“Zhamanak” Armenian-American Political Daily

Ավագ դպրոցի հայեցակարգի շուրջ

11:07 Yerevan | 7:07 GMT | Friday 16 May 2008

Գագիկ Աբգարյան

Անկախացումից ի վեր ոչ մի ոլորտ այնքան փոփոխություններ չի կրել, որքան կրթության համակարգը: Եվ ինչպես հայտնի առակում է ասվում` ինչքան շատ է փոխվում, այնքան նույնն է մնում:

Չնայած այս դեպքում պետք է խոստովանել, որ նույնը մնալը բնավ էլ չէր նշանակի` «տանը մնալ»: Ի թիվս մեզ հայտնի փոփոխությունների` դպրոցական կրթության համակարգում ԿԳ նախարարությունը պատրաստվում է ներդնել «Ավագ դպրոցի» ինստիտուտը: Հասկանալու համար, թե ինչու՞ է ներդրվում այն, պետք է մի հայացք նետել ներկայիս դպրոցի ավարտական դասարանների դասապրոցեսի վրա: Տարիներ շարունակ գոյություն ուներ, մասնագետների պնդմամբ հիմա էլ կա, մեծ խզում դպրոցական ծրագրերի եւ բուհ ընդունվելու համար պահանջվող գիտելիքների ծավալի միջեւ (թե ինչու՞ է առաջացել այս խզումը եւ ինչու՞ է այն պահպանվել մինչեւ հիմա` խոսակցության այլ թեմա է. գործին մոտ կանգնածները պնդում են, որ հենց սրանում է մեր կրթական քաղաքականության ողջ «հմայքը»): Այս խզվածությունը լրացնելու նպատակով դիմորդները ստիպված, լրացուցիչ գիտելիքներ ստանալու համար, դասերին զուգահեռ պարապում էին կրկնուսույցների մոտ: Քանի որ երեխաները հիմնական ուշադրությունը դարձնում էին քննական առարկաներին, ուստի մյուսները դուրս էին մնում տեսադաշտից: Այսպիսով, դպրոցը դարձավ ավելորդ օղակ, քանի որ շրջանավարտին այլես ոչինչ չուներ տալու` ավարտական վկայականից բացի: Վկայականն էլ վերցնելու համար ծնողները դպրոցների տնօրենների «հաշիվը» տալիս էին եւ երեխաներին ազատում ամեն օր դպրոց գնալ-գալու «գլխացավանքից»: Ինչպես ասում են` վատ օրինակը վարակիչ է: Աստիճանաբար սկսեցին դասերին չհաճախել ոչ միայն դասախոսների մոտ պարապող, այլ նաեւ չպարապող երեխաները` այսպիսով դպրոցին կանգնեցնելով դժվար վիճակի առաջ: ԿԳ նախարարության պատասխանատուների կարծիքով` այս դրությունից դուրս գալու միակ ելքը ավագ դպրոցի հիմնադրումն է. «Բարձր դասարաններում ստվերային գործընթացներ են տեղի ունենում: Երեխաները խուսափում են դպրոց գնալուց եւ նախընտրում են լրացուցիչ պարապմունքները, որովհետեւ ուսումնական պլանը չի բավարարում, այդ պլանով հնարավոր չի ընդունելության քննություն հանձնել բուհերում: Ավագ դպրոցը, հոսքային ավագ դպրոց է լինելու, իր ուսումնական պլանով, դասաժամերով կկարողանա բավարարել երեխաների պահանջները», - ասում է նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Ըստ մտահղացման` ավագ դպրոցում լինելու են տարբեր հոսքեր` հումանիտար, ճշգրիտ առարկաների եւ այլն, որտեղ երեխաները 9-րդ դասարանը ավարտելուց հետո կշարունակեն ուսումը իրենց նախասիրությունների համաձայն: Սակայն կլինեն առարկաներ, որոնք պարտադիր կլինեն բոլոր հոսքերի համար, իհարկե ոչ մեծ ժամաքանակներով: Հիմնական դասաժամերը խորացված ծրագրով կհատկացվեն տվյալ հոսքին հատուկ առարկաների խմբին: Տիկին Հովհաննիսյանի կարծիքով` բնավ պարտադիր չէ, որ «բոլոր ավագ դպրոց ավարտածները բուհ ընդունվեն: Մենք նրանց հնարավորություն ենք տալիս սովորելու նաեւ արհեստագործական դպրոցներում»: Այս տրամաբանությամբ ստացվում է հետաքրքիր պատկեր` ունենալու ենք ավագ դպրոց, ենթադրենք` հայագիտական թեքումով, ավագ դպրոց` մաթեմատիկական թեքումով, ինչպես նաեւ խառատի թեքումով, որի շրջանավարտները «պարտադիր չի, որ բուհ ընդունվեն»:

Հայեցակարգով նախատեսվում է, որ լինելու են տարբեր տեսակի դպրոցներ, սովորական` 12-ամյա կրթությամբ առանց հոսքի դպրոց, կլինեն հիմնական դպրոցներ` 1-9-ամյա եւ կգործեն 150-200-ի չափ միայն ավագ դպրոցներ: Հայեցակարգում կա այսպիսի մի ձեւակերպում` «Ավագ դպրոցներում ապահովել կրթական բարձր որակ»: Թե ինչու՞ են որոշել ոչ ավագ դպրոցում «կրթական բարձր որակ չապահովել», դժվար է ասել, բայց տրամաբանական հարց է առաջանում` ինչպե՞ս են անելու մի բան, որ չի ստացվում մինչեւ հիմա: Այս հարցին վարչության պետը պատասխանեց. «Եթե երեխան անգամ դպրոց է գնում, նա այնտեղ մեխանիկորեն է նստած, որովհետեւ նրան հետաքրքրում են միայն իր լրացուցիչ պարապմունքները: Իսկ եթե երեխային բերում ենք հոսքային ուսուցման, եւ երեխան պարապում է այն առարկաները, որոնք իրեն պետք են, ապա այստեղ կարող ենք ակնկալել կրթական որակ: Սրան պետք է աջակցի նաեւ քննության նոր ձեւը»: Քանի որ խիստ կասկածելի է, թե այսօրվա ուսուցչական կազմի միջոցով կարելի է քիչ թե շատ լուրջ խնդիրներ լուծել, ուստի խնդրեցինք մեկնաբանել` ի՞նչ ձեւով է հայեցակարգում լուծվում կադրերի խնդիրը: «Այսօր կադրերի հարցը հիմնախնդիր է: Հարցը լուծելու համար պատրաստվում է ուսուցիչների ատեստացիա, ինչը կօգնի ընտրելու լավագույններին: Պետական քննություններ են անցկացվում եւ դրանց արդյունքներով որակավորվելու է ուսուցիչը: Եթե նրա աշակերտները չեն կարողանում քննություններ հանձնել, ուրեմն ուսուցիչն այնտեղ անելիք չունի»: Նկատենք, որ ավագ դպրոցը ֆինանսավորվելու է սովորական դպրոցից տարբերվող մի այլ բանաձեւով: Տիկին Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ բանաձեւն առայժմ գտնված չի, բայց որոնման փուլում է: Թե ի՞նչ են մտածում հայեցակարգի մասին նախարարությունից դուրս` դպրոցներում, փորձեցինք պարզել լինելով տեղում:

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի կրթօջախը հանրապետության այն 30 դպրոցներից է, որտեղ պետք է փորձնական կարգով ներդրվի հիշյալ համակարգը: Մեզ հետ հանդիպման ժամանակ տնօրեն Աննա Վեզիրյանն ասաց, որ հայեցակարգից տեղյակ է, եւ օրերս նախարարության աշխատակիցներն աշխատանքային հանդիպում են անցկացրել իրենց հետ: Նրան ուղղված մեր առաջին հարցը վերաբերում էր կադրերին` ձեր դպրոցի ուսուցիչները որքանո՞վ են պատրաստ իրենց ուսերին վերցնել ավագ դպրոցի ծանրությունը: «Ծրագրի համաձայն` նրանք պետք է վերապատրաստում անցնեն»: Տարիներ շարունակ աշակերտի միջին առաջադիմություն ապահոված ուսուցիչը կարո՞ղ է վերապատրաստման մի երկու «կուրս ընդունել» ու կրկնուսույց-դասախոսների հետ ոտք մեկնել: «Ուսուցիչներն այլընտրանք չունեն, պետք է աշխատեն իրենց վրա: Հակառակ դեպքում դուրս կմնան»: Հայեցակարգը չի նախատեսում դուրս մնացող ուսուցիչ: «Ես չգիտեմ` ինչ ասեմ: Ինձ ասացին, որ դպրոցները համալրվելու են լավագույն կադրերով»: Ի՞նչ են անելու տարրական դասարանների ձեր ուսուցիչները, երբ երեխաները կգնան կողքի, հարեւան գյուղերի դպրոցները: Տնօրենն ասաց, որ նախարարության աշխատողներն իրենց առաջ նման հարց չեն դրել. «Մենք լինելու ենք համալիր: Ունենալու ենք եւ տարրական դասարաններ, եւ ավագ դպրոց: Առանց որեւէ հարկադրանքի որեւէ մեկի նկատմամբ: Ծնողներն էլ չեն համաձայնի իրենց առաջին դասարանի երեխաներին ուղարկել հարեւան գյուղեր»: Շրջակա գյուղերից մեկի դպրոցի տնօրենը, ով չցանկացավ ներկայանալ, ծրագիրը համարեց աբսուրդ. «Երեւան քաղաքում միգուցե հնարավոր է նման ինչ-որ բան իրականացնել, բայց ոչ գյուղերում»: Նրա պնդմամբ` դպրոցների ֆինանսավորման աշակերտ-թիվ համակարգը կխանգարի դրան. «Եթե իմ դպրոցից 30-40 աշակերտ դուրս գա, գնա ավագ դպրոց, ուրեմն ես ուսուցիչ չեմ կարողանա պահել, ստիպված կլինեմ մյուս դասարաններն էլ փակել»: Նրա կարծիքով` խնդիր է նաեւ կադրերի հարցը. «Վերապատրաստումով բան դուրս չի գա, ոչ էլ ատեստացիայի միջոցով կարելի է ազատվել վատ ուսուցչից: Իսկ լավ ուսուցիչը փողոցում կանգնած չի, որ երբ ուզենաս բերես դպրոց»: Նրա կարծիքով` այս ծրագիրը հնարավոր է իրականացնել միայն շատ փող ներդնելու դեպքում. «Դպրոցի այսօրվա ֆինանսավորմամբ հնարավոր չի արդյունքի հասնել: Պարապող ուսուցիչը պետք է նյութական շահագրգռություն ունենա, որ տանը աշխատելու փոխարեն իր հմտությունները ներդնի դպրոցում, իսկ աշխատանքից հետո հանգստանա ու զբաղվի ինքնակատարելագործմամբ», - եզրափակեց նա:

Արխիվ
Վերլուծական

Մտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն

1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական...

Քաղաքական

Հերթական անակնկալը

Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր:

Աշխարհ

Եվ դարձյալ հայ-թուրքական թեմայով

Սեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.