|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հարավային Կովկասում` ամերիկյան ռադարներ11:21 Yerevan | 7:21 GMT | Friday 16 May 2008 Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Վրաստանում ԱՄՆ-ն կարող է տեղակայել X դիապազոնի բարձրորակ ռադար: Վրաստանի ռազմական գերատեսչությունը հրաժարվում է այդ տեղեկատվությունը մեկնաբանել, սակայն տեղի փորձագետները չեն բացառում Հարավային Կովկասում ամերիկյան հակահրթիռային համակարգերի ի հայտ գալը: Վրաստանում եւ Թուրքիայում X դիապազոնի բարձրորակ ռադարների տեղակայման Պենտագոնի ցանկության մասին մեկ անգամ չէ, որ խոսել է ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգերի գործակալության նախկին ղեկավար գեներալ Հենրի Օբերինգը: Մասնավորապես` մեկ տարի առաջ ոչ մեծ բարդություններ են ծագել Վաշինգտոնի եւ Պրահայի միջեւ բանակցություններում, որոնք վերաբերում էին Չեխիայի տարածքում ռադարի տեղակայմանը: Այդ ժամանակ գեներալը հայտարարեց նաեւ Վրաստանում նույնօրինակ ռադարների տեղադրման հավանականության մասին: Թեպետ Վրաստանում այդ ժամանակ հաստատեցին, որ այդ թեմայի շուրջ ոչ ոք բանակցություններ չի վարել: Իսկ այժմ այդ հնարավորությունների մասին տեղեկացնում է Reuters-ը: Կասպյան հաշտեցում Անդրկասպյան գազամուղի կառուցումը ռազմավարական նշանակություն ունի նախեւառաջ Կենտրոնական Ասիայի համար: Հարցի շրջանակներում ընթացիկ տարվա մայիսի 19-20-ը Ադրբեջան պաշտոնական այց կկատարի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Ենթադրվում է, որ նրա Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման, այդ թվում` Թուրքմենստան-Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա գազամուղի շինարարությանն առնչվող հարցեր: Աշգաբադում, ինչպես եւ Բաքվում այս այցին հսկայական նշանակություն են տալիս: Հարցի էությունն այն է, որ Սապարմուրադ Նիյազովի կառավարման օրոք երկու երկրների հարաբերությունները սառեցված էին` Կասպյան կարգավիճակի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով: Կար տարաձայնություն նաեւ «Քյափազ» նավթային հանքավայրի շուրջ, որի պաշարը գնահատվում է 80 միլիոն տոննա նավթ եւ 32 միլիարդ խորանարդ մետր գազ: Թուրքմենստանի վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ փոխվեց Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի իշխանության գալով: Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը իր հերթին հաստատել է, որ երկու պետությունների միջեւ առկա վիճահարույց հարցերը կկարգավորվեն: Ադրբեջանցի նախարարի խոսքով` կողմերը կարող են դիտարկել նավթագազամուղների ծայրակցումը, որի երկարությունը կազմում է 60 կմ: Նախագծի իրականացումը Թուրքմենստանին հնարավորություն կտա գազ արտահանել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա երթուղով` Եվրոպա ելքով: Դիտարկվում է նաեւ երկու երկրների ստորջրյա մալուխի միացման հարցը, ինչը պակաս կարեւոր չէ` երկուստեք էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու առումով:
Լիբանանը ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պատերազմի նախօրինակն է Հըզբոլլահը խոստանում է վերադարձնել Լիբանանը բնականոն հուն այն իրողությունից հետո, երբ Ֆուադ աս Սինյորայի կառավարությունը որոշում ընդունեց ավելի վաղ ընդունած երկու օրենքները չեղյալ համարելու մասին: Ի դեպ, իրավիճակի նորմալացման մասին խոսելը վաղ է: Լիբանանի կառավարության կողմնակիցների եւ Հըզբոլլահի շուրջ մեկ շաբաթ տեւած առճակատումը, որի հետեւանքով 84 մարդ զոհվեց, վերլուծաբանների մոտ զգուշավորություն է առաջացնում, որ այս գործողություններին կհաջորդի տարածաշրջանային խոշորամասշտաբ Ճգնաժամ` Իրանի մասնակցությամբ: Հըզբոլլահի ռազմական հերթական հաղթանակները` Սիրիայի եւ Իրանի աջակցությամբ, շատերի կողմից ընդունվում է իբրեւ տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի շահերի դեմ Իրանի հարձակում: «Տարածաշրջանային մակարդակում դա ահռելի նշանակություն ունի: Դա համարժեք է Էր Ռիադի վրա Իրանի հարձակմանը», - ասել է Լոնդոնում Արքայական ինստիտուտի մերձավորարեւելյան հարաբերությունների բաժանմունքի ղեկավար Նադիմ Շեհադին: Նրա խոսքով` կան ճգնաժամի ելքի հնարավոր ուղիներ. առաջին` Արաբական պետությունների լիգայի պատվիրակությունը կարող է հասնել հակամարտող ուժերի փոխհամաձայնությանը, երկրորդ` կսկսվի քաղաքացիական պատերազմ, երրորդ` ներքին զարգացումները կվերաճեն համընդհանուր առճակատման` ԱՄՆ-ի եւ Իրանի մասնակցությամբ:
ՄԱԿ-ի բարեփոխումների օգտին Բրազիլիայի նախագահ Լուլու դա Սիլվան եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արտահայտվել են ՄԱԿ-ի բարեփոխումների օգտին: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անհրաժեշտ է այնպես բարեփոխել, որ դառնա ավելի ներկայացուցչական», - Բրազիլիայի մայրաքաղաքում հայտարարել է Մերկելը: Նրա խոսքով` անհրաժեշտ է բարձրացնել ՄԱԿ-ի եւ նրա` Անվտանգության խորհրդի հեղինակությունը եւ վարկանիշը, քանի որ «չկա մեկ այլ միջազգային ինստիտուտ` կոնֆլիկտային իրավիճակները կարգավորելու համար»: Նրան համակարծիք է Լուիս Ինասիո Լուլու դա Սիլվան: Նրա կարծիքով` ՄԱԿ-ը բարոյապես մաշվել է: Բրազիլիայի եւ Գերմանիայի ղեկավարների կարծիքով` իրենց երկրները արդեն վաղուց պետք է լինեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ: Նրանք հաստատել են, որ մտադիր են համատեղ աշխատել այդ ուղղությամբ, ինչը երկար ժամանակ կխլի: Ճապոնիայի եւ Հնդկաստանի հետ համատեղ` Բրազիլիան եւ Գերմանիան կազմում են «չորս երկրների խումբը», որոնք հավակնում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամակցությանը:
Սոթբիում վաճառվեց Ֆրենսիս Բեքոնի «Տրիպտիխը» Նյու Յորքի Սոթբի աճուրդում ռեկորդային` 86, 281 միլիոն դոլարով վաճառվեց անգլիացի էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեքոնի «Տրիպտիխը»: Խոշորածավալ կտավը թվագրված է 1976 թվականով եւ կազմված է 3 հավասար տախտակադրվագներից: Դրանցից յուրաքանչյուրին հատուկ են բեքոնյան մութ, հիպերտրոֆիկ մարդկային կերպարանքները` կիսահագնված եւ կիսամերկ: «Սա Բեքոնի մասնավոր հավաքածուներում գտնվող ամենանշանակալի աշխատանքն է: 30 տարի առաջ ձեռք բերված կտավը չի փոխվել եւ համարվում է 20-րդ դարի գլուխգործոցը», - ընդգծել է Սոթբի աճուրդի ժամանակակից արվեստի բաժնի ղեկավար Թոբիաս Մեերը: Աճուրդային տարվա փորձագետները կարծիք են հայտնել, որ տվյալ ստեղծագործությունը էքսպրեսիոնիստի ստեղծագործական հանճարի պիկն է, որ ջանացել է հնարավորինս պատկերել գոյության ողբերգությունը: Մինչ այժմ Սոթբիում Բեքոնի աշխատանքների վաճառքի մի քանի ռեկորդ է սահմանվել, մեկը «Պապ Ինոկենտի 10-րդի դիմանկարն» է, որը վաճառվել է 52, 7 միլիոն դոլարով, իսկ երկու գործեր համապատասխանաբար վաճառվել են` 45, 96 եւ 42, 6 միլիոն դոլարով:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու աստղագետի հայտարարությունը Հռոմի կաթոլիկ եկեղեցու գլխավոր աստղագետը տեղեկացրել է, որ հնարավոր է համարում կյանքի գոյությունը մյուս մոլորակների վրա: Վատիկանյան թերթի իր հոդվածում Գաբրիել Ֆյունեսը գրում է, որ տիեզերքում կարող են ապրել այլ բանական արարածներ, որոնց կերտել է Աստված: Հոդվածը վերնագրված է «Այլմոլորակայիններ` եղբայրներ իմ»: Գաբրիել Ֆյունեսը ծագումով Չիլիից է եւ ղեկավարում է Վատիկանի աստղադիտարանը: Նա միջազգային ճանաչում ունեցող մասնագետ է եւ համագործակցում է աշխարհի տարբեր երկրների մասնագետների հետ: Նրա կարծիքով` այլ մոլորակում կյանք փնտրելը չի հակասում Աստծո հանդեպ ունեցած հավատին: Գաբրիել Ֆյունեսը չի բացառում, որ որոշ այլմոլորակայիններ, եթե, իհարկե, նրանք գոյություն ունեն, կարող են ազատ լինել առաջնածին մեղքից:
Ֆոբոսը չի հասնի Մարսին Մարսի արբանյակներից մեկը` Ֆոբոսը, մի քանի միլիոն տարի հետո գրավիտացիոն ուժերի ազդեցությամբ կպայթի եւ կվերածվի օղակի` Սատուռնի օղակի նման: Այս եզրահանգման է եկել Հնդկաստանի Բիհար քաղաքում գտնվող ազգային ինստիտուտի գիտնական Բիջայ Կումար Շարման: Ավելի վաղ այն կարծիքն էր տարածված, որ մոտավորապես 50 միլիոն տարի անց Ֆոբոսը կընկնի Մարսի մակերեւույթի վրա: Շարման իր հոդվածում գրում է, որ դա տեղի չի ունենա, քանի որ արբանյակը մակընթաց ուժերի ազդեցությամբ դեռ ուղեծրում կարող է պայթել: Շարմայի հաշվարկների համաձայն` Ֆոբոսը կավերվի մոտավորապես 10, 4 միլիոն տարի հետո: Այժմ արբանյակը գտնվում է Մարսից` գիտության աշխարհում այսպես կոչված Ռոշի սահմանների 1, 7 անգամ գերազանցված հեռավորության վրա: Գիտնականն առաջարկում է Ֆոբոս ուղարկել կայան, որը ռադարների միջոցով ավելի կոնկրետ սահմանի արբանյակի մոտեցման արագությունը եւ ապագա աղետի ժամանակացույցը: Միջազգային լրահոսը պատրաստեց` Գոհար Բարսամյանը |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |