|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Աշխարհ12:12 Yerevan | 8:12 GMT | Thursday 15 May 2008 Գաբրիել Գարսիա Մարկեսի նոր վեպը Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը, ով մի քանի տարի առաջ հայտարարել էր իր ստեղծագործական գործունեության ավարտի մասին, նոր վեպ է գրել: Այժմ անվանի գրողը արդեն հինգերորդ անգամ խմբագրում-ճշգրտում է տեքստը: Այդ մասին «The Guardian»-ին տեղեկացրել է լրագրող եւ Մարկեսի մտերիմ ընկեր Դարիո Արիսմենդին: 250 էջանոց ստեղծագործությունը դեռեւս վերնագիր չունի, եւ հայտնի չէ անգամ, թե երբ կհրապարակվի: Ընթերցողին Գաբրիել Գարսիա Մարկեսի անունը ծանոթ է «Հարյուր տարվա մենություն» վեպից, որի համար 1982 թվականին Նոբելյան մրցանակ ստացավ: Գրողի վերջին վեպը` «Հիշելով իմ տխուր թեթեւաբարո կանանց» վերնագրի ներքո, հրապարակվել է 2004 թվականին: 2006-ին Մարկեսը հայտարարեց, որ «տող անգամ այլեւս չի գրի»: 1989 թվականին բժիշկները նրա թոքերում ուռուցք հայտնաբերեցին, ինչը ծխելու հանդեպ ունեցած իր մոլի կրքի հետեւանք էր. օրական ծխում էր 3 տուփ ծխախոտ: 1992 թվականին վիրահատվելուց հետո հիվանդությունը կանխարգելվեց, սակայն 1999 թվականին բժշկական հետազոտությունը ուռուցքի նոր դրսեւորում` լիմֆոմ հայտնաբերեց նրա մոտ: Այդուհետ նա երկու դժվարին վիրահատություն տարավ Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում եւ երկար բուժում ստացավ: Սակայն դա չխանգարեց Մարկեսին զբաղվելու քաղաքական գործունեությամբ. նա Ալվարո Ուրիբեի կառավարության եւ ապստամբների` Ազգային-ազատագրական բանակի ներկայացուցիչների միջեւ միջնորդ էր: «Հիշելով իմ տխուր թեթեւաբարո կանանց» վեպը պատմում է ծերունու մասին, որ կամենում է նշել իր 90-ամյակը` կենակցելով 14-ամյա օրիորդի հետ: Սակայն` միանգամայն անսպասելիորեն սիրահարվում է նրան: Երկու տարի անց` 2006 թվականին, գրողը իսպանական` «La Vanguardia» հրատարակությանն ասել էր, թե չի շարունակելու ստեղծագործել, մասնավորապես` ընթերցողները չեն տեսնի իր հուշագրությունների երկրորդ հատորը (առաջինը` «Ապրել` որպեսզի պատմել կյանքի մասին» վերնագրի ներքո, լույս ընծայվեց 2001 թվականին եւ դարձավ իսպանալեզու աշխարհի բեստսելլերը):
Աշխարհում նոր համընդհանուր ճգնաժամ է առաջանում` ջրի պակասը Ջրի համընդհանուր ճգնաժամը շոշափում է Եվրոպան, առաջին հերթին` Պորտուգալիան, Իսպանիան եւ Կիպրոսը, որտեղ ճիշտ եւ ճիշտ սկսվում է զբոսաշրջության շրջանը: Հորդանան գետի ավազանում ընթացող մերձավորարեւելյան պատերազմն անդրադառնում է Եվրոպայի վրա, իսկ Աֆրիկայի երաշտը կարող է գաղթի չտեսնված ալիք բարձրացնել: Ռուսաստանին, որն իր քաղցրահամ ջրերի պաշարով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում, եւս չի շրջանցել այդ ճգնաժամը: 1975 թվականից Եվրոպա մայրցամաքում պայքար է տարվում ջրի խնայողության համար: Անցյալ տարվա հուլիսից Եվրոպայում գործում է երկարաժամկետ ծրագիր, որը ենթադրում է խնայողություն, մաքրում եւ ջրի բազմապատիկ օգտագործում: Ռուսաստանում հիմնախնդիրը խնայողությունը չէ, այլ ջրի որակը: Հատկապես 80 տոկոս դեպքերում այդ ցուցիչը հանգեցնում է վտանգավոր համաճարակների, որոնցից են աղիքային տարանցիկ հիվանդությունները, հեպատիտ Ա-ն: Վերջին ժամանակներս զանգվածային թունավորումները ավելի հաճախակի են: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով` Ռուսաստանը մաքուր ջրի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը` Ֆինլանդիայից, Կանադայից, Նոր Զելանդիայից, Մեծ Բրիտանիայից եւ մյուս երկրներից հետո: Ռուսաստանի ամենաաղտոտված շրջաններն են Ուրալը, Արեւմտյան Սիբիրը, Ամուրը: Մոսկվայում վատթարագույն վիճակը չէ: Ջրի լուրջ խնդիր ունի նաեւ Չինաստանը:
Երկրաշարժ Չինաստանում Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն անցել է 20 հազարից: Երկրաշարժի էպիկենտրոնում ուժեղ ավերածություններ են, փլատակների տակ դեռեւս կան հազարավոր մարդիկ: Երկրաշարժը ազդել է նաեւ Օլիմպիական կրակի էստաֆետի վրա: Որոշվել է վազքի երթուղին կրճատել: Ցզյանսու նահանգից օլիմպիական կրակի տեղափոխման արարողությունը սկսվել է զոհերի հիշատակը լռության րոպեով հարգելուց հետո: Այստեղից Օլիմպիական կրակի խորհրդանիշը տեղափոխվել է Լունյան, որտեղ արարողությունը վերածվել է բարեգործական ակցիայի: Հազարավոր մարդիկ հանգանակություն են կատարել` հօգուտ երկրաշարժից տուժածների: Ի դեպ, կորած համարվող բրիտանացի զբոսաշրջիկները գտնվել են: Երեսունն էլ բարեհաջող վերադարձել են Չեն Դու քաղաք: Սակայն դեռ հայտնի չէ երեք օտարերկրացիների` երկու ամերիկացիների եւ մեկ թաիլանդահպատակի ճակատագիրը:
Իրան. միջուկային ծրագիր Եվրամիությունում Իրանի դեսպանը ծանուցել է այն մասին, որ Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Խավիեր Սոլանային ներկայացրել է առաջարկությունների նոր փաթեթ` միջազգային հիմնախնդիրները կարգավորելու համար, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրի, անվտանգության ոլորտի ընդգրկուն հարցերին: Դեսպան Ալի Ասգար Հաջին ասում է, որ Իրանը «կարեւոր խաղացող է» Մերձավոր Արեւելքում եւ ջանում է անվտանգության հետ կապված հիմնախնդիրները լուծել աշխարհի գերտերությունների հետ` ահաբեկչության եւ բռնապետության դեմ պայքարի նպատակներով: Նա նաեւ ակնարկել է էներգապաշարների պակասի մասին եւ հայտարարել, որ այդ բոլոր հարցերը կապված են Իրանի միջուկային ծրագրի հետ:
Փաստորեն չստացվեց... Առաջիկայում Նորվեգիայում դատալսում կլինի ֆրանսիացի խաբեբայի գործի առնչությամբ: Նրան հաջողվել է վիետնամցի իր ծանոթից կորզել 35 հազար դոլար: Այդ մասին տեղեկացնում է «France Presse» գործակալությունը` վկայակոչելով նորվեգական ԶԼՄ-ները: Նա գայթակղիչ առաջարկ է արել վիետնամցուն. անհրաժեշտ էր ընկղմել թղթադրամները մաքուր թղթերի հետ ինչ-որ կախարդական լուծույթի մեջ: Գիշերվա ընթացքում գումարը պետք է կրկնապատկվեր: Դեռ հայտնի չէ, թե ինչ պատկերացումներով է ղեկավարվել վիետնամցին, սակայն լսել է ֆրանսիացու խորհուրդը: Առավոտյան, իհարկե, նա գումար չի հայտնաբերել: Բարեբախտաբար, «ալքիմիկոսին» հայտնաբերել են օդակայանում, երբ նա փորձում էր լքել երկիրը: Նրա մոտ հայտնաբերել են 40 հազար դոլար:
Իսրայելը տոնում է իր պետականության 60-ամյակը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը երեկ ժամանեց Իսրայել` հրեական պետության 60-ամյակին նվիրված տոնակատարություններին եւ պաղեստինա-իսրայելական հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններին մասնակցելու համար: Բեն Գուրիոնի անվան օդակայանում նրան դիմավորեցին նախագահ Շիմոն Պերեսը, վարչապետ Էհուդ Օլմերտը, Քնեսեթի խոսնակ Դալիա Իցիկը, նախարարներ եւ պատգամավորներ: Բուշի անվտանգությունն ապահովում են 800 իսրայելցի ոստիկան եւ անվտանգության ծառայությունների գործակալ: Եվս 12 հազար ոստիկան ապահովում է Երուսաղեմի կարգուկանոնը: Երուսաղեմում ԱՄՆ նախագահը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի եւ վարչապետ Էհուդ Օլմերտի հետ կքննարկի խաղաղության գործընթացը եւ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր, իսկ այնուհետեւ ելույթ կունենա «նախագահական խորհրդաժողովում»: Թել Ավիվ ուղեւորվելուց առաջ Ջորջ Բուշը հայտարարել է, որ լավատեսությամբ է գնահատում մինչեւ տարեվերջ Իսրայելի եւ պաղեստինցիների խաղաղության համաձայնագրի հասնելու հավանականությունը, որի նպատակը պաղեստինյան պետության ստեղծումն է:
Ավստրալիա-Իրան Ավստրալիայում Քեւին Ռուդի կառավարությունը պատրաստվում է Միջազգային դատարանում հայց ներկայացնել Իրանի նախագահ Ահմադինեջադի դեմ` Հոլոքոսթը հերքելու համար: Ավստրալիան առայժմ միակ երկիրն է, որ մտադիր է Իրանի ղեկավարին հանձնել միջազգային արդարադատությանը: Անցյալ տարվա հոկտեմբերին, երբ Քեւին Ռուդը ընդդիմության առաջնորդ էր, խոստացել է հրեական համայնքին դատաքննություն նախաձեռնել Ահմադինեջադի նկատմամբ: Լեյբորիստների առաջնորդը հայտարարել է, որ պարոն Ահմադինեջադի հայտարարությունը Իսրայել պետությունը ոչնչացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ «սիոնիստների» մարդկային բնույթը կասկածի տակ դնելը պետք է վիճարկվի, քանի որ դրանք համարվում են սադրանքներ, ինչը քրեորեն պատժելի է ՄԱԿ-ի 1948 թվականի ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի համաձայն: Ավստրալիայի քաղաքական շրջաններում սա միանշանակ չի ընդունվել: Այսպես` փոխվարչապետ Ալեքսանդր Դաուները մեղադրել է Ռուդին, որ վերջինս գիտակցաբար մոլորեցնում է Ավստրալիայի հասարակությանը եւ հրեական համայնքին, այսպես ասած, «սարսափելի աճպարարությամբ», ինչը չի կարող ի կատար ածվել: Նրա կարծիքով` դա միայն կվնասի Ավստրալիայի դիվանագիտական կարգավիճակին: Միջազգային լրահոսը պատրաստեց Գոհար Բարսամյանը |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |