպել»: «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում դեղորայքային բուժում էր ստանում: Սրտաբան Ա.Գասպարյանը պարզել է, որ այդ դեղերը հիվանդի ճնշումը չէին կարգավորել, ընդհակառակը, երկու անգամ կրիզ է տարել, առաջինը` վեց օր առաջ, երկրորդը` երեկ: «Ցանկացած կրիզի, ճնշման բարձրացման ժամանակ կարող է սրտանոթային մահացություն լինել: Մենք պիտի իրականացնենք սրտաբանական բարդ հետազոտություններ, ինչը հնարավոր է որեւէ մասնագիտացված կենտրոնում: Սրտաբանները պետք է անհապաղ իրենց կարծիքը հայտնեն կոնսիլիումի տեսքով եւ որոշեն, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկել: Հապաղել, սպասել, թե դեղերը կօգնեն կամ հիվանդը ինքն իրեն կվերականգնվի` անթույլատրելի սխալ է, եւ որպես բժիշկ` ես չեմ կարող այդ մոտեցումն ընդունել: Ներկայումս հիվանդը չպետք է գտնվի ոչ ստացիոնար պայմաններում, նա պետք է հսկողության տակ լինի, 24 ժամվա ընթացքում էլեկտրասրտագրի պատկերը պետք է բժիշկների առջեւ լինի եւ համապատասխան եզրակացություններ արվեն»: Հ1-ի լրագրողին ամենահուզող հարցն այն էր, թե ո՞վ է որոշել, ու՞մ ընտրությամբ է հենց Ա.Գասպարյանը զննել հիվանդին: Սրտաբանը պատասխանեց, որ կարող էր լինել ցանկացած ուրիշ սրտաբան, պարզապես այնպես է ստացվել, որ հիվանդի հարազատների (բնականաբար, քրեակատարողական հիմնարկը չէր կարող մտահոգ եւ սրտացավ գտնվել) ընտրությունն իր վրա է կանգ առել: Արամ Կարապետյանի առողջական վիճակի համար պատասխանատու են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները: Ի դեպ, նույն հիմնարկի բժշկի` թերապեւտի ու սրտաբան Արմեն Գասպարյանի ախտորոշումները չեն համընկնում: Այսինքն` թերապեւտը գտնում է, որ ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ, կարելի է դիմանալ: Ա.Գասպարյանը պնդում է, որ կարող են հրավիրել մեկ ուրիշ` երկրորդ բժշկի, միայն թե կարեւոր է, որ վերջինս ոչ թե թերապեւտ, այլ հենց սրտաբան լինի եւ համոզված է, որ այս դեպքում, ով էլ լինի երկրորդ սրտաբանը, ախտորոշման տարբերություններ չեն լինի. թե չէ ու՞ր մնաց Հիպոկրատի երդումը: Բժիշկը զարմացած է` պարզելով, որ խափանման միջոցը փոխելու մասին որպես միջնորդություն ներկայացված փաստաթղթում ներառված չէ բժշկական եզրակացության այն հատվածը, որտեղ ինքը պահանջում է հիվանդին տեղափոխել մասնագիտացված սրտաբանական կենտրոն: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |